Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր (լատ.՝ Armenia Maior), հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։ Երվանդունիների համահայկական թագավորությունն անկում է ապրում մ․թ․ա․ մոտ 200 թվականին՝ սելևկյան զորքերի կողմից Հայքի նվաճումից և Երվանդ Վերջինի գահազրկումից հետո։
Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն հռչակվում է հայոց արքա՝ վերականգնելով անկախ պետականությունը։ Վերջինս միավորում է Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները (բացառությամբ Ծոփքի), ստեղծում կայուն և մարտունակ բանակ, իր հաջորդներին թողնում տնտեսապես զարգացած պետություն։ Մեծ Հայքի թագավորությունը սակայն իր հզորության գագաթնակետին է հասնում Տիգրան Բ Մեծի օրոք (մ․թ․ա․ 95-մ․թ․ա․ 55)․ Տիգրանյան նվաճումների արդյունքում ստեղծվում է Հայկական աշխարհակալությունը, որը ձգվում էր Կովկասյանլեռներից մինչև Եգիպտոս, Կասպից ծովից մինչև Արևելյան Միջերկրական։ Տիգրանը պարթևներից խլում է «արքայից արքա» տիտղոսը՝ Մեծ Հայքը դարձնելով արևելքի հզորագույն քաղաքական ուժը։ Սակայն հետագա տարիներին շարունակվող հռոմեա-պարթևական հակամարտությունն էական վնաս է հասցնում Հայկական տիրակալությունը, որն էլ անկում է ապրում մ․թ․ 1 թվականին՝ Տիգրան Դ-ի մահվանից հետո։
Արտաշեսյանների թագավորության անկումից հետո կես դարից ավելի Մեծ Հայքում հաջորդաբար իշխում են Հռոմի և Պարթևստանի դրածոները։ Արյունարբու պատերազմներից հետոշ՝ 66 թվականին, Ներոնը Հայքի արքա է ճանաչում Տրդատ Ա Արշակունուն՝ Վաղարշ Ա-ի եղբորը։ Արդյունքում՝ Մեծ Հայքում հաստատվում է Արշակունիների ժառանգական իշխանությունը։ Տրդատ Գ Մեծի կառավարման տարիներին՝ 301 թվականին, Մեծ Հայքն առաջինն աշխարհում քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն։ Հաջորդ հարյուրամյակում, այս անգամ Վռամշապուհ արքայի կառավարման տարիներին, տեղի է ունենում հերթական դարակազմիկ իրադարձությունը և 405 թվականին Մեսրոպ Մաշտոցն իրագործում է հայոց գրերի գյուտը։ Մինչ այդ սակայն՝ 387 թվականին, Մեծ Հայքը բաժանվել էր Հռոմի և Սասանյան տերության ազդեցության գոտիների, մինչդեռ Արշակունիները չէին դադարում իշխել միացյալ հայոց հողերի վրա։ Արշակ Գ-ի մահից հետո հռոմեացիները վերացնում են արևմտահայկական թագավորությունը՝ այն միացնելով Փոքր Հայքի նահանգներին, իսկ պարսկական հատվածում Արշակունիները շարունակում են իշխել մինչև 428 թվականը։