Քրտերին սպասւում է նոյն ճակատագիրը, ինչ հայերին` 1915-ին. թուրքական ներխուժման երկրորդ օրը

Քրտերին սպասւում է նոյն ճակատագիրը, ինչ հայերին` 1915-ին. թուրքական ներխուժման երկրորդ օրը

2019/10/15 – ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

ԱՐԳԱՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

«Իմ ասպարէզի մէջ առաջին անգամ ամօթ եմ զգում: Ականատես եմ եղել Թուրքիայի վայրագութիւններին: Անվտանգութեան բոլոր համաձայնութիւններին քրտերը համապատասխանում էին: Քրտերը մեր օգնութիւնն են խնդրում, իսկ մենք ոչինչ չենք անում: Թուրքերին այս սահմանից ոչ մի վտանգ չէր սպառնում: Սա խենթութիւն է», յայտարարել է Սիրիայում գտնուող ամերիկացի զինուորականներից մէկը, որի հետ «Ֆոքս Նիուզ»-ի թղթակիցը հեռախօսազրոյց է ունեցել:

Իսկ թուրքական «Եուրոնիուզ»-ի լրագրող Էնիս Կիւնայտընը յայտնում է, որ ամերիկացի մի այլ զինուորական էլ իրեն ասել է. «Չեն հասկանում խնդիրը: Որոշման հետեւանքներից տեղեակ չեն: Էրտողանը իսլամիստ է: Խելքը գլխին մարդ չէ»:

Օրեր առաջ Միացեալ Նահանգների նախագահը յայտարարեց, որ դուրս է բերում ամերիկեան զօրքերը հիւսիսային Սիրիայից, իսկ երէկ Փութինի հետ հեռախօսազրոյցից յետոյ Էրտողանը յայտարարեց «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկի մասին: Միջազգային մամուլը հաղորդում է, որ արդէն այսօր յայտնի է դարձել, որ մի քանի հարիւր ամերիկեան զինուորականներ Սիրիայի հիւսիսից անցել են Իրաք:

Երէկուանից արդէն տեղեկութիւններ են հասնում թուրքական վայրագութիւնների վերաբերեալ: Թուրքերը շարունակում են ռմբակոծել Ռաս Ուլ Այն, Գամիշլի, Հասաքէ եւ մի շարք այլ բնակավայրեր, ինչի պատճառով զոհուել են տասնեակ խաղաղ բնակիչներ: Գիշերը թուրքերը եւ նրանց աջակցութիւնը վայելող ժիհատականները յարձակումներ են գործել խաղաղ բնակիչների վրայ: Հայաբնակ Գամիշլիի վրայ իրականացուած յարձակումների ժամանակ աւերուել են ազգային փոքրամասնութիւնների սրբատեղիները, արդէն յայտնի է 4 ասորիի մահուան մասին:

Թուրք պատմաբան Օքթայ Պոզանը թուրքական «Էյ Հապեր» հեռուստաընկերութեան եթերում յայտարարել է, որ սիրիացի քիւրտ բնակչութեանը սպասւում է նոյն ճակատագիրը, ինչ հայերին` 1915 թ.:

Ցերեկը յայտնի դարձաւ, որ Թուրքիայի աջակցութիւնը վայելող, այսպէս կոչուած, «Սիրիայի ազատ բանակը» (մօտ 14.000 զինեալ) միացել է թուրքական զինուժին: Արաբներից եւ սիրիացի թուրքմեններից կազմուած զինուած միաւորումն արդէն մտել է Եփրատ գետի արեւելեան շրջանները:

Թուրքերը նոյնպէս ունեն կորուստներ. լիբանանեան Էլ Մայատին հեռուստաընկերութեան տուեալներով, սիրիացի քրտերի` «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հետ բախումների պատճառով թուրքերն արդէն տուել են 14 զոհ: Ըստ հեռուստաընկերութեան, քրտերը յետ են մղել թուրքերի յարձակումները, նաեւ յաջողուել է թուրքական 4 հրասայլ խոցել:

Թուրքիան, նախքան ներխուժումը, բազմիցս էր յայտարարել, որ, երկրի անվտանգութեան նկատառումներով, անհրաժեշտ է Սիրիայի հետ ձգուող սահմանից (911 քմ) վերացնել ահաբեկիչներին: Ահաբեկիչ ասելով` Էրտողանը նկատի չունի ՏԱՀԵՇ-ի մնացուկներին. Սիրիայի քրտերը երկրում ունեն կիսաանկախ կարգավիճակ եւ չեն ենթարկւում Ասատի կառավարութեանը: Նախքան թուրքական յարձակումը` Միացեալ Նահանգների աջակցութիւնը վայելող քրտերը, ինքնավարութիւն ստեղծելով Թուրքիայի հետ սահմանին, Իրաքեան քուրտաբնակ շրջանների հետ կարող են լուրջ ազդակ դառնալ Թուրքիայի հարաւի համար, որի գերակշիռ մասը քրտերն են: Էրտողանը նախ եւ առաջ վախենում է Մեծ Քուրտիստանի ստեղծումից: Սակայն Էրտողանի համար գործն այնքանով է հեշտանում, որ ցեղախմբերից բաղկացած քրտերը միասնական չեն: Իւրաքանչիւր ցեղապետ ձգտում է ինքը դառնալ ընդհանուր շրջանի ղեկավար: Բացի այդ` միակ մարդը, որն ի վիճակի է միաւորել իրաքեան, թուրքական եւ սիրիական քրտերին, Քուրտիստանի աշխատաւորական կուսակցութեան առաջնորդ Ապտիւլլահ Օճալանն է, որը գտնւում է թուրքական Իմրալը բանտում: Երէկ նշմարուեցին քրտերի միաւորման առաջին կայծերը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովի հետ հանդիպման ժամանակ Իրաքի քրտաբնակ շրջանների նախկին եւ Քուրտիստանի դեմոկրատական կուսակցութեան նախագահ Մեսուտ Պարզանին խնդրել էր, որպէսզի Ռուսաստանը օգնութիւն ցուցաբերի սիրիացի ազգակիցներին:

Ռուսաստանի արձագանգն աւելի քան հակասական է. Սերկէյ Լաւրովը յայտարարել է, որ հասկանում են Թուրքիայի մտահոգութիւնները` երկրի անվտանգութեան ապահովման առումով: Ռուսաստանը կոչ է անում Անգարային եւ Դամասկոսին` երկխօսութեան գալ, ինչպէս նաեւ գոհունակութիւն յայտնում, որ Թուրքիան համամիտ է Մոսկուայի այն մտահոգութիւնների հետ, որ ռազմական գործողութիւնները պէտք է տեղի ունենան Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքով:

Իսկ սիրիական ճգնաժամի լուծմամբ զբաղուող Ասթանայի ձեւաչափի միւս երկիրը` Իրանը, աւելի կոշտ է արձագանգել Թուրքիայի գործողութիւններին: Իրանը պահանջել է Թուրքիայից` անյապաղ դուրս բերել զօրքերը սիրիական հողերից:

Միջազգային արձագանգը նոյնպէս չի գոհացնում Թուրքիային. ԵՄ-ն եւ անդամ երկրները խստօրէն դատապարտել են Թուրքիայի գործողութիւնները: Արաբական երկրները նոյնպէս պահանջել են Թուրքիայից` դուրս գալ արաբական պետութիւն համարուող Սիրիայից: «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ղեկավարներից Իլհամ Ահմետը դիմել է ԵՄ-ին` Թուրքիայից դեսպաններին յետ կանչելու խնդրանքով:

Իսկ ՕԹԱՆ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենպերկը յայտնել է, որ Թուրքիան սեփական անվտանգութիւնն ապահովելու խնդիր ունի (ահաբեկիչներ, փախստականների խնդիրներ), բայց յոյս է յայտնել, որ Թուրքիայի գործողութիւնները կը լինեն համաչափ:

Էրտողանն, իր հերթին, սպառնացել է ԵՄ-ին, որ, եթէ իր գործողութիւնները որակուեն որպէս բռնազաւթում, ապա կը բացի իր սահմանները փախստականների համար, որոնք կը հոսեն դէպի Եւրոպա:

Ներխուժումը Սիրիա եւս մէկ անգամ փաստում է, որ Թուրքիան հետեւողականօրէն շարունակում է փանթուրքական ծրագիրը: Թուրքիան կարողացել է 80 տարուայ ընթացքում, ամբողջ աշխարհի լռելեայն համաձայնութեամբ, բռնակցել իրեն չպատկանող հողեր: 1938 թ. Սիրիայից խլուեց Ալեքսանտրեթի (Հաթայ) սանճագը եւ միացուեց Թուրքիային: 1974 թ. Թուրքիան ապօրինաբար ներխուժեց Կիպրոս` բռնազաւթելով կղզու 36 տոկոսը: Հետագայ տարիներին Թուրքիան փորձում էր նոյն բանն իրականացնել ինչպէս Իրաքում, այնպէս էլ Սիրիայում, որի առաջին քայլերն արդէն անում է: Անշուշտ թուրքական ախորժակը չի պատրաստւում յագենալ եւ հետագայ տարիներին դարձեալ իր մասին կը յիշեցնի ինչպէս մեզ, այնպէս էլ մեր հիւսիսային հարեւաններին:

10 հոկտեմբեր 2019

www.aztagdaily.com/archives/461778

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ

akunq.net/am/?p=68906

Facebooktwitterredditpinterestlinkedinmail