Իսլամացուած Հայերի Պատմութիւնները Պաստառ Հանուած Են. «Սա Ոչ Թէ Մշակութային Հարստութիւն Է, Այլ` Հոգեխոցութիւն». Ասում Է Ժապաւէնի Բեմադրիչը
24 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
«Թաքցուած խաչ» վաւերագրական ժապաւէնը ներկայացնում է իսլամացուած հայերի պատմութիւնները: Ժապաւէնի բեմադրիչներից Ալթան Սանճարն ասում է. «Մի կողմից քրտական, միւս կողմից հայկական մշակոյթ. դա, սակայն, հարստութիւն չէ, հէնց հոգեխոցութիւն է, որ կայ»…
ԻՆԱՆՉ ԵԸԼՏԸԶ
Տիարպեքիր
Տիարպեքիրի (Տիգրանակերտ, Ա.) Էղիլ գաւառում ապրող իսլամացուած հայերի պատմութիւններն ժապաւէնի վերածուած են: «Թաքցուած խաչ» վաւերագրական ժապաւէնում, որի բեմադրիչներ են Ալթան Սանճարն ու Սերհաթ Թեմելը, ներկայացւում է 1915 թ. (Հայոց ցեղասպանութիւն – «Ակունք» խմբ.) յետոյ իսլամացման ու բռնի ձուլման քաղաքականութեան պատճառով հայ ժողովրդի ստացած հոգեխոցութիւնը:
Վաւերագրական ժապաւէնի առաջնաներկայացումը տեղի ունեցաւ Տիարպեքիրի քաղաքապետարանի մշակոյթի եւ համաժողովների կենտրոնում: Ժապաւէնի ցուցադրութիւնից յետոյ կարճ քննարկում եղաւ ժապաւէնի բեմադրիչների հետ:
Ժապաւէնի ցուցադրութիւնից առաջ «Թաքցուած խաչ» ժապաւէնի շուրջ զրուցեցինք ժապաւէնի բեմադրիչներից Ալթան Սանճարի հետ: Սանճարը ներկայացրեց իսլամացուած հայերի ստացած հոգեխոցութիւնը եւ ասաց. «Ժապաւէնում չի ներկայացուել նկարահանումներից առաջ նրանց պատմածների մէկ տասներորդն անգամ: Ես վստահ եմ, որ եթէ այդ խօսակցութիւնները եւս ձայնագրուէին, հանդիսատեսը կը սարսռար»:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս առաջացաւ իսլամացուած հայերի մասին պատմող ժապաւէնի նկարահանման գաղափարը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մշտապէս ասում ենք, որ այն, ինչ ներկայացւում է ժապաւէնում, մեր պատմութիւնն է: Վաւերագրական ժապաւէնի բոլոր հերոսները ինչ-որ առումով կամ մեր բարեկամներն են, կամ` հարեւանները: Մանկութեան տարիներից սկսած` մենք լսել ենք այդ պատմութիւնները, պատմութիւններ, որոնք տան պատերից դուրս չէին գալիս: Անցած տարի որոշեցինք յաւերժացնել դրանք եւ սկսեցինք ժապաւէնի նկարահանումները: Այդ գործն արեցինք, քանի որ ցանկանում էինք մեր ներդրումն ունենալ անցեալի հետ առերեսման գործում: Հայոց ցեղասպանութիւնը թապու է, եւ եթէ չխօսենք այդ թապուի մասին, Թուրքիան երբեք ժողովրդավարական երկիր չի դառնայ: 1915 թ. մի մասնիկ էլ իսլամացուած հայերն են: Մենք մեր պարտքը համարեցինք փոխանցել նրանց պատմութիւնները:
Հ.- Դուք պատմութիւնը սկսում էք 1915 թ.: Ինչո՞վ է դա պայմանաւորուած:
Պ.- Այս հողերում ամէն ինչ սկսուել է 1915 թ.: Եթէ տեղի չունենայ 1915 թ. հետ առերեսումը, Թուրքիայի ժողովրդավարացումն անհնարին կը դառնայ: Վերջին 100 տարում երկրում իրականացուած անտեսման, բռնի ձուլման, հայրենազրկման ու գոյքի բռնագրաւման քաղաքականութեան արմատներից մէկը 1915 թ. է: Այսօրուայ Թուրքիայի ծիլերը հասունացել են 1915 թ. ու հետագայ տարիներին: Եթէ մենք հիմա փափաքում ենք Թուրքիայում տեսնել ժողովրդավարութիւն եւ յանուն դրա պայքար ենք մղում, ապա պէտք է հայերի դէմ իրագործուած այդ վայրագութիւնները տեսնենք, առերեսուենք դրանց հետ եւ ներողութիւն խնդրենք: Գուցէ այդ ժամանակ Թուրքիայում ապրող ալեւիները, քրտերը եւ այլք ապրեն աւելի հանգիստ մթնոլորտում»:
Հ.- Մի կողմից մուսուլման, միւս կողմից հայ… դուք տեսե՞լ էք արդեօք այս խառնուրդի մշակութային դրսեւորումները:
