Մովսէս Նաճարեան – Նօյ նահապետի վերջին նստատեղին՝ աստուածների բնակավայրում

Մովսէս Նաճարեան – Նօյ նահապետի վերջին նստատեղին՝ աստուածների բնակավայրում

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

14.Նօյ նահապետ եւ Նպատ լեռ
Արտակ Մովսիսյանը գրում է.-

«”Գիլգամեշ” էպոսի աքադական տարբերակում ջրհեղեղից փրկված հերոսին աստվածները բնակեցնում են “գետերի բերանի մօտ” շնորհելով անմահություն»226:

Մեկնաբանութիւն.-

Անմահութիւն ստացած եւ աստուածացած հերոս Ութու-ն՝ նոյն ինքն Նօյը, աստուածների (Անգեղ-հրեշտակների) խորհրդով (Քիշից) փոխադրուել է ապրելու «գետերի բերանի մօտ»:

Ա. Մովսիսեանը կը գրէ Նաեւ՝

«Խեթական տարբերակում հերոսն (Գիլգամեշը) ընկերոջ հետ մեկնում է անմահության որոնման Եփրատի հոսանքն ի վեր: Իսկ էպոսի բաբելոնյան տարբերակում Գիլգամեշը հաղթահարում է Մաշու լեռներն ու տասներկու ասպարեզ ձգվող թանձր խավարը, հասնում դրախտ հիշեցնող քարերի այգին, ապա անցնում մահվան ջրերը, հանդիպում ջրհեղեցից փրկված ու անմահություն ստացած հերոսին, նրա շնորհիվ ձեռք է բերում “անմահութեան ծաղիկը”»:

Մէջբերումներից տեղեկանում ենք, որ Նօյ նահապետը Մաշու-Մասիոն լեռների միջավայրից հիւսիս բարձրանալով՝ իր վերջնական բնակութիւնն է հաստատել կա՛մ Տիգրիսի, կա՛մ էլ Եփրատի ակունքների մօտ:

Բայց «Մաշու լեռները» անմիջականօրէն եւ մասնաւորաբար առնչւում են Տիգրիսին: Հետեւաբար Գիլգամեշը բարձրացել է Տիգրի՛սն ի վեր՝ եւ ո՛չ թէ Եփրատով: Ուստի աղաւաղուած պիտի համարել Խեթական տարբերակը:

Բարձրանալով հիւսիս՝ Գիլգամեշը հասել է «մահուան ջրեր»-ին, որոնք Եփրատի ճիւղ Արածանիի ակունքներն են, որտեղ պէտք է մկրտուէր (մէջով անցնէր), ֆիզիկապէս մաքրուելով (մահանալով) նորոգուելու համար, այլապէս Գիլգամեշին չէր թոյլատրուելու Նօյի հետ տեսակցել: Էպոսից կարելի է եզրակացնել՝ որ նոյնիսկ Գիլգամեշի օրերում Նօյը կենդանի է եղել, ու ապրել է Արածանիի ակունքների մօտ:

Պատմական Հայաստանի Նպատ լեռան անունը յուշում է՝ որ դա եղել է Նօյի նոր ապատը, նոր բնակատեղին, ապա եւ թերեւս դրա վրայ է պատանքուել ու թաղուել նահապետը: Նոյն պատճառով էլ երեւի թէ այդ լեռը սրբատեղի է հռչակուել հնագոյն ժամանակներից: Դրան հարակից կառուցուել է Բագաւանը՝ քրմերի աւանը:

Նկատ ունենալ՝ որ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում «Նպատ» լեռը յիշատակւում է նաեւ «Նոյապատ»:

Այնտեղ կարդում ենք նաեւ.

«ԲԱԳԱՎԱՆ – Հեթանոսության շրջանում եղել է կրոնական կենտրոն: Ըստ աւանդության այստեղ է թաղված Մաժակ քրմապետը: Բագավանում այն ժամանակ տեղի էին ունենում նավասարդի տոնախմբությունները, հրավիրվում էին կրոնական ժողովներ»:

Մեկնաբանութիւն.-
Նաւասարդ բառում թէ՛ «նաւ»-ը կայ՝ եւ թէ՛ «նոր արդար սերմ»-ի գաղափարը, որոնք առաջին հերթին առնչւում են Նօյ նահապետին, ապա եւ հացահատիկին:

Բառարանի յօդուածի շարունակութեան մէջ կարդում ենք.
«Ավանդությունն ասում է, որ Գրիգոր Լուսավորիչը Բագավանի մօտ, Արածանի գետում մկրտեց հայոց Տրդատ 3-րդ թագավորին, նրա մերձավորներին ու զինվորներին»:

Ջրով մկրտութիւնը խորհրդանշում է ջրով մաքրուելու ծէսը՝ որը զուգահեռ է աշխարհի եւ մարդկութեան «ջրհեղեղով» մաքրուելուն, ինչը կատարուել է Նօյի օրերում եւ նրա հետ: Ուստի պատահական չէ, որ սբ. Գրիգոր Լուսաւորիչը հենց Նօյ նահապետի ապրած ու թերեւս թաղուած տեղի մօտերքում է կատարել ընդհանրական մկրտութեան ծէսը, հաւաստելով Նօյի շիրիմին ու գուցէ հոգուն՝ որ նրա ժառանգները վերստին են մաքրուել, ու վերադարձել են բուն հաւատքին:

– – – – – – – — – – – – – – – — – – – – – – – –

[226] Արտակ Մովսիսյան, «Սրբազան Լեռնաշխարհը», էջ 28:

[227]Գետերի ակունքների մօտ՝ եւ ո՛չ թէ գետաբերանների մօտ:

[228]Տես՝ Յօդուած «5», 4-րդ ենթամաս, էջ 230:

[229]Դարձ կռապաշտութիւնից՝ այսինքն նախնիների անդրիների պաշտամունքից:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Facebooktwitterredditpinterestlinkedinmail