Ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Նիկոլ Փաշինյան

Ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Նիկոլ Փաշինյան

28.09.2019 | Ներքին կյանք | Lragir.am:

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։

Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։

Դիմելով զորավարժությունների մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Զորավարժությունների հարգելի մասնակիցներ,

Պաշտպանության մեծարգո նախարար,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեծարգո նախարար,

Զինված ուժերի գլխավոր շտաբի մեծարգո պետ, հարգելի սպաներ, սիրելի զինվորներ,

Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ: Ի՞նչ գործնական նպատակ ունեն այս զորավարժությունները և ինչի՞ համար են անցկացվում: Դրանց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն մեր Զինված ուժերի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: Արդեն 4 օր զորավարժությունները տեղի են ունենում և կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Ըստ էության, այժմ մեծ ուրախությամբ արձանագրվում է, որ զորավարժությունների հայտարարումից, մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ: Եվ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր շատ արագ և օպերատիվ կերպով արձագանքել և ստանձնել են իրենց պարտքի կատարումը հայրենիքի առաջ: Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մարտունակ են, Հայաստանի Հանրապետության հանրությունը մարտունակ է և մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմիններին, որոնք մասնակցություն են ունեցել և ունեն զորավարժությունների անցկացմանը: Մենք, ըստ էության, այս զորավարժություններով ստուգում ենք նաև, թե ինչ աստիճանի փոխգործակցություն գոյություն ունի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչքանով է հղկված, ինչքանով է մշակված:

Գիտեք, որ նախորդ տարի մենք իրականացրինք «Շանթ» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց արդյունքներն ամփոփելով մենք արեցինք որոշակի վերլուծություններ, որոշակի շտկումներ: Այս զորավարժությունները ցույց տվեցին, որ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ ունենք, ինչը նույնպես մեզ վստահություն է տալիս մեր երկրի պաշտպանունակության առումով:

Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենալու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունենալու կրակային և տեսական պարապմունքներ, ներդաշնակեցում և այդպես շարունակ: Եվ ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ զորավարժությունների մասնակիցներին տեսնում եմ բարձր մարտական տրամադրությամբ, տեսնում եմ դուխով և նվիրված հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ նաև ձեր ընտանիքներին շնորհակալություն հայտնել, որոնք այս ընթացքում առանց տրտնջալու և նույնիսկ գոհունակությամբ են արձանագրում, որ իրենց ամուսինները, որդիները, հայրերը մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ բոլորիս մաղթել հաջողություններ, ես հիմա արդեն համոզված եմ, որ զորավարժություններն արդեն իսկ ունեն լավ արդյունքներ և բոլորդ այստեղից ձեր քաղաքացիական կյանքին կվերադառնաք բարձր տրամադրությամբ, մարտունակության, միասնականության, կամքի և վճռականության ոգին տարածելով նաև քաղաքացիական կյանքում: Չնայած հիմա մենք ոչ քաղացիական կյանքում, ոչ էլ զինված ուժերի շրջանում նման մթնոլորտի պակաս չունենք, բայց այդ մթնոլորտների ներդաշնակեցումը, համակցությունը, համադրումը շատ կարևոր է մեր երկրի համար:

Զորավարժությունների սիրելի մասնակիցներ, պարոնայք սպաներ, գեներալներ, կառավարության հարգելի անդամներ, ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիս շնորհավորել այս մասշտաբային միջոցառման կապակցությամբ և արձանագրել, որ մեր երկիրն այս զորավարժությունների արդյունքում ցույց տվեց իր մարտունակությունը, ցույց է տալիս իր կենսունակությունը և ցույց է տալիս պետություն-կառավարություն-հանրություն համագործակցության և վստահության բացառիկ բարձր աստիճան, ինչը մի երևույթ է, որի համար մենք իսկապես պետք է միմյանց շնորհավորենք: Ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր կրակոցները՝ ուղղված պայմանական հակառակորդին, խոցեն պայմանական թիրախները: Շնորհակալ եմ»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։

Այնուհետև վարչապետը Սուրեն Պապիկյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սիսիան քաղաքում, զրուցել բնակիչների հետ: Վարչապետին են ներկայացվել Սիսիան խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը: Քաղաքապետը նշել է, որ ներկայումս շինարարության մեջ ունեն 40 թափուր աշխատատեղ՝ օրական 6 հազար դրամաշխատավարձով: 1 միլիարդ 150 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների, շենքերի տանիքների նորոգման, ջրագծերի կառուցման աշխատանքներ: Մուծք գյուղում համայնքի համաֆինանսավորմամբ ՝ 31 միլիոն դրամով, իսկ Անգեղակոթում՝ 200 միլիոն դրամով ջրագիծ է կառուցվում:

Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցի:

lragir.am/2019/09/28/479850/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail