(CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Harut Sassounian

(CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

20-10-2019 07:22:56 | ԱՄՆ | Մեկնաբանություն – Հարութ Սասունյան:

Columnist Harut Sassounian

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

«LOUSAVOR AVEDIS»-Մամլո հաղորդագրություն – Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) 48-էջանոց հույժ գաղտնի զեկույցը, որը պատրաստվել է 1988 թ․ օգոստոսին և որոշ ջնջումներով բացահայտվել 2012-ին, կրում է՝ «Անկարգություններ Կովկասում և ազգայնականության մարտահրավերը» խորագիրը: Չնայած վաղեմությանը՝ զեկույցը ներառում է հետաքրքիր վերլուծություն Արցախյան հակամարտության մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների տեսանկյունից:

ԿՀՎ-ի վերլուծաբանն այս զեկույցի նախաբանում գնացել է Արցախյան հակամարտության ակունքների հետքերով․ «Հայկական և ադրբեջանական հակամարտող կողմերի միջև թշնամությունը գոյություն է ունեցել հարյուրավոր տարիներ, իսկ 1920-ական թվականներին Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոնն Ադրբեջանի Հանրապետությանը ենթարկելուց հետո այդ թշնամանքը եղել է հայերի հիասթափության և մտահոգության մշտական, թեև երկար ժամանակ թաքուն, աղբյուր: Հայերի նկատմամբ ադրբեջանցիների թշնամանքը ուժեղացել է քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական փոփոխություններով պայմանավորված, որոնք բացասաբար են անդրադարձել ադրբեջանցիների քաղաքական կարգավիճակի վրա և ընդլայնել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև կենսամակարդակների ճեղքվածքը: Մասնավորապես, Ադրբեջանի արագ աճող երիտասարդ չափահաս բնակչությունը մեծ ճնշում է գործադրել Հանրապետության կարողություննների վրա՝ համապատասխան աշխատատեղեր, բնակարաններ և կրթություն ապահովելու համար։ Ադրբեջանական հիասթափությունը ելք է գտել հայերի վրա հարձակումների մեջ»։

ԿՀՎ-ի անանուն վերլուծաբանը հաղորդել է, որ Քաղբյուրոյի ներսում Արցախյան ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ առկա պառակտումն ավելի սրեց իրավիճակը։ Երկրորդ քարտուղար Լիգաչովը և ՊԱԿ-ի (ԿԳԲ) նախագահ Չեբրիկովը կոշտ գծի կողմնակիցներ էին, որոնք կտրականապես դեմ էին Ադրբեջանից Արցախի անջատմանը։ Նրանք համաձայն չէին Գորբաչովի բարեփոխումներին և արտաքին տերություններին մեղադրում էին Խորհրդային Միության ներսում անկարգություններ հրահրելու մեջ:

Երբ երկու նշանավոր հայ գրողներ՝ Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը, 1988-ի փետրվարին Մոսկվայում հանդիպեցին Գորբաչովի հետ, նրանք հաղորդեցին, որ նա լավ տեղեկացված է և վստահեցրել է, որ ինքն «արդար լուծում» է ցանկանում: Նա ընդունել է «[հայկական] ցույցերի խաղաղ բնույթը և շեշտել իր անձնական համակրանքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորվելու փափագին․․․»։
Հայ պատվիրակների Երևան վերադառնալուց հետո, 1988 թ․ փետրվարի 27-ի ռադիոհաղորդման ժամանակ Կապուտիկյանը կոչ արեց հայերին վստահել Գորբաչովին։ «Նա գիտի և հասկանում է մեր խնդիրը և ցանկանում է այն անձամբ լուծել … Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ վնաս չլինի նրան», հայտարարեց Կապուտիկյանը։

Ինչ վերաբերում է Խորհրդային Միության մտահոգություններին՝ արտասահմանցիների, մասնավորապես ամերիկահայերի միջամտությանը Խորհրդային Միության ներքին անկարգություններին, ԿՀՎ-ի վերլուծաբանը հաղորդեց․ «Վերջին անկարգությունները, կարծես թե ստիպել են խորհրդային պաշտոնյաներին ավելի շատ վախենալ օտարերկրյա խաղացողների դերակատարումից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում։ Այսօր աշխարհում 5․5 միլիոն հայերենով խոսող մարդկանց մոտ 60 տոկոսը ապրում է Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս, ԽՍՀՄ-ում՝ շուրջ 1․4 միլիոն, իսկ արտերկրում՝ 2 միլիոն: Մինչ օրս, հայ արտագաղթողները, որպես իրենց ազգի պատմական կեղեքիչ, տեսնում են ավելի շատ Թուրքիային, քան Ռուսաստանին, և ակտիվորեն ներգրավված չեն խորհրդային համակարգը փոխելու կամ խորհրդային քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու գործում։ Մոսկվան անհանգստացած է, որ սփյուռքի վերաբերմունքը կարող է խիստ քննադատական դառնալ ԽՍՀՄ-ի նկատմամբ և, որ Միացյալ Նահանգների հայերը, մասնավորապես, կարող են վերաճել հզոր հակախորհրդային ճնշման խմբի։ Խորհրդային իշխանությունները զգուշանում են հայերի մեծ համակենտրոնացումից Կալիֆորնիայում և Նյու Յորքում՝ մեծ թվով ընտրական ձայներ ունեցող նահանգներում, որոնք ակտիվորեն վիճարկվել են նախորդ նախագահական ընտրություններում»:

Նախորդ պարբերության տողատակի ծանոթագրությունում ԿՀՎ-ի վերլուծաբանը նշել է, որ «Միացյալ Նահանգներում բնակվում է առնվազն 600 հազար հայ։ Խորհրդային Հայաստանից արտագաղթած հայերի 90 տոկոսը եկել է Կալիֆորնիա։ Լոս Անջելեսի հայկական համայնքը ամենամեծն է (100 հազար) Երևանից դուրս։ Նյու Յորքի շրջանում ապրում է շուրջ 70 հազար հայ, որոնք հիմնականում եկել են Լիբանանից և Իրանից։

ԿՀՎ-ի վերլուծաբանը հավելել է․ «Մոսկվան կարող է անհանգստանալ, որ օտարերկրյա հայկական ահաբեկչական խմբավորումները, ինչպես օրինակ, «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը» (ԱՍԱԼԱ), կարող են թիրախավորել Խորհդրային Միությանը, չնայած մենք որևէ ապացույց չունենք դրա իսկության մասին։ Մինչ այժմ ԽՍՀՄ-ը շատ քիչ է երևացել ԱՍԱԼԱ-ի ի մարքսիստական գաղափարախոսության հետ խառնված զինված պայքարում, ԱՍԱԼԱ-ի գերիշխող խմբակցությունը Խորհրդային Հայաստանը համարում է ազատագրված տարածք, և խումբն իր հարձակումները կենտրոնացնում է բացառապես թուրք պաշտոնյաների վրա: Փաստորեն, ԱՍԱԼԱ-ն, ի վերջո, կցանկանար «հայկական մարզերը», որոնք այժմ գտնվում են Թուրքիայում և, հավանաբար, Իրաքում [՞] տեսնել վերամիավորված Խորհրդային Հայաստանի հետ։ Ավելին, ԱՍԱԼԱ-ն այժմ գտնվում է դադարի փուլում, և նրա առաջնորդը սպանվել է ապրիլի 28-ին [1988 թ․]: Այնուամենայնիվ, ԱՍԱԼԱ-ն ապրիլի սկզբին չափավոր ձևակերպված ուղերձ հղեց Գորբաչովին՝ աջակցելով Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորմանը, միաժամանակ հատուկ ընդգծելով, որ Հայաստանը ԽՍՀՄ-ի անբաժանելի մասն է և ձգտում է միայն շտկել սահմանը, այլ ոչ թե պահանջներ ներկայացնել Մոսկվային»:

Վերջապես, ԿՀՎ-ի վերլուծաբանը բացատրել է Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ․ «Թեև թուրքական կառավարությունը բացահայտորեն Ադրբեջանի կողմը չանցավ, սակայն Թուրքիայի մտահոգությունը վերածնված հայկական ազգայնականությունից ստիպեց Անկարային համակրել Բաքվին։ Երբ փետրվարին [1988] ճգնաժամն սկսվեց, Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները հրապարակայնորեն մատնանշեցին, որ միջազգային պայմանագրերն Անկարային ձայնի իրավունք են տալիս այս ճգնաժամում՝ ակնհայտ
վկայակոչում անելով ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1921 թ․ կնքված պայմանագրին, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի անցմանը Ադրբեջանին: Անկասկած, Թուրքիան վախենում էր, որ Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին կգրգռի հայերի ախորժակը և կհանգեցնի Նախիջևանի կարգավիճակի փոփոխության և Թուրքիայի նախկին հայկական շրջաններն ստանալու ճնշման մեծացման։ Թուրք պաշտոնյաները, հավանաբար, նշել են նաև, որ «Մեծ Հայքի» հայկական ծավալապաշտական որոշ պահանջներ հիմնված են ավելի շատ պատմական պահանջների, քան տուժած տարածքների էթնիկական կազմի վրա։ Այսպիսով, որոշ հայեր պահանջել են Նախիջևանի վերադարձը, չնայած նրան, որ այժմ ադրբեջանցիները թվաքանակով մեծապես գերազանցում են այս տարածաշրջանում ապրող հայերին: Նման պատմական չափանիշներ օգտագործելով հայերը կարող են հայց ներկայացնել նույնիսկ Թուրքիայի որոշ սահմանամերձ հատվածների նկատմամբ, որտեղ այժմ ապրում է ընդամենը 50 հազար հայ»:

ԿՀՎ-ի վերլուծաբանն իր զեկույցը եզրափակել է ուրվագծելով հինգ տարբերակ, որոնք ԽՍՀՄ-ն ուներ Արցախյան հակամարտության լուծման համար․
1) «Ստատուս քվոյի պահպանում»․
2) «Լրացուցիչ տնտեսական զիջումների կատարում» հայերին․
3) «Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ուժեղացում Ադրբեջանի կազմում»․
4) «Արտատարածքային հայրենի մշակութային հաստատությունների» ընդլայնում․
5) «Լեռնային Ղարաբաղի վերակազմավորում»`այն բաժանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

nt.am/am/news/274356/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail