ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 18)

Արեւմտահայերէն Լրատուական Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 18)

ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)

Խոր խավարի մեջ կորած է հորիզոնը: Ամպերի պատռվածքից երբեմն մի աստղ է փայլատակում, մի պահ նայում, ու վախեցած` ծածկվում ամպերի տակ:

Աստուրը հնչեցնում է թմբուկը, ծեր հովիվը` սրինգը… Յարխուշտայի նվագն է… բանակը լուռ, վիրավորներին ու մեռածներին ուսերին առած գնում է դեպի Շենիկ:

Մայրը, որ հասել էր որդու շնչին, ողբում է որդու քաջարի մահը.

Աղջիկ, հարսունք, ճըժկնիր,
Քաղեք սմբուլ, բալասան,
Բերեք, ծածկեք զքաջ Սրգես…
Չուրի ծեգի աղոթրան…

Արև պատի Բիրմա ձոր,
Քրդեր կիգեն թալանի,
Խորթիր ճագերն ին առուկ,
Ըզիմ կտրիճ ձեն չհանի…

Անտոքա դոշ ալ արին,
Իմըլ ուր գետ գոչգոչա,
Դու չտիսար, Սրգե~ ջան,
Էմլե քու աչք լուս չկա:

Հոլո, Հեպո, միր Սատո,
Կրպե Ճոպոյիդ ավա,
Իմալ թռար դու, ըծո,
Զմըր ձեռացն… անօրա~…

Դու քաջ ծնար, աչքի~ս լուս,
Մհեր զքու բախտն օրորից,
Անթիվ քրդեր գլորան
Զքու լահոր կեռ սրից:

Կրպեն մկա կիտա մահ,
Քու նայըրնիրն անօրա,
Տի չմնան ուր տեսնին
Օրթում էրից զքու վրա….

Ամեն մի տան վերջում բանակը ձայնակցում է. “Վա~յ լո, վա~յ լո”: Սրգեին տանում են իր հայրենի Սեմալ գյուղը` այս գիշեր նա վերջին անգամ է մտնելու իր տունը` որպես հյուր…

Առավոտյան արշալույսը նոր է բացվում… Հայոց պահակները, որ բռնել են բոլոր ճամփաները, հսկում են բոլոր ձորերն ու կածանները, որ շեյխը հանկարծ նորից չհարձակվի, հեռվից` քրդերի վրանների կողմից եկող ձիավորների մի մեծ խումբ են նկատում: Դեմից եկող հեծյալի նիզակի ծայրին մեծ սպիտակ դրոշակ է պարզած. պատգամավորներ են: Խումբը գլխավորում է Ֆեթուլլահ բեյը: Դեմ դուրս եկած հայերին հասնելուն պես քրդերը կանգնում են, առաջինը ողջունում է Ֆեթուլլահը, նրան հետևում են մյուս բեյերը.

Ողջույն հաղթող քաջերին…

Ֆեթուլլահ.

Մենք պատգամավոր ենք, հայոց քաջեր, եկել ենք Բաղդադի շեյխի կողմից ողջույն ու խաղաղություն հաղորդելու: Մեր հետևեից գալիս են ձեր առաջնորդները` քաջ Թոփո ու Մնտո վարդապետների ուղեկցությամբ, մի քանի թուրք իշխանների հետ: Ճանապարհ կտաք մեզ, քաջ հայեր:

Ճանապարհը բաց է, – ասում է Աստուրը, – բագրանցի Ֆեթուլլահ բեյի համար մեր բոլոր ճանապարհները բաց են… Թույլ տուր, ես ինքս առաջնորդեմ…

Աստուրը առաջ է անցնում: Մի ժամ անց խումբը մտնում է Սեմալ, միր Մարտեի տուն:

Միր Մարտեի որդին` Կրպեն, երեկվա զորավարը, հյուրընկալ տանտիրոջ իրավունքով դիմավորում է հյուրերին ու տանում ներսի` շատ պարզ, միայն մի քանի գորգով ու բարձերով կահավորված սենյակը: Այնտեղ միր Մարտեն, դեմքին բռնազբոսիկ ժպիտով դիմավորում է հյուրերին, խնդրում նստել և Կրպեին պատվիրում նախաճաշի պատրաստություն տեսնել:

Այս ամենը լավ, – գոհ ասում է Ֆեթուլլահը, – բայց… Տեր Քաջեն ուր է… Մենք հյուր չենք, դեսպան ենք, մենք գործով ենք եկել…

-Եկեղեցում հոգեհանգստյան պատարագն է անում: Զոհվածներին թաղենք, կգա:

– Լավ… Ձեր առաջնորդները Մշու մի քանի թուրք բեյերի հետ Սեմալ են գալիս: Նահատակներին դեռ մի թաղեք… Թող գան տեսնեն… Ես էլ խնդրում եմ ձեզ թույլ տալ ինձ իմ ամբողջ էշիրեթով մասնակցել ձեր հանդիսավոր թաղումին… Տեր Քաջեին շուտ կանչեցեք, աղոթքն ու պատարագը չեն փախչի, մեր գործն անենք…

– Լեյլաղ, – կանչում է միր Մարտեն դռանը խաղացող երեխային, – վազի եկեղեցի, տեր պապին ասա, թող թաղման կարգը չսկսի, շուտ գա այստեղ…
– Ձեր տնից էլ սպանված ունեք…
– Մեծ եղբորս որդին է, մեր զորավար Սրգեն, – միրի ձայնը դողում է: – Նա մեր տան, մեր ցեղի ճրագն էր… հանգա~վ: Նամարդ Զեյնալը որպես դեսպան եկավ, դավադիր սպանեց…
Գալիս է Տեր Քաջեն մյուս քահանաների հետ, հարցուբարև են անում, իրար քեֆ ու հալ հարցնում…

Այդ միջոցին, քրդերի գալը իմանալով, բայց նպատակին անտեղյակ, գյուղ են լցվում մի կողմից` Դալվորիկի, մյուս կողմերից` Աղբու, Հիթենքի և այլ գյուղերի զինվորները, սպառազեն, պատրաստ կենաց-մահու կռվի… Աստուրը դեմ է վազում, հայտնում քրդերի գալու պատճառը: Դալվորիկի իշխանը, որ առաջնորդում է զինյալներին, հրամայում է խմբերին քաշվել գյուղից դուրս, անտառ մտնել ու մարտի պատրաստ սպասել իրադարձությունների ընթացքին:

Մինչ զինված խմբերը քաշվում են անտառ, սեմալցիք հաց, պանիր, մածուն, սեր ու կարագ, գառ են բերում եկվորներին հյուրասիրելու:

Միր Ավեն մի քանի դալվորիկցիների և հարևան գյուղերի երևելիների հետ Մարտեի սենյակն է մտնում:
Քաջ հայեր, – սկսում է Ֆեթուլլահը տեր Քաջեի դեմը նստած ու հիմնականում նրա սրեսին նայելով, – Ես չեմ եկել որպես ձեր ծանոթ, որպես ձեր հարևան բագրանցի իշխան… Նույնը և հետիս բեյերը: Մենք ձեզ հյուր չենք եկել: Մենք պատգամավոր ենք…. Մենք եկել ենք Մշո կառավարության և շեյխ Ամարի կողմից զինադուլ ու հաշտություն խնդրելու, լսում եք` խնդրելու, այլ ոչ պահանջելու… Կառավարությունը չի քողնի ձեզ կռվելու իրար դեմ… շյխ Ամարն էլ չի ուզում շարունակել… Երեկվա պատահածը… թյուրիմացություն էր: Խնդրում ենք, եթե կարելի է, հրամայեք ձեր քաջերին, որ թույլ տան իմ էշիրի զինվորներին հավաքել ու տանել սպանված իսլամների դիակները… Մենք հավատացնում ենք ձեզ, որ ոչ մի անակնկալ դեպք այլևս չի լինելու… Չեք հավատում` պահեք մեզ պատանդ, ինչքան ժամանակ որ ցանկանաք…

Հայերը մի քանի րոպե խորհրդակցում են, իրար հետ հայերեն խոսելով, որ բոլոր քրդերն էլ շատ գիտեին, ապա տեր Քաջեին պատասխանում է քրդերեն.

