ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտներ ստեղծի Ամերիկայի այն քաղաքացիների համար, ովքեր փորձում են այցելել Արցախ. Ֆրենկ Փալոուն
01 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնցից մեկն այն է, որ ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտներ ստեղծի Ամերիկայի այն քաղաքացիների համար, ովքեր փորձում են այցելել Արցախ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը՝ նշելով, որ ամերիկացիները պետք է հնարավորություն ունենան այցելելու Արցախ, որպես զբոսաշրջիկներ:
Ֆրենկ Փալոունի խոսքով՝ ինքն օրինագիծ է ներկայացրել պետդեպարտամենտ, որով կոչ է արել, որպեսզի Արցախ այցելության դեպքերում խոչընդոտներ չլինեն:
«Քննարկել ենք նաև Արցախի անվտանգության հարցը: Ինչպես նաև այն խնդիրը, որ ԱՄՆ-ն չպետք է ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին: Վերջին երկու տարիների ընթացքում Ամերիկայի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին աճել է, և մենք նամակ ենք հղել պետդեպարտամենտ, որով կոչ ենք անում դադարեցնել այդ աջակցությունը: Քննարկել ենք նաև արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծմանը վերաբերող հարցեր: Եկել ենք այն եզրակացության, որ իրավիճակը չափից ավելի լարված է, իսկ որպեսզի խաղաղ կարգավորում լինի պետք է աշխատենք այդ լարվածությունը թուլացնել»,- մասնավորապես ավելացրել է Ֆ. Փալոունը:
Ըստ նրա՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը 25 տարի առաջ ստեղծվել է իր կողմից: Նպատակն այն էր, որ Կոնգրեսի երկու կողմերին՝ դեմոկրատներին և հանրապետականներին կոչ անեն, որպեսզի նրանք աջակցեն Հայաստանին և Արցախին՝ բարելավելով ԱՄՆ-Արցախ և ԱՄՆ-Հայաստան կապը:
«Մենք փորձում ենք մեր կոլեգաներին ուղղորդել, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն Արցախի և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը»,-նշել է Ֆ. Փալոունը:
artsakhpress.am/arm/news/114465/amn-n–chpetq–e–khochyndotner–stextsi-amerikayi–ayn—qaxaqacineri–hamar-ovqer—pordzum–en—aycelel–arcakh-frenk-paloun.html