Կարո Քահքեջյան – Իմ կուսակցությունն իմ հայրենիքն է. բացվեց Սպիտակ Արջի հուշակոթողը
27 ՀՈՒՆԻՍ 2013 – ՀԱՍՄԻԿ ՄԻԼԻՔՍԵԹՅԱՆ:
«Կարոն ինձ իրենց ջոկատ չէր ընդունում: Ինքն էլ իր պատճառներն ուներ: Մի քիչ դանդաղաշարժ էի: Հենց առաջին հանդիպումից ասաց` չէ: Մի երեք անգամ գնացի: Երրորդ անգամ էլ գնացի` համաձայնեց: Փառք Աստծո, Կարոն հուսախաբ չեղավ հենց առաջին կռվից հետո: Պառկել չէի սիրում, թաքնվել չէի սիրում, իսկ նա ստիպեց իրեն ենթարկվել»,- հիշում է ազատամարտիկ Կրակ Ժիրոն: Ինչպես նա է նշում` «Կրակ» մականունը հենց Կարոն է տվել:
20 տարի առաջ Մարտակերտի Պուշկենյալ բարձունքի գրավման օրը զոհվեց Խաչակիրներ ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Կարո Քահքեջյանը (Սպիտակ Արջ):
Հունիսի 26-ին Թելմանի անվան 13-րդ դպրոցի բակում «Հայ ասպետ» հիմնադրամը Կարո Քահքեջյանի մարտական ընկերների հետ բացեց հերոսի հուշակոթող-աղբյուրը:
Հուշակոթողի բացմանը ներկա էին Խաչակիրներ ջոկատի մարտիկները, նրա հարազատները, Պարգև Սրբազանը, ում հովանո ներքո էլ Կարոն գնացել էր Արցախ, «Հայ Ասպետ» հիմնադրամի ողջ կազմը և բազմաթիվ այլ մարդիկ:
Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչ խորհուրդ ունի հուշակոթողը, «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը պատասխանեց.
«Իմ մեծ ցանկությունն էր, որ հուշակոթողը ծաղկած քարերից լիներ: Կարոն մշեցի էր, ինչպես և ես, ուզեցի, որ պոկված ժայռի կտորներ լինեն`անտաշ, վայրի: Որոշեցինք, որ իր դեմքով և բնականաբար աղբյուրով հուշակոթող լինի, ինչն էլ հավերժության խորհրդանիշն է: Ամեն խմող, ուզի թե չուզի, ջուր խմելիս պիտի խոնարհվի, գլուխ խոնարհի Կարոյի առաջ, եթե անգամ դրա գիտակցումը չունի, ոչինչ թեկուզ անգիտակցաբար»,-նշեց Կարին Տոնոյանը:
Դպրոցի դահլիճում կազմակերպվել էր հուշ-միջոցառում, որտեղ Հայ ասպետներն ու Նժդեհիկները ներկայացրին Կարո Քահքեջյանի կյանքը, մարտական ուղին` ողջ երեկոն պահելով հայրենասիրական ու ազգային երգ ու պարի մթնոլորտում:
Կարոն ջոկատի անունը «Խաչակիրներ» էր դրել ոչ թե նրա համար, որ տղաները բոլորը հավատացյալ էին, այլ որ ոչ մի կուսակցության չէին պատկանում: Քրիստոնյա էին և առաքելական եկեղեցու խաչի ներքո են ծառայում: Նա ԱՄՆ-ից Հայաստան եկավ որպես դաշնակցական, հետո թողեց և ասաց` իմ կուսակցությունն իմ հայրենիքն է:
Սպիտակ արջի հարազատները հուզված էին: Նրանցից յուրաքանչյուրի աչքերում արցունքներ էին` հուզմունքի, անսպասելիության, կարոտի:
Միջոցառման ողջ ընթացքում Կարոյի հորեղբոր տղան` Հրայր Ագուլյանը, աչքերից սրբում էր արտասուքը:
«Ինչ պիտի ասեմ, չգիտեմ (հուզված է)։ Կատարյալ էր, շատ զգացված եմ, չեմ կարողանում կենտրոնանալ, մեկ իր դեմքն եմ հիշում, նրա վարվելակերպը: Հիշում եմ, թե ինչպես նորից հանդիպեցինք: 12 հորեղբոր զավակներ ենք, բայց իր հետ կապն առանձնահատուկ էր: Այսքան մարդ, այսքան պատիվ իրեն, իսկապես ինձ համար կարևոր էր: Երազմի մեջ եմ հիմա»-ասում է Հրայր Ագուլյանը:
Ըստ նրա` Կարոյի արածը ոչ ոք չէր անի. հարուստ ընտանիքի զավակ էր: Նյութական վիճակը շատ-շատ լավ էր: Սիրած աղջիկ ուներ, պիտի ամուսնանար, ամեն ինչ թողեց ու եկավ:
«Լավ եմ հիշում՝ նույնիսկ հարցրի սիրած աղջկա մասին, ասաց` իմ հայրենիքն իմ ընտանիքն է»,-հիշում է Կարոյի եղբայրը:
«Սիրիա էի, երբ նամակ եկավ, որ Կարոն նահատակվել է: 1993-ին ինձ նամակ ուղարկեց, որ այստեղ պատերազմը ավարտվում է, հաղթում ենք, այնքան կարևոր է նամակը, որ Սիրիայից փախչելիս հետս վերցրել եմ: Նա ինձ համար միայն հորեղբոր զավակ չէ»:
Կարոն Արցախի մասին ասում էր. «Ինչ էլ լինի պահել ու պահպանել հայկական հողի այս կղզյակը: Թերևս մեր հայրենիքի միակ վայրը, որտեղ մնացել են, բառիս լավ իմաստով մնացել են նահապետական ավանդույթները, որտեղ ամեն ինչից բարձր են գնահատում ընտանիքի սրբությունը, որտեղ ամեն ինչից բարձր են գնահատում մարդկային անշահախնդրությունը»:
Միջոցառման ավարտից հետո հյուրերին հնարավորություն տրվեց տեսնել Կարո Քահքեջյանի անունով կոչված դասարանը, նրա անկյունը:
«Մենք այսպիսի սկզբունք ունենք, ամեն մի դասարանը մենք դասակ ենք անվանում:
Անցած տարի Կարոյի 50-ամյակն էինք նշում, այս դասարանը անվանեցինք նրա անունով: Դա օգնում է, որ երեխաները ավելի պարտավորված զգան. նրանք Կարոյի դասակն են, Կարոյի զինվորներն են, պիտի նմանվեն Կարոյին: Մեր դաստիարակության գործը մի քիչ հեշտանում է, որովհետև մեզ Կարոյի անունն է օգնում»,-Ռազմինֆոյին ներկայացնում է Կարին Տոնոյանը:
Իսկ արդեն Կարոյի դասարանում հավաքվեցին նրա մարտական ընկերներն ու հարազատները: Խմեցին նրա կենացն ու ծայր առան նրա մասին հուշերը: Ժամանակ առ ժամանակ ինչպես մարտի դաշտում «ուռա, ուռռա, ուռռա» էին կանչում, կարծես հերթական հաղթանակն են տոնում… հավաքվել էին բոլորը` Կարոյի «դասակում», Կարոյի հրամանատարության տակ:
Նկարները` Ռազմինֆոյի և Ջորջ Տաբակյանի
ORIGINE SOURCES-razm.info/13696?f