Հայոց Ցեղասպանությեան եւ Հայկական Հարցի թեմաներով 2008-18-ին թուրքիացի մտաւորականների ուսումնասիրութիւնները
2019/09/26 — ԳՐՔԵՐ – ԳՐԱԽՕՍԱԿԱՆ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Մելինէ Անումեան
Թրքագէտ, պատմական գիտութիւններու թեկնածու
2016 Յուլիսին Թուրքիայում կատարուած ռազմական յեղաշրջման փորձը եւ դրան յաջորդած արտակարգ դրութեան ռեժիմը նախորդող տասնամեակում, այդ երկրում սկսել էին առաւել մեծ թուով գրքեր հրատարակուել նախկինում թապու եղած այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Հայոց Ցեղասպանութիւնը, Հայկական Հարցը, իսլամաց(ու)ած հայերը եւ լքեալ գոյքերը: Իսկ ի՞նչն էր պատճառը, որ եթէ 1990ականների վերջ-2000ականների սկզբներին նման թեմաների մասին իրականութիւնը ներկայացնող շատ գրքեր արգելւում եւ ոչնչացւում էին Թուրքիայում[1], ինչպէս, օրինակ, գերմանաբնակ թուրք մտաւորական Քեմալ Եալչընի ստեղծագործութիւնները, Ռակըփ Զարաքոլուի հրատարակութիւնները, ապա այդ տասնամեակում Թուրքիայում հրատարակուեցին անգամ որոշ հայ գիտնականների աշխատութիւններ: Դա հիմնականում պայմանաւորուած էր Թուրքիայի` Եւրամիութեանն անդամակցելու գործընթացով, ինչպէս նաեւ այլ գործօններով: 2008ին մեկնարկած հայ-թուրքական «ֆուտբոլային դիւանագիտութեան» եւ 2009 Հոկտեմբերին Ցիւրիխում ստորագրուած արձանագրութիւններից յետոյ Թուրքիայում սկսուեց «Հայկական նախաձեռնութիւնը» (Ermeni Açılımı), որի շրջանակներում յետագայ միքանի տարում հայկական թեմատիկան համեմատաբար աւելի արդիական դարձաւ այստեղ: Նախքան բուն նիւթին անդրադառնալը`հարկ է նշել, որ յօդուածի վերնագրում «թուրք մտաւորական» բնորոշումը կիրառել ենք պայմանական կերպով, քանի որ ներկայացուած որոշ հեղինակներ ունեն նաեւ քրդական, հայկական կամ այլ ծագում:
Հակահայկական գրքեր
Այնուամենայնիւ, հարկէ արձանագրել, որ նշեալ տասնամեակում Թուրքիայում միաժամանակ շարունակուել է այս հանրապետութեան համար աւանդական դարձած` պատմութեան խեղաթիւրումը: Անդրադառնալով այդ տարիներին թուրքական պաշտօնական պատմագրութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան խեղաթիւրման փորձերին` հայ ցեղասպանագէտ Մարի Յովհաննիսեանն իրաւամբ նկատում է. «Թուրքական ժխտողական քաղաքականութեան մեթոդները թէեւ ժամանակի ընթացքում ենթարկուել են որոշակի փոփոխութիւնների, սակայն, թեզերը հիմնական բովանդակութեամբ պահպանուել են։ Դրանք արտացոլուել են թէ՛գիտութեան, թէ՛ հասարակական-քաղաքական հռետորաբանութեան եւ թէ՛մշակոյթի մէջ»[2]:
Նշեալ տասնամեակում թուրքական պաշտօնական պատմագրութիւնը Հայոց Ցեղասպանութեան ժխտման թեմաներով «գիտական» աշխատութիւնների պատրաստումն ու հրատարակումը յատկապէս աշխուժացրել էր Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի նախօրէին: Յիշեցնենք, որ 2009-2014՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմէթ Դաւութօղլուն շրջանառութեան մէջ էր դրել «Արդար Յիշողութեան» (“Adil Hafıza”) մասին դրոյթը, որն իրականում նպատակ ունէր Հայոց Ցեղասպանութեան մեծ ողբերգութիւնը հաւասարեցնել Առաջին Աշխարհամարտի տարիներին զոհուած թուրքերի ցաւի հետ:
Մեծ Եղեռնի 100ամեայ տարելիցին ընդառաջ` թուրքական կողմն աշխույժ քայլեր ձեռնարկեց նաեւ գիտական ոլորտում: Ինչպէս եւկանխատեսելի էր, գիտական ասպարէզում այս հարցում պարտաւորութիւնների հիմնական բեռն ստանձնեց թուրքական պաշտօնական պատմագրութեան եւ Հայոց Ցեղասպանութեան ժխտման մշտական խօսափող Թուրքական Պատմագիտական Ընկերութիւնը (ԹՊԸ, Türk Tarih Kurumu): Այդ աշխատանքների շրջանակներում, 2011 Նոյեմբերին թուրքական «Դեղիշիմ» հրատարակչութիւնը լոյս ընծայեց հայ-թուրքական յարաբերութիւններին նուիրուած 24 հատորանոց հանրագիտարան՝ Սաքարիայի Համալսարանի դասախօս եւ ԹՊԸի Հայկական Բաժնի պատասխանատու, դոկտոր, պրոֆեսոր Էնիս Շահինի խմբագրութեամբ, որում ընդգրկուեցին նաեւ հայ, ադրբեջանցի, ֆրանսիացի, անգլիացի, ռուս եւ ամերիկացի հեղինակների 361 «գիտական» ուսումնասիրութիւններ։ Թուրքական Սապահ օրաթերթի փոխանցմամբ` 17,000 էջիցեւ 80,000 փաստաթղթից բաղկացած սոյն հանրագիտարանը պատրաստուել է հինգ տարում[3]։
Ինչպէս միշտ, նշեալ տասնամեակում եւս Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու գործում ներգրաւուած են եղել Թուրքիայի ոչ միայն պատմաբաններ, այլեւ քաղաքական գործիչներ ու լրագրողներ, ովքեր չեն բաւարարուել հրապարակախօսական յօդուածներով, այլ այդ թեմայով հեղինակել են նաեւ «գիտական» ուսումնասիրութիւններ: Այսպէս, օրինակ, դարձեալ 2011ին Թուրքիայում լոյս է ընծայուել թուրք քաղաքական գործիչ Ուլուչ Գիւրքանի Ermeni Sorununu Anlamak (Հասկանալ Հայկական Հարցը) գիրքը, որում հեղինակը, ժխտելով Հայոց Ցեղասպանութեան փաստը, կրկնում է թուրքական պաշտօնական պատմագրութեան այն հիմնական թեզը, թէ կատարուել է «միայն տեղահանութիւն»: Գիւրքանը նաեւ հիմնուելով Դաւութօղլուի յօրինած վերոյիշեալ դրոյթի վրայ` պնդում է, թէ «բոլորն են ցաւ ապրել այդ ժամանակաշրջանում»[4]: Հեղինակը անդրադարձել է նաեւ երիտթուրքերի 1919-1921ի դատավարութիւններին նուիրուած թեմայի՝ 2015 Մարտին Ստամբուլում հրատարակուած Ermeni Katilamı Suçlaması. Yargılama ve Karar. Malta (1919-1921) (Հայկական կոտորածի մեղադրանքը. Դատավարութիւն եւ դատավճիռ: Մալթա 1919-1921)[5] գրքով: Հարկ է նշել, որ սոյն գրքի հեղինակը, որպէս Անկարայից ընտրուած պատգամաւոր, 1991-2002՝ պաշտօնավարել է նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ), որոշ ժամանակ եղել ԹԱՄԺի փոխնախագահը: Լինելով քաղաքական գործիչ եւ լրագրող, այլ ոչ թէ պատմաբան` Գիւրքանը յիշեալ գիրքը գրել է` առաւելապէս ելնելով քաղաքական շահերից եւ դրդապատճառներից: Դրանով է պայմանաւորուած նաեւ այն հանգամանքը, որ այս գիրքը գիտական առումով, յամենայնդէպս` երիտթուրքերի դատավարութիւնների խնդրի տեսանկիւնից, որեւէ նորոյթ չի պարունակում, այլ միայն կրկնում է թուրքական պաշտօնական պատմագրութեան հիմնական թեզերը հայերի տեղահանութեան եւ կոտորածների դատական գործերի վերաբերեալ:
Հակահայկական թեմաներով գրքերի հրատարակումը Թուրքիայում, ինչպէսեւ կանխատեսւում էր, աշխուժացաւ յատկապէսՀայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի նախօրեակին: 2014ին «Նոր Թուրքիա» ռազմավարական ուսումնասիրութիւնների կենտրոնը (Yeni Türkiye Stratejik Araştırma Merkezi) հրատարակեց Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտմանն ուղղուած եւ 4000 էջից ու հինգ հատորից բաղկացած ուսումնասիրութիւնների շարք, որ կրում էր «Ermeni Meselesi Özel Sayısı» (Հայկական հարցին նուիրուած յատուկ համար) վերնագիրը[6]:
2015ին Թուրքիայում 15 հոգու համահեղինակութեամբ լոյս տեսաւ Yüzüncü Yılında Ermeni Meselesi “İddialar-Yalanlar-Gerçekler” (Հայկական Հարցը 100րդ տարելիցին. պնդումներ, ստեր, ճշմարտութիւններ) վերնագրով յօդուածների ժողովածուն, որը շարունակելով թուրքական ժխտողականութեան հիմնական թեզերը` Հայկական Հարցին եւ հայ-թուրքական յարաբերութիւններին էր անդրադառնում պատմական, քաղաքական եւ ընկերաբանական դիտանկիւններից[7]:
Պատմակեղծարարութիւնն այս երկրում շարունակուեց նաեւ յետագայ տարիներին: 2017ին թուրքական «Փալէթ» Հրատարակչութիւնը Ֆերուդուն Աթայի խմբագրութեամբ տպագրեց մի քանի թուրք ”պատմաբանների” գրչին պատկանող յօդուածների ժողովածու: 1915’e Hapsedilen Tarih: Ermeni Meselesi (1915ով կաշկանդուած պատմութիւնը. Հայկական Հարցը)[8] վերնագիրը կրող սոյն գրքի առաջաբանում խմբագիր Աթան գրում է. «Առաջին Աշխարհամարտի ժամանակ, երբ Օսմանեան պետութիւնը կենաց-մահու պայքար էր մղում, հայերի մի մասը, պետութեան թշնամիների հետ համագործակցելով, անդառնալի գործողութիւններ է ձեռնարկել եւկոտորածներ իրականացրել անպաշտպան մարդկանց դէմ: Սոյն գրքում խիստ արժէքաւոր յօդուածների հեղինակ ուսումնասիրողները, սկզբնական շրջանից մինչ օրս թուրք-հայկական յարաբերութիւններին անդրադառնալով, նպատակադրուել են իրենց նպաստն ունենալ այս ոլորտում արուած ուսումնասիրութիւնների մէջ»[9]:
Հայոց ցեղասպանութեան եւ Հայկական հարցի թեմաներով իրական փաստերը ներկայացնող գրքեր տպագրած թուրքական հրատարակչութիւններ
Չնայած նշեալ տասնամեակում Հայոց Ցեղասպանութեան ու Հայկական Հարցի վերաբերեալ Թուրքիայում շարունակուող պատմակեղծարարութեանը` որոշ հրատարակչութիւնների կողմից տպագրուել են նաեւ պատմական փաստերը չաղաւաղած գրքեր: Այս առումով յիշատակման են արժանի յատկապէս «Բելգէ», «Փենջերէ», «Իլեթիշիմ» հրատարակչութիւնները:
Հայութեանը յատկապէս յայտնի են «Բելգէ» Հրատարակչութիւնն ու վերջինիս տնօրէն Ռագըփ Զարաքօլուն, քանզի սոյն հրատարակչութիւնն առաջիններից էր Թուրքիայում, որ առաջին անգամ 1993 թ․ համարձակուեց այդօրինակ գրքեր լոյս ընծայել: 2013 Փետրուարին հերթական անգամ Հայաստան այցելած Զարաքօլուն, ինձ հետ զրոյցում ներկայացնելով վերջին շրջանում իր հրատարակչատան կատարած աշխատանքները եւ, յատկապէս, Հայոց Ցեղասպանութեան ու Հայկական Հարցին առնչուող խնդիրների վերաբերեալ հրատարակած գրքերը, մասնաւորապէս նշեց. «Ամենավերջին գիրքը, որ հրատարակել ենք հայկական թեմատիկայով, Թեսա Հոֆմանի կողմից կազմուած` 1912-22ի Անատոլիայի հայերի, յոյների եւ ասորիների զտման մասին համապարփակ աշխատութիւնն է: Թեսա Հոֆմանը ժողովել էԲեռլինում կայացած մի գիտաժողովի զեկուցումները: Այս գիրքը շատ ուշագրաւ է, քանզի ներկայացնում է երեւոյթի առաւել ընդգրկուն կողմերը: Սոյն աշխատութիւնը հրատարակել ենք Սիւզան Զենգինի յիշատակին, որովհետեւ վերջինս, ինձ նման` անարդար կերպով բանտարկուել է եւ ազատուելուց յետոյ մահացել` առողջական խնդիրների հետեւանքով»[10]:
Ինչպէս երեւում է նաեւ հարցազրոյցից, Զարաքօլուի ղեկավարութեամբ գործող «Բելգէ» Հրատարակչութիւնն այս տարիների ընթացքում լոյս է ընծայել ոչ միայն թուրք, այլ նաեւ հայ եւ այլազգի գիտնականների գրքերը` դրանք թարգմանաբար ներկայացնելով թուրք ընթերցողների լայն զանգուածներին: Այսպէս, նոյն` 2013ին «Բելգէ»ն տպագրել է նաեւ ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան Եւ Ազգագրութեան Ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Վերժինէ Սվազլեանի Հայոց Ցեղասպանութիւն. Ականատես Վերապրողների Վկայութիւններ ստուարածաւալ եւխիստ արժէքաւոր աշխատութեան թուրքերէն թարգմանութիւնը[11]:
Սակայն 2016 Յուլիսին Թուրքիայում կատարուած ռազմական յեղաշրջման փորձից եւ յայտարարուած արտակարգ դրութիւնից յետոյ երկրում սաստկացած ճնշումներից չկարողացաւ խոյս տալ նաեւ այս հրատարակչատունը. այդ տարուայ Օգոստոսին Զարաքօլուի տունը խուզարկութեան ենթարկուեց, իսկ 2017 Մայիսին ոստիկանութիւնը ներխուժեց «Բելգէ» Հրատարակչութիւն եւ շուրջ 2000 գիրք առգրաւեց[12]:
Նոյն տասնամեակում Թուրքիայում Մեծ Եղեռնի եւ Հայկական Հարցի վերաբերեալ «Փենջերէ» Հրատարակչութեան կողմից լոյս ընծայուած գրքերի շարքում յիշատակման է արժանի յատկապէս Արշալոյս (Աւրորա) Մարտիկանեանի «Յօշոտուած Հայաստան» փաստագրական յուշագրութեան հրատարակումը, որ թուրքերէն է թարգմանել հայաստանաբնակ պոլսահայ մտաւորական Տիրան Լոքմագէօզեանը[13], իսկ «Իլեթիշիմ» Հրատարակչատունն առաւելապէս տպագրել է Հայոց Ցեղասպանութեան մասին բազմաթիւ արժէքաւոր ուսումնասիրութիւններ կատարած թուրք պատմաբան Թանէր Աքչամի մի քանի գրքերը[14]:
Տասնամեակում այս առումով կարեւոր աշխատանք է կատարել նաեւ Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչատունը[15]:
Հրանտ Տինքի անՈՒան միջազգային հիմնադրամի գիտական ու հրատարակչական գործունէութիւնը
2007 Յունուարի 19ինԱկօս շաբաթաթերթի խմբագրատան առջեւ սպանուած պոլսահայ մտաւորական, Ակօսի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի անունը կրող միջազգային հիմնադրամը ստեղծուել է նոյն տարուայ Յունիսին, Դինք ընտանիքի ջանքերով: Այս հիմնադրամում աշխատում են ոչ միայն հայեր, այլեւ այլազգիներ, այդ թւում` թուրքեր: Հիմնադրամը, այլ ձեռնարկների հետ մէկտեղ, հանդէս է գալիս նաեւ գիտական ու հրատարակչական գործունէութեամբ: Այսպէս՝ 2011ին Հրանտ Դինք Հիմնադրամը ձեռնարկել է «Լռութեան Ձայնը» կամ «Անատոլիայի Հայերի Բանաւոր Պատմութեան» նախագիծը, որի շրջանակներում հրատարակում է Թուրքիայի հայերի վերաբերեալ բանաւոր պատմութեան միջոցով կատարուած ուսումնասիրութիւններ: 2011ին տպագրուել է Sessizliğin Sesi 1 – Türkiye Ermenileri Konuşuyor Derleyen (ԼռութեանՁայնը-I. Խօսում են Թուրքիայի հայերը) ուսումնասիրութիւնը[16]: 2012ին հիմնադրամը լոյս է ընծայել Sessizliğin Sesi 2 – Diyarbakırlı Ermeniler Konuşuyor, Derleyen (Լռութեան ձայնը-II. Խօսում են դիարբեքիրցի հայերը) գիրքը[17], որում ներկայացւում են Դիարբեքիրում ապրող 8 կին եւնոյնքան տղամարդ հայերի պատմութիւնները: Իրականում գիրքը կազմողները հանդիպել են 81 դիարբեքիրցի հայերի հետ, որոնցից 22ն ապրում են Ստամբուլում, 16ը` Դիարբեքիրում, 9ը` Լիբանանում, 9ը` ՆիւԵորքում, 4ը` Լոս Անճելըսում, 7ը` Մոնրէալում, 4ը` Տորոնտոյում, 4ը` Երեւանում եւ 3ը` ՆիւՃըրզիում: Bianet.org լրատուական կայքի փոխանցմամբ` այս գրքերի շնորհանդէսի ժամանակ ուսումնասիրութեան մասնակից Էմինէ Քոլիվարն իր ելոյթում յայտնել է, որ գրքի առաջին հատորում ներկայացուած են եղել Թուրքիայում ապրող հայերը, իսկ սոյն հատորում` միայն Դիարբեքիրի հայերի պատմութիւնները: Նա նաեւ յաւելել է, որ այս գիրքը Դիարբեքիրի հայերին նուիրելու գաղափարը ծնուել էր Սուրբ Կիրակոս եկեղեցու բացմանը Դիարբեքիրի հայերի հոծ մասնակցութեան շնորհիւ: Շնորհանդէսին ելոյթ է ունեցել նաեւ գիրքը կազմող Ֆերդա Բալանջարը, ով նշել է, թէ այն անձինք, որոնց պատմութիւններն ընդգրկուել են գրքում՝ Դիարբեքիրի եւ մերձակայ շրջանների իսլամացած հայ ընտանիքների զաւակներն են, ովքեր մեծացել են որպէս մահմեդական եւ միայն յետագայում են տեղեկացել իրենց հայկական ծագման մասին[18]:
2013ին հիմնադրամը թուրքերէն թարգմանեց ու հրատարակեց նաեւ Kılıç Artıkları. Türkiye’nin Gizli ve Müslümanlaşmış Ermenileri (Սրից փրկուածները. Թուրքիայի ծպտեալ եւ իսլամացուած հայերը) գիրքը, որ պատրաստել էին լրագրող ու ընկերաբան Լորենս Ռիթէրը եւ լուսանկարիչ Մաքս Սվասլիեանը[19]: Գրքի հեղինակները Հայոց Ցեղասպանութեան ժամանակ կոտորածից մի կերպ փրկուած հայերի սերունդներին ուսումնասիրելու նպատակով բազմաթիւ հանդիպումներ էին ունեցել Արեւմտեան Հայաստանում, Ստամբուլում եւ Եւրոպայի որոշ երկրներում: Նոյն տարում Դինքի անունը կրող հիմնադրամը տպագրեց նաեւ Diyarbakır Tebliğleri: Diyarbakır ve Çevresi Toplumsal ve Ekonomik Tarihi Konferansı («Դիարբեքիրեան ծանուցումներ․ Դիարբեքիրի և շրջակայքի հասարակական և տնտեսական պատմությանը նվիրված գիտաժողովի նյութերը»[20] եւ Mardin Tebliğleri, Mardin ve Çevresi Toplumsal ve Ekonomik Tarihi Konferansı (Մարդինեան ծանուցումներ․ Մարդինի և շրջակայքի հասարակական և տնտեսական պատմությանը նվիրված գիտաժողովի նյութերը»[21] վերնագրերով յօդուածների ժողովածուները, որոնք բազմակողմանի կերպով ներկայացնում են տուեալ բնակավայրերը: Երկու ժողովածուներում էլ ընդգրկուել էին այդ թեմաներով նոյն հիմնադրամի կողմից կազմակերպուած գիտաժողովներին մասնակից թուրք եւ արտասահմանցի հետազօտողների զեկուցումները:
2014ին հիմնադրամը, շարունակելով «Անատոլիայի Հայերի Բանաւոր Պատմութիւն» նախագիծը, հրատարակեց Sessizlğin sesi-III. Ankaralı Ermeniler Konuşuyor (Լռութեան ձայնը-III. Խօսում են անկարացի հայերը)[22]գիրքը, որի հեղինակները հարցազրոյցներ էին ունեցել Թուրքիայի մայրաքաղաքում ապրող 10 հայերի հետ: 2015ին նոյն նախագծի շրջանակներում տպագրուեց նաեւ Sessizlğin sesi-IV. İzmitli Ermeniler Konuşuyor (Լռութեան ձայնը-IV: Խօսում են իզմիթցի հայերը) ուսումնասիրութիւնը[23], որը ներկայացնում է 1915ին Օսմանեան Կայսրութեան կազմում գտնուած Իզմիթ (Նիկոմիդիա) սանջակի (մարզի) Իզմիթ, Պահչեճիկ (Պարտիզակ), Ատափազարը, Քարամիւրսէլ, Կէյվէ բնակավայրերում ապրած հայերի սերունդներին: Գրքում ընդգրկուած են Բալանջարի ինը հարցազրոյցները, ֆրանսահայ պատմաբան Ռեմոն Գէորգեանի «Հայոց Ցեղասպանութիւնը» գրքի «Իզմիթի Սանջակում Կատարուած Տեղահանութիւնը» բաժինը, ինչպէս նաեւ Արաս Էրկիւնէշի հեղինակած վերջաբանը: Այս ուսումնասիրութեան շրջանակներում արուել է 30 հարցազրոյց: Հարցազրոյց տուած անձանցից 5 հոգու ընտանիքները ծագումով Պարտիզակից են, իսկ միւս 4 հոգունը՝ Քարամիւրսէլից, Արմաշից, Ադափազարից եւ Իզմիթից: 2015ին հիմնադրամը լոյս ընծայեց նաեւ դեռեւս 2013ին Ստամբուլում իր կողմից կազմակերպուած՝ իսլամացուած հայութեան թեմայով գիտաժողովի զեկուցման նիւթերը[24]:
Հիմնադրամն ուսումնասիրութիւններ է կատարում նաեւ բռնագրաւուած հայկական գոյքի թեմայով, որի շրջանակներում 2016ին հրատարակուեց Կայսերիում (Կեսարիա) հայկական ու յունական լքեալ գոյքին նուիրուած մի գիրք: Այն կրում էր Ermeni ve Rum Kültür Varlıklarıyla Kayseri (Հայկական եւ յունական մշակութային ժառանգութեամբ Կայսերին)[25] վերնագիրը: Շարունակելով Կեսարիայում հայկականութեան թեման` 2018ին դարձեալ «Լռութեան Ձայնը» կամ «Անատոլիայի Հայերի Բանաւոր Պատմութիւն» նախագծի շրջանակներում Հրանտ Տինք Հիմնադրամը տպագրեց Sessizliğin Sesi-V. Kayserili Ermeniler Konuşuyor (Լռութեան ձայնը-V.Խօսում են կեսարացի հայերը) ուսումնասիրութիւնը[26]: Հիմնադրամի կայքէջում հրապարակուած տեղեկութեան համաձայն` գրքում ներկայացուած են 28 հոգու հետ կատարուած հարցազրոյցներ: Բացի այդ` գրքում տեղ են գտել նաեւ Հրանտ Տինք Հիմնադրամի պատմութեան ծրագրին մասնակցած պատմաբան Մեհմէդ Փոլաթէլի առաջաբանը եւգիրքը կազմողի` դոկտոր Իճլալ Այշէ Քիւչիւքքըրջայի վերջաբանը: Ըստ գրքի` Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ եւս Կեսարիայում դեռ շարունակել են հայեր ապրել: Այսպէս՝ 1927ի մարդահամարի տուեալներով` այստեղ պաշտօնապէս գրանցուած են եղել 1978 հայեր: Այդ թիւը 1932ին իջել է 1600ի, 1960ին` 800ի, իսկ ներկայում այստեղ գրեթէ այլեւս չկան հայեր: Յատկապէս 1950ականներին Ստամբուլ արտագաղթած կեսարացի հայերի մեծ մասը հաստատուել է Կ.Պոլսի Սամաթիա թաղամասում[27]:
Իսլամացուած հայութեան նիւթը` թուրք ուսումնասիրողների ուշադրութեան կենտրոնում
Ինչպէս նկատելի է նաեւ Հրանտ Դինք Հիմնադրամի գիտական գործունէութիւնից, տասնամեակում թուրք ուսումնասիրողների ուշադրութեան կենտրոնում շարունակել են գտնուել իսլամացուած եւ ծպտեալ հայերին առնչուող հարցեր: Յիշեցնենք, որ նախկինում թապու եղած այս թեման սկսեց աւելի աշխուժօրէն քննարկուել յատկապէս Դինքի մահից յետոյ, երբ նրա թաղման արարողութեան օրը հազարաւոր մարդիկ դուրս եկան Ստամբուլի փողոցներ եւ յայտարարեցին իրենց ծագման մասին: Ինքը՝ Դինքը եւս էական դեր էր խաղացել այս տաբուն կոտրելու հարցում` Ակօսի էջերում հրատարակելով նման հայերի պատմութիւններ: Այդ հայերի շարքում առանձնայատուկ տեղ են գրաւում իսլամացուած հայ կանայք, որոնք հարկադրուած են եղել ամուսնանալ թուրքերի կամ քրդերի հետ:
2012ինԹուրքիայում Համիթ Փեքէրի հեղինակութեամբ տպագրուեց նման հայ կանանցից մէկին նուիրուած մի գեղարուեստական վէպ, որը կրում էր Ermeni Kızı Kürt Anası (Հայու աղջիկ, քրդի մայր) վերնագիրը[28]: Նմանատիպ թեմայով է գրուած Բիննազ Օնէրի՝ 2012ին լոյս տեսած Geride Kalanlar (Հետեւում մնացորդները) վէպը[29], որում ներկայացուած է Ուրֆայի Քայալըք գիւղի հայութիւնը: Այստեղի հայերին թուրքական իշխանութիւնները մահուան երթի են հանում 1915 Օգոստոսին: Հայ որոշ ընտանիքներ ստիպուած թողնում են իրենց 16 աղջիկներին: Յետագայում այդ մանկահասակ աղջիկներին ստիպում են ամուսնանալ իրենցից տարիքով շատ մեծ տղամարդկանց հետ եւբռնի իսլամացնում նրանց:
Տասնամեակում այդ թեմաներով Թուրքիայում տպագրուել են նաեւ այնպիսի հեղինակների գործեր, ովքեր ներկայացրել են իրենց իսկ մայրերի կամ մեծ մայրերի պատմութիւնները: Այդ հեղինակներից մէկն էր Թուրքիայում Ժամանակակից Լրագրողների Միութեան նախկին նախագահ Ահմէթ Աբաքայը, ում հեղինակութեամբ Hoşana’nın Son Sözü (Հոշանայի վերջին խօսքը)[30] վերնագրով 2013ին լոյս տեսած գրքում արտացոլուած են 82 տարեկան հասակում մահացած իր հայ մօր ապրումները, ով մահուանից միայն րոպէներ առաջ է համարձակուել ընտանիքի առաջ բացել իր ծագման գաղտնիքը: Ի դէպ՝ այս գրքի հրատարակումից յետոյ Աբաքայը ենթարկուել է ազգականների խիստ քննադատութեանը, ովքեր նրան նախատել են նման գիրք լոյս ընծայելու համար[31]:
Որոշ թուրք գրողներ անդրադարձել են նաեւ իսլամացուած հայ մանուկների ճակատագրին: Այսպէս՝ 2014ին Թուրքիայում հրատարակուել է ծագումով սասունցի Ադնան Արսլանի Ceviz Ağacı (Ընկուզենին)[32] վերնագրով վէպը, որում ներկայացւում է արեւմտահայութեան, յատկապէս հայ կանանց ու երեխաների ապրած դրաման: Թուրքական լրատուամիջոցների հետ զրոյցում իր վէպի մասին մանրամասներ ներկայացրած հեղինակը յայտնելէ, թէ իրեն ոգեշնչել էր 96 տարեկան հայ Սուլէյմանը, որն իր հետ բնակուել էր նոյն հայկական գիւղում: Պաթմանի Սասուն գաւառին ենթակայ Թեքեւլէր գիւղում ծնուած Արսլանը նաեւ նշել էր, որ սոյն գրքի միջոցով ցանկանում էր ապագայ սերունդներին փոխանցել հայերի բնակավայրերի, նրանց կենցաղի եւ ապրած մեծ դրամայի մասին տեղեկութիւններ: Հեղինակը նաեւ ընդգծել էր, թէ վէպը գրելէր` հիմնուելով իրական փաստերի եւ իրադարձութիւնների վրայ[33]:
Նոյն` 2014ինԹուրքիայում հրատարակուել են նաեւ թուրք հեղինակ Ալի Բայրամի Arsine. Tehcirde Bir Ermeni Kızı (Արսինէ: Աքսորի մէջ մի հայ աղջիկ)[34] վէպը, որում եւս ներկայացուած է հարկադրեալ կերպով կրօնափոխ եղած մի հայ կնոջ պատմութիւնը: Կարճ ժամանակ անց սոյն վէպը յայտնուեց ամենաընթերցուած գրքերի հորիզոնականում եւ անգամ Նոբէլեան Մրցանակի ներկայացուեց: Գրքում դէպքերը զարգանում են 1915ին Սամսունի Քաւաք գաւառում, որտեղ Ռաֆայէլ Թէյէլ ընտանիքը ստիպուած է լինում բռնել գաղթի ճամփան: Վէպը պատմում է ընտանիքի դստեր` Արսինէի դժուարին կեանքի մասին:
Նոյն տարուայ մէջ հրատարակուել է նաեւ հայկական ծագում ունեցող Աբդուլլահ Գազէլի Akbez. Son Kale (Աքբէզ. վերջին բերդը)[35] գիրքը, որում ներկայացւում է հեղինակի ծննդավայր Հաթայ (Ալեքսանդրէթ) նահանգի Աքբէզ գիւղից հայութեան տեղահանութեան թեման: Հեղինակն ուսումնասիրել ու ներկայացրել է նաեւ Հայոց Ցեղասպանութիւնից առաջ՝ 1900ականների սկզբին կատարուած դէպքերը, զրուցել գիւղի այժմու բնակիչների հետ: Գազէլն իր հայ ազգականների հետքերով գնալիս հասել է մինչեւ Բէյրութ եւ գրքում ներկայացրել նաեւ իր հանդիպումը նրանց հետ:
2015ինԹուրքիայում լոյս տեսաւ Օմէր Աքընի Tosbit Dağı (Թոսբիթ լեռը)[36] վէպը, որը նուիրուած է այժմեան Թուրքիայի Քոճաէլի նահանգում գտնուող Արմաշի (ներկայիս` Աքմեշէ) հայերին: Վէպում հեղինակն անդրադառնում է Արմաշում ծնուած ու մեծացած հայերի պատմութեանն ու մշակութային ժառանգութեանը[37]:
Թուրքիայում իսլամացուած հայութեան թեմային առնչուող գրքեր հրատարակուել են նաեւ 2016ին: Այդ տարի երկրում գործող Իսմայիլ Բեշիքչի Հիմնադրամը լոյս է ընծայել Միւսլիւմ Իւզիւլմէզի Ergani Tarihinin Saklı Sayfası Ermeniler (Էրգանիի պատմութեան թաքնուած էջը` հայեր)[38] վերնագրով ուսումնասիրութիւնը: Արմատներով էրգանիցի պատմաբանը աշխատութեան մէջ անդրադառնում է Հայոց Ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ Դիարբեքիրի Էրգանի գաւառի եւ շրջակայ բնակավայրերի հայերի կեանքին:
2017ին եւս թուրքական գեղարուեստական գրականութեան մէջ պահպանուել է հետաքրքրութիւնը իսլամացուած հայ կանանց ու երեխաների թեմայի նկատմամբ: Այդ տարի Ստամբուլում տպագրուել է հայկական ծագում ունեցող լրագրող Նուէր Լազօղլուի Kalbim Turkuaz (Սրտիս Փիրուզը)[39] վէպը, որը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան ժամանակ թուրք աղաներից մէկի կողմից որդեգրուած մի հայ աղջկայ` Փիրուզի պատմութեանը: Իրական դէպքերի հիման վրայ ստեղծուած գրքի գլխաւոր հերոսուհին Մեծ Եղեռնի տարիներին Խարբերդ էր բերուել Կիրասուն նահանգից, 6 տարեկան հասակում:
Այդ տարի հրատարակուել է նաեւ հայկական արմատներ ունեցող Հալիլ Էրհանի Karadeniz’den Bir Ermeni Yetimi-Baybahanlı Nubar (Սեւ ծովից մի հայ որբ` Պայբահանցի Նուպարը)[40] վերնագրով գիրքը, որում հեղինակը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետութեան` Սեւ Ծովի ափամերձ հատուածում գտնուող Իւնիէ շրջանի իսլամացուած հայերից իր հարազատ պապի պատմութիւնը:
Նմանատիպ թեմայով նոյն` 2017ին Թուրքիայում Մուրաթ Աթաշի հեղինակութեամբ լոյս է տեսել Armine. Çorak Dağın Sürgünü (Արմինէ: Չորաք լեռան աքսորը)[41] վէպը, որը հրատարակել է «Արաս» Հրատարակչատունը: Իրական դէպքերի վրայ հիմնուած սոյն ստեղծագործութիւնն անդրադառնում է Ցեղասպանութեան տարիներին Սեբաստիայի գիւղերից մէկի հայ բնակչութեան կրած տառապանքների թեմային:
Հայոց եւ յունաց լքեալ գոյքի թեման`թուրք պատմաբանների հետաքրքրութեան կիզակէտում
Տասնամեակում թուրք հետազօտողների ուշադրութեան կենտրոնում է եղել նաեւ հայոց եւ յունաց լքեալ գոյքերի բռնագրաւման թեման: Այսպէս՝ 2010ին «Բելգէ»ն լոյս ընծայեց թուրք գիտնական Նեւզաթ Օնարանի Emvâl-i Metrûke Olayı. Osmanlı’da ve Cumhuriyet’te Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi (Օսմանեան եւ հանրապետական շրջանին լքեալ գոյքի դէպքը. հայկական եւ յունական ունեցուածքի թուրքացումը)[42] հաստափոր գիրքը: Հեղինակը շուրջ 600 էջի սահմաններում ներկայացնում է հայերի եւ յոյների ցեղասպանութիւնների ընթացքում թուրքական իշխանութիւնների կողմից հայկական եւ յունական ունեցուածքի կողոպուտը, լքեալ գոյքը սեփականացնելու նպատակով անօրինական կերպով ընդունուած ու կիրառուած օրէնքները, ինչպէս նաեւ` Թուրքիայի Հանրապետութեան տարիներին պետական մակարդակով շարունակուած թալանը: Գրքի վերջում ներկայացուած են նաեւ լքեալ գոյքի վերաբերեալ ընդունուած մի շարք որոշումներ եւ օրէնքներ:
2012ին «Իլեթիշիմ»ը տպագրեց թուրք ցեղասպանագէտներ Աքչամի եւ Ումիթ Քուրթի համատեղ գիրքը, որը կրում է Kanunların Ruhu: Emval-i Metruke Kanunlarında Soykırımın İzini Sürmek (Օրէնքների ոգին. հետեւել Ցեղասպանութեան հետքին` «Լքեալ գոյքի» մասին օրէնքներում)[43]: Գրքում մէջբերուած են Տինքի հետեւեալ խօսքերը. «…եթէ հարց բարձրացուի, թէ ում միջեւ է բաժանուել հայերից մնացած գոյքը, եւ «ում ինչ է պատահել», դա շատ մեծ ցնցում կը յարուցի: Քանզի կ’արժեզրկուի երկրին յարմարեցուած մի ողջ պատմութիւն: Հասարակութեան մէջ կը տարածուի այն գաղափարը, որ եթէ այդ պատմութիւնը սխալ էր ներկայացուել, ուրեմն այլ բաներ էլ են սխալ պատմուել: Թուրքիայում կը գրանցուի մի էական փոփոխութիւն»[44]:
Աքչամը, այդ գրքի վերաբերեալ ինձ տուած հարցազրոյցում մեկնաբանելով հայերի գոյքը կողոպտելու շարժառիթները, մասնաւորապէս նշել էր. «Ես նկատել եմ, որ թէեւ երիտթուրքերը հայերի բնաջնջման մասին որոշում են ընդունել ոչ թէ տնտեսական, այլ առաւելապէս գաղափարական-քաղաքական դրդապատճառներով, այնուամենայնիւ օգտուել են իրենց բոլոր հնարաւորութիւններից` տնտեսական առումով եւս շահած դուրս գալու նպատակով եւ ձգտել առաւելագոյն օգուտ քաղել հայերից մնացած հարստութիւնից: Բացի այդ` տնտեսական շահի շնորհիւ նրանք տեղական մակարդակով էլ են աջակցութիւն ստացել»[45]:
Նոյն տարում Հրանտ Դինք Հիմնադրամի կողմից հրատարակուել է նաեւ 2012 Beyannamesi. İstanbul Ermeni Vakıflarının El Konan Mülkleri (2012ի յայտարարութիւնը. Ստամբուլի հայկական հիմնադրամների բռնագրաւուած ունեցուածքը)[46] խորագրով ուսումնասիրութիւնը: Սոյն գիրքը, որի առաջաբանի հեղինակն է դոկտոր, պրոֆ. Հիւսէյին Հաթեմին, կազմուել է Փոլաթէլի, Նորա Միլդանօղլուի, Օզգիւր Լեման Էրէնի եւ Մեհմէթ Աթըլգանի կողմից: Այս խումբը 2 տարի շարունակ ուսումնասիրել է արխիւները, հին քարտէզներ, պետական ցուցակներ: Հեղինակներն օգտուել են նաեւ Դինքի անձնական արխիւից: Գրքի համար աղբիւր են ծառայել նաեւ հանգուցեալ փաստաբան Տիրան Բաքարի թղթապանակները[47]:
2013ին Թուրքիայում լոյս տեսաւ Օնարանի մէկ այլ ուսումնասիրութիւն, որը կրում էր Osmanlı’da Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi (1914-1919). Emval-ı Metrukenin Tasfiyesi-I (Հայկական եւ յունական ունեցուածքի թուրքացումը օսմանեան պետութիւնում (1914-1919 թթ.). լքեալ գոյքի լուծարումը-I) վերնագիրը[48]: Նոյն թուականին հրատարակուեց նաեւ այդ ուսումնասիրութեան միւս հատորը՝ Cumhuriyet’te Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi (1920-1930). Emval-ı Metrukenin Tasfiyesi-II («Հայկական եւ յունական ունեցուածքի թուրքացումը հանրապետութիւնում (1920-1930 թթ.). լքեալ գոյքի լուծարումը-II»[49]: Հեղինակն այս գրքերում ուսումնասիրել է Թուրքիայի կառավարութեան օսմանեան ու հանրապետական արխիւները՝ ծանօթանալով տնտեսական քաղաքականութեան օրէնքներին եւ որոշումներին ու դրանց վերաբերեալ Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած քննարկումներին: Ընթերցողին, որպէս ուղղակի փաստեր, ներկայացւում են ինչպէս օսմանեան մեջլիսում, այնպէս էլ հանրապետական խորհրդարանում այդ թեմայով կայացած քննարկումների մասին փաստաթղթեր: Երկհատորեակը լոյս ընծայած հրատարակչութեան պաշտօնական կայքէջում հրապարակուած տեղեկութեան համաձայն` Օնարանի գրքում շեշտւում է, որ 1920ականների Թուրքիայի նորաստեղծ Հանրապետութեան «ազգային քաղաքականութիւնը» հիմնուել է Միութիւն Եւ Առաջադիմութիւն Կուսակցութեան տնտեսական քաղաքականութեան վրայ եւ, հետեւաբար, հանդիսանում է այդ քաղաքականութեան շարունակութիւնը: Միաժամանակ աշխատութեան մէջ վերլուծութեան է ենթարկւում, թէ ինչպէսէ հայոց եւ յունաց գոյքը իւրացուել թուրքական պետութեան նախաձեռնութեամբ ու վերածուել թուրք-իսլամական դրամագխլի[50]:
Ջեմալ փաշայի թոռը` Հայոց ցեղասպանութեան մասին
Նշեալ տասը տարիներին Հայոց Ցեղասպանութեան եւ Հայկական Հարցի վերաբերեալ Թուրքիայում հրատարակուած ուսումնասիրութիւնների շարքում հարկ է առանձնացնել Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուներից մէկի` Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի հեղինակութեամբ 2012ին լոյս տեսած 1915: Ermeni Soykırımı (1915. Հայոց Ցեղասպանութիւն)[51] վերտառութեամբ գիրքը, որը հիմնականում ընդգրկում է այս թեմայով նրա գրչին պատկանող յօդուածները: Մասնագիտութեամբ լրագրող Հասան Ջեմալը եղել է Դինքի ընկերը, իսկ Երեւան այցելել է Դինքի մահից յետոյ: Գրքի շապիկին զետեղուած է Հասան Ջեմալի այն լուսանկարը, որում նա ծնկի է եկել Ծիծեռնակաբերդի յուշարձանի մօտ ու մի փունջ վարդ է դնում Մեծ Եղեռնի զոհերին յիշատակին: Ֆրանսիական Le Monde հեղինակաւոր պարբերականի ստամբուլեան թղթակից Գիյոմ Պերիէն, անդրադառնալով գրքին, մասնաւորապէս գրում է. «Ցեղասպանի թոռան պատմութիւնը մեկնարկում է 2006ին: Ձմեռային մի ցուրտ առաւօտ նա ջիփով ուղեւորւում է Ստամբուլի գերագոյն դատարան: Հասան Ջեմալը եւ 4 սիւնակագիրներ եւս դատւումեն «թուրքական ինքնութեանըվիրաւորանք հասցնելու» համար եւ հոծ բազմութեան կողմից արժանանում «հայրենիքի դաւաճան» պիտակին (…) Կամաց-կամաց Հասան Ջեմալըգտնում է իր ուղին: «Հրանտ Դինքն ինձ օգնեց հասկանալ անցեալի տառապանքների իմաստը: Կարեւոր է առերեսումը դրանց հետ»: Ինչպէս որ նա դա անելու էր` այցելելով իր պապին սպանած հայ վրիժառուին, որն ապրում էր Հայաստանում: «Օգտագործե՞լ «ցեղասպանութիւն» բառը, թէ՞ոչ»: Բազմաթիւ թուրք մտաւորականներ կանգնած են այս երկընտրանքի առաջ: Այս բառը չասուած է մնում շատերի կողմից, իսկ այնպիսի մեղմասացություններ, ինչպիսիք են` «ողբերգութիւնը» կամ «աղէտը», ընդունելի են ոմանց կողմից: Սակայն Լոս Անջելեսում, ուր նա բանավէճի էր հրաւիրուել ամերիկացի դեսպան Հենրի Մորգընթաուի թոռան հետ, մարդ, որը դարձաւ կոտորածների մասին յայտնած առաջին անձանցից մէկը, Հասան Ջեմալը բնական կերպով օգտագործումէ «ցեղասպանութիւն» բառը իրեն չվստահող հայ ունկնդիրների առաջ: Ներկայում այդ բառը վերնագրուածէ գրքի կազմին` առանց չակերտների»[52]: Կարճ ժամանակ անց այս գիրքը բեսթսելըր դարձաւ Թուրքիայում, սակայն դրա հեղինակը ոչ-միանշանակ ընդունուեց Հայաստանում եւ Սփիւռքում, որն, ըստ իս լիովին բնական է, երբ նկատի ենք առնում նրա մեծհօր ինքնութիւնը։
ԹանԷր Աքչամի հետազՕտութիւնները
Թէեւ վերջին տասնամեակներին Թուրքիայում եւ իր սահմաններից դուրս բնակուող բաւականին մեծ թուով թուրք մտաւորականներ[53] են անդրադարձել Հայոց Ցեղասպանութեանը եւ Հայկական Հարցին առնչուող այլ թեմաների[54], սակայն, կարծում եմ, որ հարկ է առանձնայատուկ անդրադառնալ թուրք յայտնի ցեղասպանագէտ, ԱՄՆի Քլարք Համալսարանի պրոֆեսոր Թանէր Աքչամի մի քանի աշխատութիւններին, քանի որ նրա բոլոր ուսումնասիրութիւններն առանձնանում են օսմանեան բազմաթիւ կարեւոր փաստաթղթերի առատութեամբ եւ գիտական մանրազնին վերլուծութեամբ:
Այսպէս՝ 2008ին Թուրքիայում լոյս տեսաւ Աքչամի եւ միջազգային ճանաչում ունեցող ցեղասպանագէտ Վահագն Տատրեանի համատեղ կազմած գիրքը, որ կրում էր “Tehcir ve Taktil” Divan-ı Harb-i Örfî Zabıtları. İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922 (Տեղահանութիւն եւ կոտորածներ. Ռազմական արտակարգ ատեանի արձանագրութիւնները: Միութիւն Եւ Առաջադիմութիւն Կուսակցութեան դատավարութիւնը 1919-1922 թթ.[55]) վերնագիրը: Ի դէպ՝ սոյն արժէքաւոր եւ ստուարածաւալ աշխատութիւնը, ունենալով մեծ պահանջարկ, նոյն հրատարակչութեան կողմից վերահրատարակուել է նաեւ 2010ին: Այս գրքում, որում ներառուած են նաեւ մեծ թուով օսմանեան փաստաթղթեր, ոչ միայն ներկայացուած է երիտթուրքերի 1919-1920ի դատաքննութիւնների ամբողջական արձանագրութիւնների` արաբատառ օսմաներէնից լատինատառիտառադարձուած տարբերակը, այլեւ դրանց ընթերցումը դիւրացուած է կից բերուած թուրքերէն հոմանիշների միջոցով: Ինչպէս աշխատութեան առաջաբանում նշում են հեղինակները, ընդհանուր թուով 13 դատական գործերի մեղադրական եզրակացութիւնները, դատական նիստերի արձանագրութիւնները եւ դատավճիռներն ընդգրկող սոյն վաւերագրերը էական դեր են խաղում Հայոց Ցեղասպանութեանն առնչուող դէպքերի վրայ լոյս սփռելու գործում: Հեղինակները ներկայացնում են նաեւ հայերի կոտորածների հարցի քննարկումները ժամանակի օսմանեան մամուլում, երկպալատ խորհրդարանում, երիտթուրքերի դէմ կատարուած հետաքննութիւնները, օսմանեան խորհրդարանի Հինգերորդ Յանձնախմբի իրականացրած հարցաքննութեան նիւթերը եւ երիտթուրքերի դատավարութիւնները: Հեղինակներից Աքչամըգրքի 152-190 էջերում տեղեկութիւններ է հաղորդում Ստամբուլի ռազմական արտակարգ ատեաններում հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով յարուցուած դատականգ ործերի մասին:
2012ին ԱՄՆում անգլերէնով հրատարակուել է Աքչամի նոր գիրքը` The Young Turks’ Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in Ottoman Empire (Երիտթուրքերի գործած ոճիրը մարդկութեան դէմ. Հայոց Ցեղասպանութիւնը եւ էթնիկ զտումները Օսմանեան Կայսրութիւնում)[56] խորագրով: Այս աշխատութեան մէջ հեղինակը ներկայացնում է Թուրքիայի քրիստոնեաների ցեղասպանութիւնների մասին նոր ապացոյցներ ՕսմանեանԿայսրութեան աւելի քան 600 գաղտնի փաստաթղթերից:
