Ժամանակակից թուրքերենի հայրը՝ Հակոբ Մարթայան

Ժամանակակից թուրքերենի հայրը՝ Հակոբ Մարթայան

Հարթակ – 27 Սեպտեմբերի 2019,

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Թուրքիայում նշվեց ժամանակակից թուրքերեն լեզվի 87-ամյակը: 80 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Թուրքիայում քչերը գիտեն, որ թուրքերեն լատինատառ այբուբենը և քերականությունը ստեղծող Հակոբ Դիլաչարն ունի հայկական ծագում: Քողարկելու համար Հակոբ Դիլաչարի՝ հայկական ծագում ունենալու փաստը, գրեթե ամենուր մակագրվում է որպես A. Dilâçar, որպեսզի չերևա հայկական անունը:

Հակոբ Մարթայանը ծնվել է 1895 թ. Կոստանդնուպոլսում, սովորել Օսմանյան կայսրության ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում՝ Ռոբերտ Քոլեջում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է կովկասյան ռազմաճակատում, սակայն եղել է պահեստազորի սպա և գերմանացի զինվորներին սովորեցրել թուրքերեն: Հենց պատերազմի տարիներին է ծանոթացել Թուրքիայի ապագա հիմնադիր Մուսթաֆա Քեմալի հետ: Պատերազմից հետո հայկական մի շարք համայնքներում՝ Բեյրութում, Սոֆիայում, հայագիտական գործունեություն է ծավալել: 1932 թ. սեպտեմբերին Մարթայանը և ևս երկու հայ լեզվաբաններ՝ Ստեփան Գուրդիկյանն ու Գևորգ Սիմքեշյանը, հրավիրվում են Ստամբուլում գտնվող Դոլմաբահչե պալատ (պալատի ճարտարապետը Պալյանների հայտնի գերդաստանից է, պալատը ծառայել է նաև որպես սուլթանի նստավայր), որտեղ անցկացվում էր թուրքերենին նվիրված առաջին կոնֆերանսը:

Հակոբ Մարթայանի շնորհիվ Թուրքիայի մեծամասնության համար անհասկանալի օսմաներենին ու արաբատառ գրին փոխարինելու եկան լատինատառ այբուբենն ու ժամանակակից թուրքերենը, և դա համարվում է Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավոր բարեփոխումներից մեկը:

Կա հետաքրքիր պատմություն, թե ինչից հետո Աթաթուրքի մոտ ծագեց լեզվական բարեփոխման ծրագիրը: Աթաթուրքին ուղղված նամակներից մեկում Քեմալի անունը գրված էր ոչ թե كمال ( Քեմալ ), այլ جمل (ուղտ), ինչը առաջացրել էր Թուրքիայի առաջնորդի զայրույթը:

Մարթայանը, բացի այբուբենից, հսկայական դեր է ունեցել նաև քերականության ձևավորման գործում: Նա է Մուսթաֆա Քեմալին տվել Աթաթուրք ազգանունը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում: Նորօրյա թուրքերենի ստեղծման գործում ունեցած հսկայական դերի համար Աթաթուրքը ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո Հակոբ Մարթայանին տալիս է Դիլաչար ազգանունը (թրք. լեզու բացող), իսկ Աթաթուրքի կողմից ազգանուն ստանալն այդ ժամանակ մեծագույն պատիվ էր համարվում Թուրքիայում: Ի դեպ, Մարթայանը բազմիցս իր ուսանողներին ասել է, որ ազգանուն տալու ժամանակ Աթաթուրքը նշել է, որ իր անունը ոչ թե Հակոբ Դիլաչար է, այլ Հակոբ Մարթայան-Դիլաչար:

Մարթայանը դարձավ նորաստեղծ Թուրքական լեզվաբանական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը, իսկ Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալը, վարչապետ և ապագա նախագահ Իսմեթ Ինոնյուն զբաղեցնում էին հիմնադիր-նախագահի պաշտոնը: Մարթայանը նաև մեծ ներդրում է ունեցել թուրքական հանրագիտարանի ստեղծման գործում (զբաղեցնում էր գլխավոր խորհրդատուի պաշտոնը): Հանրագիտարանի ստեղծման ժամանակ, երբ հայերի մասին պետք է գրվեր, Մարթայանը այդ պարտականությունը վերցրեց իր վրա: Հանրագիտարանի հոդվածներն այդ ժամանակ հրատարակվում էին հատ առ հատ: Հայերի մասին հոդվածի հրատարակվելուց հետո դժգոհությունների մեծ ալիք բարձրացավ: Հանրագիտարանի ստեղծման հանձնաժողովում պնդում էին, որ այդ հոդվածը հայերի քարոզչություն է, և անմիջապես բոլոր տպաքանակները հետ կանչվեցին ու, ցավոք, ոչնչացվեցին, իսկ հայերի մասին հոդված գրելու պարտականությունը տրվեց այլ մարդու:

Կ. Պոլսում գործող հայկական «Մարմարա» օրաթերթի բազմամյա գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեջյանը (1967 թվականից մինչ օրս), որը մտերիմ հարաբերություններ ուներ Մարթայանի հետ, հետաքրքիր պատմություն է պատմել մասին, որն անձամբ Մարթայանն է պատմել: Աթաթուրքը սիրում էր ամեն գիշեր խնջույքներ կազմակերպել, որին մասնակցում էին բազմաթիվ մտավորականներ, քննարկում կարևոր թեմաներ: Մի անգամ հավաքներից մեկի ընթացքում, որին ներկա էր նաև Հակոբ Մարթայանը, Աթաթուրքը ներկաներին խնդրում է, որ ամեն մեկը մի երգ երգի: Մի հույն թուրքերի և հույների բարեկամության մասին է երգում, իսկ երբ հերթը հասնում է Մարթայանին, նա սկսում է երգել Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերգը: Մեծ աղմուկ է բարձրանում, սակայն միջամտում է Աթաթուրքը և ասում, որ ամեն մեկն իր ազգային սրբությունն ունի:

Հակոբ Դիլաչարը լայն գործունեություն է ծավալել նաև հայագիտության գործում, հեղինակել մի շարք գործեր, կատարել թարգմանություններ: Ըստ տարբեր տվյալների՝ տիրապետել է մոտ 2 տասնյակ լեզուների: Եղել է թյուրքերենի մասնագետ, այդ թվում՝ ույղուրերենի, ադրբեջաներենի: Դիլաչարը մահացել է 1979 թ. Ստամբուլում:

Արգամ Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail