Դավիթ Տոնոյան – Դա պարտություն կլինի. ինչ գին ունի հարցը Մոսկվայի եւ Բաքվի համար

Դա պարտություն կլինի. ինչ գին ունի հարցը Մոսկվայի եւ Բաքվի համար

20.09.2019 | Մեկնաբանություն – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որ չի բացառում Ադրբեջանում հայտնված Հայաստանի երկու քաղաքացիների վերադարձի դիմաց Արցախում բանտարկված ադրբեջանցի երկու դիվերսանտների հանձնումը՝ չցանկանալով դա գնահատել իբրեւ փոխանակում, արդիականացրել է դիվերսանտների հանձնման թեման, որ Հայաստանում եղել է դեռեւս 2015 թվականից:

Երկու դիվեսանտները Արցախում բանտարկված են Քարվաճառում ահաբեկություն կատարելու, մարդ սպանելու համար: Նրանք երեքն են եղել, մեկին սպանել էին խմբի որոնման եւ հայտնաբերման ընթացքում:

Դեռեւս 2015 թվականին հայկական մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ քննարկվում է դիվերսանտներին հանձնելու հարցը, Ռուսաստանի միջնորդությամբ: Այստեղ կա մի նուրբ եւ գուցե առանցքային նրբերանգ՝ դիվերսանտներից մեկը՝ Ադրբեջանի հատուկ ծառայության գնդապետ Ասքերովը, նաեւ ՌԴ քաղաքացի է: Տարիներ առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել էր, թե զբաղվում են խնդրով:

2015-ին դիվերսատների «թեման» թեժացրեց փետրվարին ռեգիոնալ այց կատարած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, որը հայտարարեց, թե դա կլինի մարդասիրական քայլ:

Հարցը աշխուժացել է նաեւ թավշյա հեղափոխությունից հետո: Նիկոլ Փաշինյանը մի քանի առիթով հայտարարել է, որ համարժեք չէ խոսել այս կամ այն դիպվածով Ադրբեջանում հայտնված խաղաղ մարդկանց մարդասպան դիվերսանտի հետ փոխելը, առավել եւս Ադրբեջանում նրանց նոր սաֆարովյան հերոսացման իրական հավանականության պարագայում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ իր նպատակը Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելն է, բայց ինքը տարանջատում է Ադրբեջանում Հայաստանի քաղաքացիներին եւ Արցախում դիվերսանտներին: Այդուհանդերձ Տոնոյանը փոխանակում չէր բացառել, ասելով իհարկե, որ այդ մասին որեւէ որոշում Արցախի ինքնիշխան իրավունքն է: Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ հանրությունը չի հասկանա ահաբեկիչներին «վերադարձնելը»:

Հարցն անշուշտ չափազանց բարդ է, որովհետեւ խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, Հայաստանի երկու քաղաքացու վերադարձի: Մյուս կողմից, «փոխանակումը»՝ ինչպես էլ դա կոչենք, որեւէ կերպ չի կարող դիտվել համարժեք: Ըստ այդմ, կստացվի, որ այն տեղի է ունեցել Ադրբեջանի պայմանով: Իսկ դա կնշանակի պարտություն, ընդ որում ոչ լոկալ մասշտաբով կամ հետեւանքով: Հետեւաբար, եթե քննարկվում է անգամ այդպիսի հարց, ապա անկասկած է, որ Հայաստանը եւ Արցախը պետք է ստանան շատ ավելին: Թե որքան, իհարկե բարդ է ասել, եւ դա կախված է այն բանից, թե ինչ արժեք կամ գին ունի Ադրբեջանի ու Ռուսաստանի համար նրանց երկքաղաքացի Ասկերովը եւ Ադրբեջանի քաղաքացի Գուլիեւը:

Ունե՞ն Հայաստանն ու Արցախը այդ հարցի պատասխանը, իր գինը եւ պայմանը սահմանելու համար, անկասկած արձանագրելով, որ չի կարող գին ունենալ Հայաստանի կամ Արցախի որեւէ քաղաքացու կյանքը:

lragir.am/2019/09/20/477448/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail