
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 16)
ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)
Սասնա ավագների որոշմամբ Անտոքի գլխին խոնավ` մգլած խոտի դեզ է կիտված: Նույնպիսի դեզեր կան մյուս լեռների գագաթներին` Դալվորիկից մինչև հայոց հեռավոր գյուղերը: Ամեն դեզի մոտ պահակ զինվորներ կան, որ, Անտոքի գագաթի կամ Սեմալի բլրի դեզը վառելիս` թանձր ծուխը տեսնելով, վառելու են նաև իրենց դեզերը, այդպիսով շատ արագ թշնամու հարձակման մասին իմացնելով ամբողջ Սասունը:
Քրդական ամբոխի շարժումը նկատած մի տղեկ հովիվ վազում է Անտոքի գագաթը, որից երևում են Շենիկ, Սեմալ, Գալե-Կուզան գյուղերը, ձայն է տալիս պահապանին: Իսկույնևեթ վառվում է դեզը, ծխի թանձր սև սյունը երկինք է բարձրանում, գագաթը լուսավորվում է տագնապի կրակի լույսով: Վառվում են մյուս գագաթների դեզերը, հայկական գյուղերից մի խուլ, ահարկու որոտ է լսվում: Ծեր ու մանուկ, այր ու կին, հարս ու աղջիկ զինված շտապում են դեպի Անտոք:
Կրպեն, մի առանձին ու անծանոթ ոգևորությամբ լցված դուրս է թռչում, հեռվից լսում է թմբուկի ձայնը, որ ոչ թե պարի, այլ մարտի է կանչում…
Ծանր զինված երիտասարդը, չնայած փութալուն, հազիվ Անտոքի փեշին է հասնում իր խմբին: Քրդերը տեսնում են հրազենի տխուր փայլքը չորս կողմից, օդի մեջ հարաճուն փոշին, որի ամպը հետզհետե բարձրանում է հայերի գյուղերի ճանապարների վրա և մառախուղի պես ծավալվում, ծածկում է սարերը:
Զեյնալը հրամայում է իր գնդին բռնել Անտոքի արևելյան կողմը և կարգով առաջ շարժվել: Դալվորիկի միրի ուզածն էլ այդ է…
Հայերն անհավատալի արագությամբ, կես ժամ չանցած լճանում, խմբվում են Անտոքի հարավ-արևմուտքում, շրջապատում լեռան խառնարանը, որի մուտքը միայն իրենց է հայտնի…
Հրամանատարը հսկայահասակ, սևադեմ Սրգեն է:
Սասունցին իր առօրյա կյանքում փոքր ու մեծ չգիտի, իր լեզուն միայն ռազմական բառերով է հարուստ, սակայն մարտի դաշտում ամենակարգապահ զինվորն է. հիմա հլու-հնազանդ, մի մարդու պես կատարում են Սրգեի հրամանները…
Սասնապետներ, խումբ-խումբ… հառա~ջ..
Հրամանը կատարվում է նույն ակնթարթում:
– Տղեք, – հարցնում է կռվի վայր նոր հասած Կրպեն, – մեր բոլոր գյուղեր լուր տվել եք…
– Իհարկե, ամբողջ Դալվորիկ մեկ մարդու պես է կանգնած…
Խմբերը կանոնավոր զորքի պես դիրքեր են բռնել` տասնյակներով, ուղիղ գծերի վրա, իրարից 4-5 քայլ հեռու, տղամարդկանց թիկունքում կանայք են` աղջիկներ, հարսներ, որ մաքրելու ու լցնելու են հրազենը, իսկ հարկ եղած դեպքում` նաև կռվելու…
Օ~հ, – ասում է Կրպեն, – ուր է թե դրանք առաջ գային, առաջին գնդակը այդ շեյխ կոչվածի կուրծքն եմ մեխելու…
Համբերի, – ծիծաղում է Սրգեն, ցույց տալով քրդերի բանակը, որ հազիվ 300 մ. հեռավորության վրա է, մյուս սարի լանջին, – էն է պատգամավորը գալիս է… ինչպես երևում, Զեյնալն է:
Բոլորը Սրգեի ցույց տված կողմն են նայում. իսկապես Զեյնալն է`մականի ծայրին սպիտակ թաշկինակ կապած, որ տաս զինված քրդի ուղեկցությամբ գալիս է հայերի կողմը…
Հը, շներ, – գոռում է Սրգեն, – վախենում եք… Ինչ է, անզեն կին էիք ուզում տեսնել, զինյալ տղամարդ տեսաք… Սպասեք, ինչ վայ ենք բերելու ձեր գլխին…
Զեյնալը մոտենում է մենակ. ուղեկցողները մնում են հեռվում կանգնած:
Բարև ձեզ, քաջեր, – բանակցական ծեսի համաձայն դիմում է նա, – տեսնում եք, պատգամավոր եմ եկել…
Բարև, Զեյնալ բեյ, – կանխում է խոսքի շարունակությունը Աստուրը, – էդ ճերմակ թաշկինակը չլիներ, հայուր տարվա մեռելներիդ կխառնեի, հորդ մոտ կուղարկեի` ձեր հուրի-փերիների գիրկը…
Բարև, Աստուր… Ձեր հրամանատարն ով է…
Ես եմ, – մոտ է գալիս Սրգեն:
Քաջ ախոյան, Բաղդադի շեյխ Ամար բեյը հրամայում է ձեզ վայր դնել զենքը որպես անտեր ազգ, որ վայելում է օսմանյան բարեգութ սուլթանի հյուրընկալության և խոնարհ ռայայի բախտը: Մեզ պետք է հանձնեք շեյխի կանանոցից առևանգված Լորեին և այն հանդուգններին, որ համարձակվել են փախցնել նրան…
Քաջ Զեյնալ, – սառն ու հանդարտ պատասխանում է Սրգեն, ձեռքը դաշույնի դաստապանին դրած, – Բաղդադի շեյխի իշխանությունը Բաղդադում է, մեր սարերում նա մեզ հրամայելու իրավունք չունի… Մենք մեր սարերի տերն ենք աստծո կամոք, որ թե սուլթանի բարեհաճությամբ… Մենք ռայա չենք, այլ քեզ, բագրանցի Ֆեթուլլահ բեյի և մյուսներիդ հավասար ազատ իշխաններ… Աղջկան ես եմ ազատել ու Տիգրանակերտ ուղարկել, որ քո սրբազան շնից հեռու լինի… Ոչ թե մեր մալը` մի քոսոտ ուլի մորթի չենք տա ձեզ, որ քո խառնածին քյոփեկը գլուխն անցընի… Գնա, ասածս բառ առ բառ փոխանցիր, աստված չանի` մի բան մոռանաս, հանկարծ մի բառ պակաս ասես…
Ուրեմն կռվում ենք, քաջ զորավար…
Դուք եք ուզում, կռվում ենք…
Կզղջաք…
Զղջացողն իր կնոջ լեչակը թող գլխին կապի…
Լավ… Մնաք բարով…
Գնաս բարով, տես, ոտդ քարի չգա: Աստուր, ճամփու դիր բեյին:
Աստուրը կատակելով ու զվարճանքներով ուղարկում է Զեյնալին, վերադառնում Սրգեի մոտ:
Կրպե, քանի զորք ունենք, – հարցնում է զորավարը:
500, կանանցից ու պատանիներից բացի…
Շատ լավ:
Դիմում է զինվորներին.
Լսեցեք, տղեք: Ձեր զենքն ու վառոդը թշնամու զենքից լավն են: Մեր բարեկամը նրանց մեջ է, փչացրել է նրանց վառոդը: Մեր գնդակը 1000 քայլ կգնա, նրանցը` հազիվ 300: Մենք մտադիր չենք կռվել մինչև վերջ, մենք միայն ահաբեկելու ենք նրանց… Գլուխներից վեր կրակեք, որ վախենան… Եթե մեզանից մեկին սպանեն` նշան բռնեք, ոչ մի գնդակ ապարդյուն չկորչի… մենք քաջաց զավակ ենք, մահը մեր համար չէ. քաջի անունն է մերը… Ի~ զեն… Զենքն ի~ մարտ…
Անմիջապես լսվում է հրացանների համաձայն չխչխկոցը:
Զենքն ի~ ձեռն…
Հրամանը կրկնում է օգնականը, ապա` տասնապետները:
Քրդական բանակից լսվում է թմբուկի ձայնը:
Աստուր, թմբուկը, – հրամայում է Սրգեն:
Աստուրն իր երկու ընկերով սկսում են թմբկահարել. բանակից հեռու, ժայռի խոռոչի մեջ պատսպարված երկու ծերունի սկսում են նվագել Հոլոյանների “Գաբով-արտի” հաղթական նվագը: Կանայք ձայնակցում են, կրկնելով հանգերգը: Զինվորները պատրաստ են մարտի, սպասում են հրամանի:
Առաջինը հրամայում է Զեյնալը: Քրդերի կողմից լսվում է 2000 հրացանի անկազմակերպ, խառնիխուռն զարկը: Ծխի թանձր սև ամպը ծածկում է կրակողներին:
Թշնամու ոտների տակ… կրա~կ…
Հայերը կրակում են համազարկ, միանվագ:
Զեյնալը նկատում է, որ հայերի գնդակներն իրենց չեն հասնում, քսան քայլ առաջ է բերում իր զորքը, նորից կրակում: Քրդերի գնդակներն էլ չեն հասնում հայերին:
Սրգեն ժպտում է.
– Տղեք, գնդակները նրանց բանակի հետև կրակեք.. Օ~ն, կրա~կ…
Հայկական գնդակները սուրում են քրդերի գլխի վրայով:
Ամեն զինվորի ձեռքի տակ երկու հրացան կա. մինչ մեկը կրակում է, հետևը կանգնած կինը լցնում ու տալիս մյուսը…
Արևմուտքը, ուր հայերի դիրքերն են, հետզհետե ծածկվում է սև ամպերով, մինչդեռ արևելյան սարերի գագաթները լուսավորվում են վերջալույսի կարմրավուն ցոլքերով:
Վրա են հասնում նաև մյուս խմբերը: Նրանց հետ է նաև տեր Քաջեն` սպառազեն, իր թոռների` գալեկուզանցոց առաջն անցած: Մոտենում է հրամանատարին.
Սրգե ջան, – ասում է հատկտած ձայնով, – Սասնա անունն ու պատիվ քու ձեռն է… Կուզանցոց ուր էս կանգնեցնում…
Դու աղոթիր մեր համար, տեր հայր…
Այո, կաղոթեմ, ծեր առյուծը ցանկապատից թռչել չի կարող…, բայ մռնչալ կարող է…. Դուք, որդյակներս, իմ կռիվն էլ արեք…
Կրպե. “ Տեր Քաջե, գյուղերը մարդ մնաց…”
Միայն պահապանները… Մնացյալն այստեղ են բոլորը…
Նկատում է Կրպեի հետևը կանգնած Լորեին.
Աղջիկս, դու բայազեթցու նման չես, դու սասնիկ ես…
Մայրս այդպես է պատվիրել…
Կրպեն չգիտես ինչու սարսռած հետ է նայում: Նա և ուզում է և չի ուզում, որ Լորեն այստեղ` մարտի դաշտում լինի, իսկ նա` սասունցու առնական զգեստով, զինավառ կանգնած է Կրպեի մոր կողքը:
Դուն էլ ես կռվելու…
Գոնե քո զենքը կլցնեմ…
Կրպեն զարմացած նայում է վրեժխդիր աղջկան. ուր է այն հեզ ու լացող Լորեն…
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 16)