2014ին «Իլեթիշիմ»ը տպագրեց Աքչամի նոր ուսումնասիրութիւնը, որը վերաբերում էր յատկապէս կրօնափոխ հայերի հիմնախը նդիրներին: Ermenilerin Zorla Müslümanlaştırılması: Sessizlik, İnkar ve Asimilasyon (Հայերիբռնիիսլամացումը. լռութիւն, ժխտում եւ ուծացում)[57] վերնագրով սոյն մենագրութեան մէջ նա անդրադառնում է ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան ազդեցութեանը՝ թուրք հասարակութեան եւ, յատկապէս, վերջինիս` իրեն առաջադէմ համարող հատուածի վրայ: Այս գրքի առաջին գլխում հեղինակը ներկայացնում է այն մեծ դժուարութիւնները, որոնց հետ Թուրքիայում բախւումէ իւրաքանչիւր մտաւորական՝ Հայոց Ցեղասպանութեան հարցի անաչառ ուսումնասիրութեամբ զբաղուելիս: Գրքի երկրորդ մասում, որպէս առաջին գլխի տրամաբանական շարունակութիւն, Աքչամն անդրադառնում է այն քննարկումներին, որ մի քանի տարի առաջ տեղի ունեցան Թուրքիայում, երբ այստեղ տպագրուեցին օսմանեան բանակում ծառայած հայ սպայ Սարգիս Թորոսեանի յուշերը: Վերջինիս գոյութեան փաստը բնականաբար չէր կարող ընդունելի լինել թուրք հասարակութեան համար, քանի որ թուրքական պաշտօնական պատմագրութիւնը օսմանահպատակ հայերինմ շտապէս ներկայացրել էր որպէս «դաւաճանների, որոնք պատերազմի բովում հարուածել էին թիկունքից»: Ամենածաւալուն՝ երրորդ գլխում հեղինակը, հիմնուելով գրեթէ բացառապէս օսմանեան աղբիւրների եւ յատկապէս կառավարութեան կողմից շրջաններ յղուած հեռագրերի վրայ, անդրադառնում է կրօնափոխ հայութեան հիմնահարցին:
Հարկ է նշել, որ Աքչամի գրքերը բաւականին մեծ պահանջարկ ունեն Թուրքիայում: Այսպէս, օրինակ, 2016ին նոյն` «Իլեթիշիմ»ն արդէն եօթերորդ անգամ վերահրատարակեց նրա Ermeni Meselesi Hallolunmuştur (Հայկական Հարցը լուծուած է)[58] գիրքը: Ըստ «Իլեթիշիմ»ի պաշտօնական կայքէջում հրապարակուած տեղեկատուութեան` Աքչամը սոյն ուսումնասիրութեան մէջ, որ նա պատրաստել է օսմանեան փաստաթղթերի վրայ հիմնուելով, կենտրոնանում է այն հարցի վրայ, թէ ինչեր են այդ մասին պատմում սկզբնաղբիւրները: Հեղինակը ներկայացնում է Թալէաթ փաշայի հրահանգներով եւ նրա անմիջական ու անընդմէջ վերահսկողութեան տակ կատարուած դէպքերը: Գրքում նշուած է նաեւ Թալէաթի հեռագրերից մէկում տեղ գտած այն արտայայտութիւնը, թէ «Հայկական Հարցը լուծուածէ: Կարիք չկայ ժողովրդի եւ կառավարութեան անունն արատաւորել բռնարարքների մասին անտեղի լուրերով»[59]: Նոյն տարում Աքչամը հրատարակեց նաեւ մի նոր ուսումնասիրութիւն` Naim Efendi’nin Hatıratı ve Talat Paşa Telgrafları: Krikor Gergeryan Arşivi(Նաիմ էֆենդու յուշերը եւ Թալէաթ փաշայի հեռագրերը. Գրիգոր Կերկերեանի արխիւը)[60] վերնագրով, որը 2018ին տպագրուեց նաեւ անգլերէն՝ Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide[61]:
Այսպիսով՝ վերջին տասնամեակում` 2008-2018, Հայոց Ցեղասպանութեան, Հայկական Հարցի եւ յարակից թեմաներով բաւականին պատկառելի թուով աշխատութիւններ ու գեղարուեստական գրքեր են լոյս տեսել Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս: Սակայն վերջին 2-3 տարում թուրքաբնակ հետազօտողներն ու գրողները սկսել են խուսափել նման աշխատութիւններ հրատարակելուց, քանի որ 2016 Յուլիսին Թուրքիայում կատարուած յեղաշրջման փորձից անմիջապէս յետոյ այստեղ յայտարարուած արտակարգ դրութեան հետեւանքով մեծապէս տուժեց նաեւ խօսքի ազատութիւնը: Փակուեցին համեմատաբար ազատ արտայայտուող բազմաթիւ լրատուամիջոցներ, եւ շատ գիտնականներ, գրողներ, հրապարակախօսներ ու լրագրողներ սկսեցին հետապնդումների ենթարկուել:
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
[1] Ներկայում փակուած թուրքական Ռատիքալ օրաթերթի տուեալների համաձայն` 2002ին Թուրքիայում արգելուել է 38 հրատարակչութեան կողմից տպագրուած 57 հեղինակի 77 գիրք (http://www.radikal.com.tr/kultur/77-kitaba-yasak-657231/):
[2]Մարի Յովհաննիսեան, Ուրացման Քաղաքականութեան Արմատները, Նորօրեայ Դրսեւորումները Եւ Դրանց Հետեւանքները, Երեւան, «Էդիտ պրինտ» Հրատ., 2017, էջ 129:
[3]https://www.sabah.com.tr/gundem/2011/11/28/turkermeni-iliskileri-24-ciltlik-ansiklopedide:
[4]Uluç Gürkan, Ermeni Sorununu Anlamak, Destek Yayınları, Istanbul, 2011:
[5]Uluç Gürkan, Ermeni Katilamı Suçlaması. Yargılama ve Karar. Malta (1919-1921), İstanbul, Kaynak Yayınları, 2015:
[6]http://www.yeniturkiye.com/list.asp?c=0000&year=2002 :
[7]Yüzüncü Yılında Ermeni Meselesi “İddialar-Yalanlar-Gerçekler”, Aygan Yayıncılık, Istanbul, 2015:
[8]1915’e Hapsedilen Tarih: Ermeni Meselesi, Palet Yayınevi, Konya, 2017:
[9]Նոյն:
[10]«Ռագըփ Զարաքօլուն «Բելգէ» Հրատարակչատան Վերջին Աշխատանքների Շուրջ Տեղեկութիւններ Է Հաղորդել «Ակունքին», http://akunq.net/am/?p=28406:
[11] Prof. Dr. Verjine Svazlian, Ermeni Soykırımı. Hayatta Kalan Görgü Tanıklarının Anlattıkları, Belge Yayınevi, Istanbul, 2013:
[12http://www.diken.com.tr/belge-yayinlarina-polis-baskini-2-bini-askin-kitaba-el-konuldu/:
[13] Arşaluys Mardiganyan, Parçalanmış Ermenistan, Pencere Yayınları, Istanbul,2014:
[14]Աքչամի աշխատութիւններին առաւել մանրամասն կ’անդրադառնամ ստորեւ:
[15] «Արաս» հրատարակչությունը հիմնվել է 1993 թ․, Ստամբուլում և արժանացել «Պատուհան դեպի հայալեզու գրականություն» արժևորմանը։ Թե հայերեն և թե թուրքերեն գրքեր հրատարակող սույն հրատարակչատան նպատակն է՝ հայկական մշակութային արժեքները փոխանցել հաջորդ սերունդներին։ Այդ մասին աւելի մանրամասն տե՛ս՝ https://www.arasyayincilik.com/ :
[16]Sessizliğin Sesi 1 – Türkiye Ermenileri Konuşuyor Derleyen: Mehmet Ferda Balancar, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2011:
[17]Sessizliğin Sesi 2 – Diyarbakırlı Ermeniler Konuşuyor, Derleyen: Mehmet Ferda Balancar, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2012:
[18]http://bianet.org/bianet/azinliklar/143137-diyarbakirli-ermeniler-konusuyor :
[19] Laurence Ritter, Max Sivaslian, Kılıç Artıkları. Türkiye’nin Gizli ve Müslümanlaşmış Ermenileri, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2013:
[20]Diyarbakır Tebliğleri, Diyarbakır ve Çevresi Toplumsal ve Ekonomik Tarihi Konferansı, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2013:
[21]Mardin Tebliğleri, Mardin ve Çevresi Toplumsal ve Ekonomik Tarihi Konferansı, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2013:
[22]Sessizlğin sesi-III. Ankaralı Ermeniler Konuşuyor. Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2014:
[23]Sessizlğin sesi-IV. İzmitli Ermeniler Konuşuyor. Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2015:
[24] Müslümanlaştırılmış Ermeniler Konferans Tebliğleri, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2015:
[25]Ermeni ve Rum Kültür Varlıklarıyla Kayseri, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2016:
[26]Sessizliğin Sesi-V. Kayserili Ermeniler Konuşuyor, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2018:
[27]https://hrantdink.org/tr/hdv-yayinlari/33-sozlu-tarih-ani/1251-kayserili-ermeniler-konusuyor :
[28]Hamit Peker, Ermeni Kızı Kürt Anası, Gonca Yayınevi, Gaziantep, 2012:
[29] Binnaz Öner, Geride Kalanlar, Evrensel Basım Yayın, Istanbul, 2012:
[30]Ahmet Abakay, Hoşana’nın Son Sözü, Büyülüdağ Yayınları, Istanbul, 2013:
[32] Adnan Arslan, Ceviz Ağacı, Belge Yayınları, Istanbul, 2014:
[33]http://www.batmancagdas.com/yasam/ceviz-agacini-kitapseverlerle-bulusturdu-h37366.html :
[34] Ali Bayram, Arsine. Tehcirde Bir Ermeni Kızı, Deva Yayıncılık, Istanbul, 2014:
[35] Abdullah Gazel, Akbez. Son Kale, Serencam Yayınevi, Gaziantep, 2014:
[36]Ömer Akın, Tosbit Dağı, Usar Yayınevi, Istanbul, 2015:
[37]Վէպի մասին աւելի մանրամասն տե՛ս՝ Ակօս շաբաթաթերթում հրատարակուած հեղինակի հարցազրոյցը` http://www.agos.com.tr/tr/yazi/13444/hic-tanisamamis-olsak-da-armasli-ermeniler-bizim-komsularimizdi :
[38]Müslüm Üzülmez, Ergani Tarihinin Saklı Sayfası Ermeniler, İsmail Beşikçi Vakfı Yayınları, Istanbul, 2016:
[39]Niver Lazoğlu, Kalbim Turkuaz, Chiviyazıları Yayınevi, 2017:
[40]Halil Erhan, Karadeniz’den Bir Ermeni Yetimi-Baybahanlı Nubar, İletişim Yayınları, Istanbul, 2017:
[41] Murat Ataş, Armine. Çorak Dağın Sürgünü, Aras Yayınları, Istanbul, 2017:
[42] Nevzat Onaran, Emvâl-i Metrûke Olayı. Osmanlı’da ve Cumhuriyet’te Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi, Belge Yayınları, Istanbul, 2010:
[43]Taner Akçam, Ümit Kurt, Kanunların Ruhu: Emval-i Metruke Kanunlarında Soykırımın İzini Sürmek, İletişim, Istanbul, 2012:
[44]Նոյն:
[45] Աքչամի հարցազրոյցը տե՛ս՝ http://akunq.net/am/?p=26815 :
[46]2012 Beyannamesi. İstanbul Ermeni Vakıflarının El Konan Mülkleri, Hrant Dink Vakfı Yayınları, Istanbul, 2012:
[47]http://www.radikal.com.tr/Radikal.aspx?aType=RadikalDetayV3&ArticleID=1110219&CategoryID=77 :
[48] Nevzat Onaran, Osmanlı’da Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi (1914-1919). Emval-ı Metrukenin Tasfiyesi-I, Evrensel Basım Yayın, Istanbul, 2013:
[49] Nevzat Onaran, Cumhuriyet’te Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi (1920-1930). Emval-ı Metrukenin Tasfiyesi-II, Evrensel Basım Yayın, Istanbul, 2013:
[50]http://www.evrenselbasim.com/tanim.asp?sid=MIKLIYY1214Q71XNZIT1:
[51]Hasan Cemal, 1915: Ermeni Soykırımı, Everest Yayınları, 2012: Գիրքը թարգմանուել եւ տպագրուել է նաեւ հայերէն` Հասան Ջեմալ, 1915. Հայոց Ցեղասպանութիւն, թարգմանիչ` Ռուբէն Մելքոնեան, Հրանտ Դինք հիմնադրամ, «Անտարես» հրատարակչություն, Երեւան, 2014:
[52]http://www.lemonde.fr/culture/article/2012/10/18/le-turc-face-au-genocide_1777659_3246.html:
[53]Գերմանաբնակ թուրք մտաւորականների` այս թեմայով հեղինակած գրքերի մասին տե՛ս` Ռուբէն Մելքոնեան, Նաիրա Պօղոսեան, Հայկական Թեմատիկան Ժամանակակից Թուրք Գրականութեան Մէջ (XX դ. Երկրորդ Կէսին-XXI դ. Սկզբին), Երեւան, ԵՊՀ Հրատ. 2016, էջ 124-142:
[54]Այս թեմայի վերաբերեալ իրենց ուսումնասիրութիւններով եւ գեղարուեստական գրքերով յայտնի են նաեւ Սայիթ Չեթինօղլուն, Էլիֆ Շաֆաքը, Քեմալ Եալչընը, Դողան Աքհանլըն, Այշէ Հիւրը եւ շատ ուրիշներ:
[55] Vahakn N. Dadrian, Taner Akçam, “Tehcir ve Taktil” Divan-ı Harb-i Örfî Zabıtları. İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, İstanbul Bilgi Üniversitesi Yayınları, Istanbul, 2008:
[56] Taner Akçam, The Young Turks’ Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in Ottoman Empire, Princeton University Press, New Jersey, Գործած Ոճիրը Մարդկութեան Դէմ. Հայոց Ցեղասպանութիւնը Եւ Էթնիկ Զտումները Օսմանեան Կայսրութիւնում, թարգմանիչ` Յասմիկ Յարութիւնեան, Երեւան, Տիգրան Մեծ հրատ., 2015:
[27]Taner Akçam, Ermenilerin Zorla Müslümanlaştırılması: Sessizlik, İnkar ve Asimilasyon, İletişim Yayıncılık, 2014: Գիրքը թարգմանուել ու հրատարակուել է նաեւ հայերէն` Թանէր Աքչամ, Հայերի Բռնի Իսլամացումը. Լռութիւն, Ժխտում Եւ Ուծացում, թարգմ.` Մելինէ Անումեան, Երեւան, Տիգրան Մեծ հրատ. 2016:
[58]Taner Akçam, Ermeni Meselesi Hallolunmuştur, İletişim Yayınları, Istanbul, 2016:
[59]http://www.iletisim.com.tr/kitap/%E2%80%98ermeni-meselesi-hallolunmustur/8110#.VuZoo32LRki :
[60]Taner Akçam, Naim Efendi’nin Hatıratı ve Talat Paşa Telgrafları: Krikor Gergeryan Arşivi, İletişim, Istanbul, 2016: Վերջերս Թ․ Աքչամը, Քլարկ համալսարանի մի քանի հայ և թուրք ուսումնասիրողների հետ մեկտեղ ուսումնասիրելով և դասակարգելով հայր Գրիգոր Կերկերյանի արխիվում գտնված որոշ արժեքավոր նյութեր, հրապարակեց դրանք առցանց տիրույթում՝ այդպիսով բոլոր հետազոտողների համար հասանելի դարձնելով դրանք։
[61] Taner Akçam, Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide, Palgrave Macmillan, London, 2018:
*Հոդվածը տպագրվել է Հայկազեան Հայագիտական Հանդէսի 39րդ հատորում, էջ 553-570։
Akunq.net