1965թ. հոկտեմբերի 21-ին Կիրովական քաղաքի Դիմաց կոչվող թաղի տներից մեկում, ութսուն տարեկան հասակում, վախճանվեց ութ զավակների հայր, հայ ազատագրական պայքարի նվիրյալ Զորավար Մուրադ Չաուշը: Կիրովականն այդպիսի հուղարկավորություն չէր տեսել: Հողին էին հանձնում Դերջանի թագավորին: Տղան՝ Հենրիկը, պահել էր հոր գրառած հատուկտոր էջերը, իսկ մնացածն իր հետ տարավ, պահ տվեց հողին, որ հող-հայրենին զորանա ու նոր հերոսներ ծնի…
=======
1916 թ. զորքն առաջ է շարժվում եւ մոտենում Դերջանին: Կամավորներից շատերը Դերջանի շրջանից էին եւ սրտերը ժամ առաջ տուն էին թռչում: Թուրքերն ուժեղ դիմադրում էին: Կիպրանոսը որոշում է անցնել թշնամու թիկունքն ու անակնկալի բերել: Մտքինը պատմեց Պանդուխտին՝ նա էլ համաձայն էր:
Հագնելով թուրք փաշայի համազգեստ եւ վերցնելով երկեւ հարյուր կամավորներ՝ Կիպրանոսը գործի անցավ: Ամբողջ գիշեր սողեսող գնացին եւ անցան սարի հակառակ կողմը… Լուսադեմին զորավարը թրքական համազգեստ հագած իր քաջերին կարգի բերեց, շարեց ու զինվորական քայլով մոտեցան պահակախմբին.
_ Զեկուցե՛ք փաշային, որ օգնության ենք եկել:
Կիպրանոսին իր չորս թիկնապահների հետ ուղեկցեցին հրամանատարի վրանը: Ողջույններ փոխանակելուց հետո փաշան քարտեզը փռեց եւ մանրամասը սկսեց բացատրել իրադրությունը:
_ Մեր դեմ կատաղի կռվում են հատկապես հայ կամավորները՝ ֆիդայինները,_ մտահոգ ասած փաշան:
_ Այդ ֆիդայիններին հիմա տեսնում ես այս վրանում. ես Մուրադ Չաու՛շն եմ, նա, որ երդվել է իր ճանապարհին կենդանի թուրք չթողնել:
Փաշան եւ վրանում գտնվող զինվորները սարսափից դողում էին: Գործն արագ վերջացնելով՝ Չաուշը մի ամեհի առյուծի նման դուրս եկավ վրանից ու…
_ Ձեզ մատա՜ղ, Դերջանի քաջե՜ր…
Հրամանը տրված էր: Տղերքը նռնակահար արեցին թուրքերի բանակը: Շուրջը արյան լիճ գոյացավ՝ իր մեջ կլանելով շեյթանի զավակներին: Հեռվից զորքը լսելով պայթյունների ձայնը՝ անցավ գրոհի: Դերջանի գավառն իր գյուղերով ազատագրվեց:
Հեռվից Աստվածամոր պես ժպտում էր Մարիամ լեռը:
/Նարինե Գալստյան, «Հայ մը», Կիրովական, 1991թ.