ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայկական բանակի բլից-կրիգը. վարչապետը տպավորված է

Հայկական բանակի բլից-կրիգը. վարչապետը տպավորված է

28.09.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանում ձեւավորվել է գործող հայկական բանակին համարժեք եւս մի բանակ, սեպտեմբերի 28-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այցելել էր Սիսիան՝ Հայաստանում անցկացվող խոշոր զորավարժությանը հետեւելու համար: Զորավարժությունը ներառում է զորահավաքի անցկացում, եւ վարչապետը արձանագրում է, թե ինչպիսի ծավալով եւ արագությամբ է տեղի ունեցել պահեստազորի հավաքագրումը, որը զորավարժության առանցքային նպատակներից մեկն էր:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել թե զինկոմիսարիատ ներկայացած քաղաքացիներին, թե զորավարժությունն անցկացնող կառույցներին, Պաշտպանության նախարարությանն ու այլ պետական ու տեղական կառավարման մարմինների:

Գործնականում, վարչապետ Փաշինյանն արձանագրել է հայկական բանակի բլից-կրիգը, թեկուզ պահեստազորի հավաքագրման իմաստով: Բանն այն է, որ հավանական պատերազմի պայմաններում, կամ հնարավոր պատերազմի կանխարգելման համար անհրաժեշտ պաշտոնական կարողությունների առումով հույժ կարեւոր է, թե ինչպիսին է պահեստազորի հավաքագրման կարողությունը, արագությունը, մասշտաբը:

Զորավարժության ընթացքն ու արդյունքն անշուշտ պետք է վերլուծվի մասնագիտորեն, մանրամասն հասկանալու համար, թե որտեղ է հաջողությունն ու որտեղ կան խնդիրներ, բացեր, որոնք պետք է լրացնել: Ընդ որում, այդ հանգամանքների զգալի մասը կպահանջի գաղտնիության ռեժիմ: Ընդհանուր առմամբ, սակայն, պետք է ենթադրել, որ վարչապետը արձանագրում է կարեւոր բաղադրիչի բավականին գոհացուցիչ արդյունք:

Այդ հանգամանքը Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության, հակառակորդի նաեւ երկարաժամկետ զսպման ռազմավարական խնդրում, գործոնների ընդհանուր համալիրում անշուշտ ունենալու է իր կարեւոր դերն ու տեղը:

Մոբիլիզացիոն կարողությունների կատարելագործումը անշուշտ պետք է լինի Հայաստանի անվտանգության առանցքային բաղադրիչներից մեկը: Այստեղ իհարկե խնդիրը անշուշտ բազմաշերտ է եւ հարցն այն է, թե որքանով է այն հայեցակարգված, այսպես ասած ինստիտուցիոնալացված: Որովհետեւ մեխանիզմը կարող է մի կերպ աշխատել հայտարարված զորավարժության, մեկ այլ կերպ՝ «չհայտարարված» պատերազմի կամ հարձակման իրականության պայմաններում:

Իսկ դա արդեն ենթադրում է իրավիճակի համալիր ընդգրկում, բացի զուտ կանչ-արձագանք հավաքագրական գործընթացից: Այդպիսով խնդիրը հանգում է թերեւս «ազգ-բանակ» հայեցակարգին, որը Հայաստանում սկսեց դիտարկվել ապրիլյան քառօրյայից հետո: Սակայն այդ դիտարկումները մնացին լոկ քաղաքական կոնյուկտուրայի տիրույթում: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը «նույնացվեց» իշխանության հետ, ըստ այդմ դրա վերաբերյալ արձագանքն էլ զգալի մասով «նույնացվեց» իշխանության հանդեպ քաղաքական վերաբերմունքի հետ:

Հետեւանքը այն եղավ, որ դարձյալ անուշադրության կամ նենգափոխման ենթարկվեց Հայաստանի համար կարեւորագույն, առանցքային խնդիրը, ընդ որում նույնիսկ անկախ այն բանից, թե ինչպես կանվանակոչվի հայեցակարգը կամ մոտեցումը՝ ազգ-բանակ, թե որեւէ այլ կերպ: Աներկբա է, որ Հայաստանի պաշտպանունակության, անվտանգության խնդրի երկարաժամկետ լուծումների շարքում դա հիմնարար նշանակություն ունեցող հանգամանք է, ընդ որում ոչ միայն զուտ պաշտպանունակության, այլ նաեւ այդ հարցում ինքնաբավության հնարավորինս բարձր մակարդակի, ըստ այդմ՝ նաեւ ինքնիշխանության բարձր մակարդակի առումով:

lragir.am/2019/09/28/479927/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail