«Իսլամական պետության» ահաբեկիչները Թուրքիային սպառնում են տեռորիստական ակտերով
18 Սեպտեմբեր 2019 – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ:
«Իսլամական պետություն» (ԻՊ – DEAŞ) ահաբեկչական խմբավորումը հայտարարել է մոտ ժամանակներս Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին։
Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «ԻՊ»-ի աջակիցները Twitter-ում հրապարակել են Թուրքիայի տարբեր նահանգներում արված լուսանկարներ, որոնցում DEAŞ-ի զինյալները ցուցադրում են իրենց զենքներն ու ինքնաշեն ռումբերը։ Իսկ լուսանկարները մակագրվել են «Շատ շուտով» գրությամբ։
Հրապարակվել է նաև շուրջ 30 րոպե տևողությամբ ձայնագրություն, որը, ըստ պնդումների, պատկանում է DEAŞ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Վերջինս հայտնում է աշխարհի մի շարք վայրերում, այդ թվում՝ Թուրքիայում սպասվող ահաբեկչությունների մասին։ Մասնավորապես սպառնալիքներ են հնչեցվել Թուրքիայի Անկարա, Շանլըուրֆա և Մարդին նահանգների վերաբերյալ։
Նաև նշվում է, որ այդ խմբավորումն ամեն ինչ կանի՝ բանտերում պահվող DEAŞ–ականներին ազատելու համար։ Ենթադրյալ ահաբեկչական գործողությունների ժամանակացույցի մասին ոչինչ հայտնի չէ։ Եթե ձայնագրության մեջ խոսողն իսկապես Բաղդադին է, ապա սա նրա առաջին հրապարակային ելույթն է ապրիլից հետո։ Ապրիլին Բաղդադին 5 տարվա դադարից հետո քարոզչական տեսանյոււթ էր հրապարակել։
Աղբյուր` yeniakit.com.tr