ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 17)

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 17)

ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)

Լորեն Էլմայի հետ մնում են դիրքերում, Կրպեի մայրն իր եղբոր հետ հեռանում են դեպի անմատչելի և ապահով ժայռերը… Ծեր տերտերը հոնի մականը ձեռին նման է Նպատի գլխին աղոթելու բարձրացող Մեծն Ներսեսին…

Հայերից մեկը` երիտասարդ Մըսոն, սպանվում է քրդի գնդակից: Նրա հորղբայրը` Հեպոն, որ փորձում է հասնել զարմիկին օգնության, ևս սպանվում է… քուրդը փորձում է խլել Մըսոյի հրացանը: Հեպոյի ինը տարեկան դուստրը` Բըսսոն, այդ տեսնելով, հոր ու հորեղբոր որդու վրեժով լի, ցատկում է դարավանդի գլխից, ուր հեռացել էր Կրպեի հրամանից հետո, մի քարով ջախջախում է քրդի գլուխը, խլում է եղբոր հրացանն ու նույն արագությամբ ցատկում վերև…
Բոլորը զարհուրած են տեսածով…

– Ըծու, աղջիկ, էդ ինչ էրիցիր…
– Բըսսո~, չվախեցար…
– Ինչ էրիցի, – պատասխանում է աղջիկը միամիտ ժպիտով, – չթորկի, ուր զմըր զեն անօրան տիրի, մըրոնց վրեժն առի…

Կռվի պատկերը հետզհետե փոխվում է…

Գալե-Կուզանցիների հետ հայերի թիվը հասնում է հազարի, ավելանում են նաև քրդերը, որ հանկարծ առաջ են գալիս ու նորից կրակում: Երկու հայ են վիրավորվում: Պատասխան համազարկի ծուխը քաշվելուց հետո տեսնում են մոտ տաս քուրդ վիրավոր ընկած:

Քրդերը նորից են կրակում. դարձյալ անօգուտ: Զեյնալը կատաղած` ձիով հասնում է մի ժայռի տակ ու կրակում է: Սրգեն` զբաղված իր հրացանով, չի հասցնում նկատել թշնամուն, վիրավորվում է կրակոցից:

Վախեցնել ես ուզում, շուն, – գոռում է նա և մենակ գնում դեպի թշնամին: Մինչդեռ նշան էր բռնում Զեյնալին կրակելու, մի ուրիշ գնդակ խփում է Սրգեին: Նա կաղնու նման ընկնում է գետին: Հայոց բանակը ցնցված ճիչ է արձակում: Արածից խրախուսված քուրդը առաջ է վազում և ընկնում ժայռի գլխից որոտացող կրակոցից:

Կրպեն, տեսնելով հորեղբոր որդու վիրավորվելը, ինքն է ստանձնում հրամանատարությունը:

Քաջացեք, ես եմ զորավարը…. Կրա~կ:
Հրացանները ճիշտ նշան են բռնել. մի քանի տասնյակ սպանված քուրդ գլորվում են գետին… Քրդերը վայնասուն են բարձրացնում…
Օժանդակները` հեռի~..
Կանայք ու երեխաներն անջատվում են զինվորներից:
-Սրերն ի մա~րտ…
Ծփուն անտառի պես շողշողում են մերկացրած լահորի սրերը…
Ի մա~րտ…
Հայերն` վահանը մի ձեռին, սուրը` մյուս, նետվում են առաջ: Սկսվում է սրամարտը:

Սրգեն ծանր վիրավոր է…

Կրպեի ղեկավարած ջոկատը քրդերի ահագին բանակը քշում է մինչև կիրճը, հալածում մինչև լեռնագոտին, որից անդին հակառակորդի հիմնական զորքն էր կանգնած…

Ոչ թուրք կա, ոչ քուրդ, ոչ արաբ… Քսան հազարանոց բանակը խուճապահար փախել է հազար հայի ահից: Փախել է նաև Զեյնալը` քառասունի չափ սպանված ու վիրավոր թողնելով…

Կրպեի դեմքը մռայլված է, լի վրեժնդրությամբ… Հրամայում է չհալածել փախչող թշնամուն, մի քանի խմբի` խուզարկել դիակները, վազում, խլում է Սրգեին հարվածող քրդի ահագին մարմինը, որ մի թոսուն էր, բերում գլորում է Սրգեի ոտների տակ…

Սրգե, Սրգե ջան, ինչ ես լինում…
Մեռնում եմ… ուր է կինս…
Էստեղ եմ, Սրգե ջան…, Հայրոն էլ մոտս է…
Լավ…:
Ժպտալով նայում է Կրպեին.
Կրպե ջան, առ հրացանս, սպանիր ինձ սպանողին… Մեռնում եմ, եղբայրս…
Քեզ սպանողն արդեն սպանված է… ուզում ես, աչքիդ առաջ հոշոտեմ նրան….
Բերանը վառոդ լից…, կրակ տուր… բավական է…
Կրպեն անմիջապես մեռածի բերանը վառոդ է լցնում, կայծքարով վառում աբեթի ծայրը, կարկառում զորավարին….
Կուզես կրակը քո ձեռով տալ…
Ոչ…, հեռացրու մի կողմ… ինքդ արա…
Կրպեն անմիջապես կատարում է հրամանը…

Սրգե ջան, որտեղից ես զարնված, – լալիս է կինը, ամուսնու գլուխը ծնկերին առախ, – չես նայում որդուդ…, ախր քո Հայրոն է…

Հայրիկ, – լալիս է վեցամյա մանչուկը, հոր ձեռքերն ու ճակատը պաչպչելով, – ես եմ, Հայրոդ եմ…. վեր կաց… գիշեր է, տուն երթանք…. գիտես, ինչքան քուրդ սպանեցինք…

Սպասիր, տղաս, – փորձում է շիտկվել հայրը, – շատ է ցավում… վերքս…
Վիրավորից 20-25 քայլ հեռու որոտում է պայթյունը, որ ցրիվ է անում քրդի գանգը: Սրգեի դեմքին թախծալի գոհունակություն է գալիս… Գլուխը նորից իջեցնում է կնոջ ծնկին…
– Ես… մեռնում եմ… համբուրեցեք վերջին անգամ… Կրպե ջան, Հայրոյիս հերություն կանես… Լավ նայիր…
– Եղբայրս…

– Դու իմ վրեժն առար, Կրպե ջան… Հայ… րոս.., կինս… տեր կկանգնես… չթողնես…

Դարձյալ հնչում է Աստուրի թմբուկը, նվագելով յարխուշտայի եղանակը: Զինվորները գլխի ապարոշներով իրար են կապում հրացանների փողերը, վրան թիկնոցներ փռում, պատգարակ սարքում, բարձրացնում են իրենց զորավարի և մյուս ընկածների մարմինները, վիրավորներին:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

//lousavor-avedis.org//

Facebooktwitterredditpinterestlinkedinmail