PKK. «Սիրիայում յուրաքանչյուր տուն ու փողոց մարտական դիրքի է վերածվելու»
10 Հոկտեմբեր 2019 – ՔԱՂԱՔԱԿԱՆ:
«Քուրդիսատանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ:
PKK-ն հայտնել է, որ թուրքական պետության զավթիչ հարձակումների դեմ յուրաքանչյուր տուն, բնակավայր, փողոց վերածվելու է մարտական դիրքի և քրդական մյուս կառույցներին կոչ արել ակտիվացնել գործողությունները Սիրիայի հյուսիսում:
Գործադիր կոմիտեի հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Ֆաշիստ-գաղութատիրական Թուրքիան, քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դեմ ուղղված միջազգային դավադիր հարձակման 21-րդ տարելիցին` 2019թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ից Ռոժավա (Արևելք) Քուրդիստանի ուղղությամբ ողջ սահմանի երկայնքով զավթիչ և ցեղասպանական գործողություն է սկսել»:
Նշվում է, որ այդ պահից սկսած Սիրիայի հյուսիսային և արևելյան սահմանամերձ քրդաբնակ գյուղերն ու գյուղաքաղաքները ռմբակոծվել են բարբարոս թուրքական բանակի տանկերի, գնդացիրների և ինքնաթիռների կողմից:
«Այն, ինչ չկարողացավ 2014թ. սեպտեմբերի 15-ին Քոբանիի դեմ հարձակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաջողել, այժմ ցանկանում է հաջողել քրդերի և մարդկության թշնամի «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության ֆաշիստական դիկտատուրան»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ «Քուրդիսատանի բանվորական» կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական կառույց է համարվում:
Աղբյուր` Anfturkce.com