Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Բյուրակնում 3 հազարամյա հնությամբ ցորենի հատիկներ են գտնվել
2019/10/01 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Ներկայում Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող հայկական Բյուրակնում (թուրք․ անվանումը՝ Բինգյոլ-Ակունքի խմբ․) կատարված հնագիտական պեղումների արդյունքում 3 հազար տարվա հնությամբ ցորենի հատիկներ են պեղվել։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը։
Աղբյուրում հրապարակված լուրի համաձայն՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Մշակութային հարստությունների և թանգարանների գլխավոր տնօրինության ղեկավարությամբ Բինգյոլի Սոլհան գավառի Մուրադ գյուղում գտնվող Նորիկ անվամբ հողաբլրի վրա դեռևս անցյալ տարի մեկնարկած պեղումները շարունակվում են՝ «Ֆըրաթ», «Յուզյունջյու Յըլ» և «Բինգյոլ» համալսարանների մասնագետների մասնակցությամբ։
Էլազըղի (Խարբերդ-Ակունքի խմբ․) թանգարանի տնօրեն Զիյա Քըլըչի ղեկավարած պեղումներին մասնակցում է 158 հոգանոց մի խումբ, որը գտել է ուրարտական և բյուզանդական ժամանակաշրջաններին պատկանող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ 3 հազարամյա հնություն ունեցող ցորենի հատիկներ։
«Ֆըրաթ» համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հնագիտության բաժնի դասախոս Աբդուլքադիր Օզդեմիրը լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ցորենի տեսակը որոշելու նպատակով այն ուղարկելու են ԱՄՆ-ում գտնվող մի լաբորատորիա։
Հիշեցնենք, որ երկու տարի տևած սույն պեղումների ընթացքում հայտնագործվել է 3․600 տարվա վաղեմություն ունեցող մի ուրարտական բնակավայր, ինչպես նաև՝ բյուզանդական դարաշրջանի բազմաթիվ գտածոներ։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net