Քաջ բեյեր, պատերազմը մենք չենք հայտարարել, այլ շեյխ Ամարը: Թող նա հետ կանգնի իր մտադրությունից, իր համար նստի Ֆեթուլլահի վրանում, ինչքան կամենա: Թող զինադադար լինի: Բայց ինչ պայմանով: Նա խախտեց մեր հանգիստ ու խաղաղ կյանքը, հարձակվեց վերջին ավազակի պես, մեր զորավարին ու երեք քաջ զինվոր սպանեց, երկուսը վիրավորվեցին… Մենք այսօր չորս հոգի ենք հողին հանձնելու…

Նրանցից էլ սպանված ու վիրավորներ կան….

Իհարկե, պիտի լինեին: Եթե Զեյնալը ռազմի դաշտից չփախչեր, հիմա նրա ամբողջ բանակը սպանված ու լեշերը փռված կլինեին Մերկե-Մոզանից մինչև Անտոք… Մենք հայ ենք, Բագրանցի տեր, դու մեզ լավ գիտես, թող քո քաջերը հավաքեն սպանված իսլամների դիերը, իսկ վիրավորների վերքերը մենք կապել ենք, դեղ դրել, կերակրել… Մենք վիրավորների դեմ չենք կռվում…

Հաց ուտելուց հետո Ֆեթուլլահը դուրս ելնելու պատրվակով մի պահ առանձնանում է տեր Քաջեի հետ.

Կեցցե~ հայը… տեր Քաջ, հարվածն ահեղ էր… 47 սպանված, 28 վիրավոր… այն էլ մեծ մասամբ թոսուններ ու անվանի մարդիկ… Թողեք իմ զինվորները հավաքեն մեռելները…., ես այնպես եմ վախեցրել էդ խառնածին շեյխին, որ նա սպանվածների թիվը շատ քիչ ցույց կտա, որ դրանց շերիեթի համաձայն կարելի լինի հաշտության հասնել….

Դու գիտես, բեյ, արա, ինչպես ուզում ես… Մենք մեր արածն արեցինք…

Լավ: Հիմա երկրորդը. շեյխը պահանջում է այն հայ աղջկան, որ ձերոնք ազատել են… Ասում է, որ փախցրել եք իր հարեմից, որ իբր իր կամքին հակառակ եք տարել… Դրա ձևն էլ կա: Թող աղջիկը ժողովի առաջ պատմի գլխին եկածը… Այդ դեպքում շերիեթի ուժով նա ազատ կլինի, կմնա ձեզ հետ…

Մի ժամ հետո Սեմալ է մտնում հեծյալների մի մեծ խումբ ևս: Մշո կառավարչությունից են, հետներն էլ առաջնորդը` Թռչնիկն ու վանահայրը:

Ֆեթուլլահ Բագրատունին հավատարմաբար կատարեց իր դերը… 47 սպանված, 28 վիրավորը դարձան 2 սպանված, 2 վիրավոր, որ շերիեթի համաձայն` 2 հայ մի 1 իսլամի տեղ հաշվեն ու մեծ արյան գին չպահանջեն…

Ժողովը մի քանի ժամ է տևում: Հայերի կողմից մասնակցում են Թռչնիկը, վանահայրը, տեր Քաջեն, մոտ տասը միր ու ռես: Հակառակ կողմից` եկու մշեցի թուրք բեյ, Բաղեշի վալիի ներկայացուցիչը, մի քանի քուրդ բեյեր և շեյխն ինքը` դեմքին կանաչ քող գցած, որ գյավուրի երես չտեսնի… սասունցիք իրար հետ փսփսում են, թե իրականում ամոթից է դեմքը ծածկում:

Երկար սակարկելուց հետո որոշում են 500 ղուրուշ արյան գին ու 2 ոչխար վիրավորներին: Հայերը դրան էլ երկար չեն համաձայնվում. վիրավորական է 2 հայը մի քուրդը հաշվելը, բայց ճարահատյալ ընդունում են. սուլթանը հակառակ դպքում կարող է կանոնավոր զորք ուղարկել…

Բացվում է հաջորդ օրվա առավոտը: Սեմալի փոքր, անշուք եկեղեցու դռնից բռնած բլրի լանջն ի վար ջոկատ-ջոկատ կազմած սպառազեն կանգնած է հայոց բանակը: Առաջնորդը Կրպեն է:

Այստեղ են նաև բոլոր շրջակա մոտիկ ու հեռավոր հայոց գյուղերի իշխաններն իրենց զորախմբերով: Նրանց կողքին, եկեղեցու արևելյան կողմը Բագրանցոց մի քանի հազարի հասնող զորքն է` Սմկո բեյի առաջնորդությամբ, զորքի առաջ սև սգո դրոշը պարզած:

Եկեղեցու դռան առաջ կանգնած են զոհվածի զինակիրները, մեկը զորավարի սևով քողված սպիտակ ձիու սանձն է բռնել, մեկը նրա թիկնոցն է պահում, մյուսը` գլխի խույրն ու ապարոշը, չորրորդը` վահանը, հինգերորդը` սուրն ու հրացանը: Սգավոր ամբոխն սպասում է պատարագի ավարտին:

Պատարագիչը Մուշից բերված եպիսկոպոսական մեծագին զգեստով է, որ երբեք սասունցիք չեն տեսել: Սկսվում է թաղման արարողությունը: Եկեղեցուց մի քանի պատանի են դուրս գալիս, ձեռքերին Սասնա սարերի ծաղիկներից հյուսած պսակներով, հետո ողբերգակ կանանց խումբը, շրջապատած ու թևերից բռնած Սրգեի մորը: Նրանցից հետո տանում են ձին, գլխի խույրն ու ապարոշը երկու հոգով դրոշի պես բռնած, վահանը, սուրը, դաշույնն ու ատրճանակը, հրացանը, ամեն մեկը մի բան: Հետո երկու հոգով դրոշի պես պարզած բերում են արյունոտ շապիկը, որի տակով գնում է սևազգեստ վեցամյա որդին, հետո նորից կանայք` զորավարի կնոջ հետ, ապա քահանաներ, վարդապետներ: Թափորը եզրափակում է բարձրահասակ, սև, թավ մորուքով առաջնորդը, որի քղանցքները երկու դպիր են պահում:

Առաջնորդից երեք քայլ հետ ընկած Սասնա մեծերն ու իշխանները ձեռքերի վրա բարձրացրած բերում են ջախբը, որի մեջ կարպետներով փաթաթված է հերոսի դիակը:

Երբ դագաղը եկեղեցուց դուրս են բերում, Կրպեն չի կարողանում զսպել արտասուքը.

Ի զե~ն…

Հայերի երկուհազարանոց զորախումբը մեկ մարդու պես հրացանները ուղիղ է բռնում, վերջին անգամ պատիվ տալով իր զորավարին: Սմկո բեյի հրամանով նույնն են անում Բագրանցոց զինվորները:

Երկ-թև~, – նորից է հրամայում Կրպեն և զորքը` երկու մասի ճեղքվելով, միջանցք է բացում դագաղը տանելու համար:
Քա~յլ հա~-ռա~ջ:

Զորքը թափորի աջ ու ձախ կողմով դանդաղաքայլ առաջ է գնում:

Սեմալի բարձրավանդակը լի է մարդկանցով:

Արեւմտահայերէն Լրատուական Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 18)

Facebooktwitterredditpinterestlinkedinmail