Փաշինյանին մեղադրելով հակահայկական «դավադրության» մեջ, Բալասանյանն ակամա նպաստում է վարչապետ Փաշինյանի շուրջ հենց այդ՝ «մեղադրանքի ենթակա» հարցում հանրային մոբիլիզացիային
Վիտալի Բալասանյանի ծառայությունը հեղափոխությանը եւ վարչապետին
18.10.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Հոկտեմբերի 18-ին Երեւանում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը անդրադարձել է նաեւ ռեգիոնալ իրադրությանը, Արցախի հարցում ընթացիկ իրավիճակին: Փաշինյանը նշել է, որ ԱԽ նիստի կայացրած որոշումները կնպաստեն Հայաստանի անվտանգության ամրացմանը:
ԱԽ նիստը անցկացվում է ներքին եւ արտաքին բարդ ու դինամիկ փուլում: Տեղի են ունենում բուռն զարգացումներ մերձավորարեւելյան ուղղությամբ, որոնք միաժամանակ կորագծով իրենց ազդեցության գոտի են վերցնում ոչ միայն Կովկասը, այլ նաեւ միջինասիական գոտին:
Այդ համատեքստում Հայաստանի համար զգայուն կետը անկասկած Արցախն է, եւ մասնավորապես այդ համատեքստում Մինսկի խմբի համանախագահների այցը: Դրան զուգահեռ, Բաքվում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովում Ալիեւը հայտարարում էր Զանգեզուրի հանդեպ հավակնության մասին, միաժամանակ էլ Ադրբեջանի արտգործնախարարը հիասթափություն էր հայտնում Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից:
Ադրբեջանի հիասթափությունը հասկանալի է՝ Հայաստանը փակել է «տարածք խաղաղության դիմաց» թեման, որ առաջ էր քաշել Բաքուն եւ փորձում էր դարձնել քննարկումների առարկա, եւ ինչը ընդունել էին առնվազն ԵՏՄ անդամ երկրները:
Այն, որ թեման փակ է եւ փուլն անցած, վկայեց Երեւանում ԵՏՄ Վեհաժողովը եւ դրան Իրանի մասնակցությունը, Հայաստան-Ռուսաստան-Իրան փաստացի եռակողմ քննարկումների ֆորմատով, որից հետո Սոչիում Իլհամ Ալիեւը Պուտինին դե ֆակտո դժգոհում էր իրեն մոռանալու համար: Մամեդյարովը գործնականում շարունակել է այդ դժգոհությունը:
Մյուս կողմից, սակայն, «տարածք խաղաղության դիմաց» ադրբեջանական «գաղափարը» ԵՏՄ ղեկավարների գլուխներից հանելը Հայաստանի ռազմավարական խնդրի առաջին փուլն է, իսկ ռազմավարական խնդիրը արցախյան գործընթացը եւ հայկական պետականությունն ընդհանրապես մադրիդյան սկզբունքներից կամ «տարածք կարգավիճակի դիմաց» բանաձեւից էլ դուրս բերելն է: Այդ բանաձեւն էլ, թեեւ թվացյալ համարժեքությանը, գործնականում բացարձակապես չի բավարարում հայկական պետականության անվտանգության պահանջները:
Վերջին հաշվով, «փոխզիջումային կարգավորում» տրամաբանությունը հայկական պետական անվտանգության տեսանկյունից անհամարժեք տրամաբանություն է:
Մյուս կողմից, սակայն, այստեղ կա հայկական խնդիրները միջազգային դերակատարներին եւ ուժային կենտրոններին ներկայացմնելու, ձեւակերպելու եւ աշխատանքային ռեժիմ բերելու, ադապտացիոն փուլի հարց:
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դեռեւս պարբերաբար պետք է հաղթահարի Արցախի հարցում մթնոլորտային ռազմա-քաղաքական ճնշման փուլեր: Ակնառու է, որ ներկայում Հայաստանը այդպիսի մթնոլորտային ճնշման փուլում է, եւ ձեռնարկվում են այն հաղթահարելու բազմապրոֆիլ քայլեր:
Ահա այդ համատեքստում հետաքրքիր է դիտարկել Վիտալի Բալասանյանի աղմուկ հանած հայտարարությունը: Մի կողմ թողնենք այն սխեմաները, որոնք «Բոլթոնի ծրագիր» փաթեթավորմամբ փորձում էր ներկայացնել Բալասանյանը: Խոշոր հաշվով այդ մատուցումը չափազանց բարդ է ենթարկել ռացիոնալ տրամաբանության:
Ընդհանուր առմամբ, Փաշինյանին մեղադրելով հակահայկական «դավադրության» մեջ, Բալասանյանն ակամա նպաստում է վարչապետ Փաշինյանի շուրջ հենց այդ՝ «մեղադրանքի ենթակա» հարցում հանրային մոբիլիզացիային, ինչն էլ իր հերթին Արցախի հարցում կոշտ մանդատով է օժտում Փաշինյանին, կամ շեշտում այդ օժտվածությունը:
Առերեւույթ կթվա տարօրինակ, սակայն ներքին քաղաքական եւ զգայական տրամաբանության մեջ Բալասանյանի վրդովեցուցիչ, եւ անգամ ազգային անվտանգությանը սպառնալիք թվացող հայտարարությունները գործնականում «բումերանգի էֆեկտով» նպաստում են արտաքին տիրույթում վարչապետի եւ պետական քաղաքականության դիրքերի ամրացմանը՝ մթնոլորտային ռազմա-քաղաքական ճնշումը չեզոքացնելու առումով:
lragir.am/2019/10/18/485937/