Պ.- Իրականում որեւէ խառնուրդի մասին խօսք չկայ, քանի որ մենք ժապաւէնում փորձում ենք մատնանշել իսլամացման միջոցով իրականացուած բռնաձուլման գործընթացը: Իսլամացուած հայերի ձեռքից միայն հաւատքը չէ, որ խլուել է, խլուել են նաեւ` մշակոյթը, ինքնութիւնը, հողերը, հարստութիւնը, կարճ ասած, հային հայ դարձնող ամէն բան: սակայն մշակութային քոտերը, գուցէ եւ առանց հասկանալու, մինչեւ մեր օրերը փոխանցուել են, եւ այն մարդիկ, որոնք ապրել են որպէս քիւրտ մուսուլման, կենդանի են պահել հայկական աւանդոյթները եւ մշակոյթը: Դա հնարաւոր է տեսնել նրանց ուտեստների, լեզուի մէջ, տօների ու հարսանիքների ժամանակ: Հետաքրքիր խառնուրդ է դա` մի կողմից քրտական, միւս կողմից հայկական մշակոյթ… սակայն այն հարստութիւն չէ, այլ հէնց հոգեխոցութիւն է, որ կայ»:
Հ.- Նկարահանումների ժամանակ իսլամացուած հայերը ձեզ ինչպէ՞ս ընդունեցին:
Պ.- Մենք նրանց տներ ենք գնացել ոչ թէ որպէս խումբ, որը ցանկանում է ժապաւէն նկարահանել, այլ` որպէս հարեւան, բարեկամ եւ նոյնիսկ տանտէր: Նրանց մէջ այնքան վախ ու հոգեխոցութիւն կայ, որ գուցէ մէկ այլ խումբ այդ դռները թակէր, նրանց պատմութիւնները չկարողանար ջրի երես հանել, քանի որ խօսում ենք մի կառոյցի մասին, որը դրսի աշխարհի համար ամբողջովին փակ է: Տեսախցիկի առջեւ չի պատմուել նկարահանումներից առաջ նրանց պատմածների մէկ տասներորդն անգամ: Ես վստահ եմ, որ եթէ դրանք էլ ձայնագրուէին, հանդիսատեսը կը սարսռար, սակայն վախն ու հոգեխոցութիւնը նրանց մէջ գլուխ բարձրացրին տեսախցիկի առջեւ:
Հ.- Լա՛ւ, իսկ ինչպիսի՞ն էին հայերի ու գաւառներում ապրող քրտերի փոխյարաբերութիւնները:
Պ.- Ամբողջ գաւառում արդէն քրտեր են բնակւում: Կենտրոնում խօսում են զազայերէն, իսկ որոշ գիւղերում` քուրմանճի բարբառով: Այնտեղ ապրող իսլամացուած հայերի մի մեծ զանգուած իրեն համարում է քիւրտ բնակուողները իսլամացուած հայ ընտանիքներին ճանաչում են: Այդ իրավիճակը նրանց յարաբերութիւնների վրայ բացասական չի անդրադառնում: Սակայն չմտածէք, թէ այդ տարածքներում բարեացակամութիւնն ու համատեղ ապրելու մշակութային զարգացուածութիւնը շատ բարձր մակարդակի վրայ են: Նրանց յարաբերութիւններում խնդիր չի առաջանում, քանի որ այլեւս չկայ հայկականութիւն: Ի հարկէ բաւականին շատ է այն մարդկանց թիւը, որոնք պաշտպանում են գաւառում հայերի հետ համատեղ ապրելու գաղափարը, սակայն հետաքրքիր է` եթէ հայերը այդ տարածքներում ապրէին իրենց հայկական ինքնութեամբ, իսկապէս իրավիճակն այդպէս կը լինէ՞ր:
«Իսլամացումը զուտ կրօնափոխութիւն չէ»
Հ.- Վաւերագրական ժապաւէնի անունը «Թաքցուած խաչ» է… անատոլիայում ապրող ժողովուրդների մասին աշխատանքներում յատկապէս առաջ է մղւում կրօնական գործօնը: Օրինակ` երբ ասում ենք հայ, առաջինը, որ մարդու մտքին գալիս է, քրիստոնէութիւնն է: Վաւերագրական ժապաւէնի վերնագիրն էլ է դա շեշտում… կարծես հաւասարութեան նշան է դրւում հայկականութեան ու քրիստոնեայ լինելու միջեւ: Ժապաւէնի հերոսների գլխաւոր խնդիրը իրենց հաւա՞տքն էր արդեօք: Բացի կրօնից` ուրիշ ի՞նչ խնդիրներ ունէին նրանք:
Պ.- Ինչպէս վերը նշեցինք, հայկականութիւնը միայն կրօնով չի արտայայտւում: Հասուն հայը, եթէ նրան չեն ստիպում կամ ճնշումների չեն ենթարկում, կարող է կրօնափոխ լինել, կարող է նաեւ աթէիստ դառնալ: Այս ժապաւէնում մենք շեշտում ենք իսլամացումը, որ ուշադրութիւն հրաւիրենք բռնաձուլման գործընթացի վրայ: Երբ սկսուել է իսլամացման գործընթացը, զուգահեռ գործի է դրուել բռնի ուծացման քաղաքականութիւնը: Եթէ հայերը քրիստոնեայ էլ մնային, գուցէ եւ հայկականութիւնը չկարողանային պահպանել, քանի որ փոխուել էին անունները, նրանց մշակոյթը, տեղի էր ունեցել գոյքի բռնագրաւում եւ հայրենազրկում: ըստ իս, այդ հայերի գլխաւոր խնդիրը ոչ թէ հաւատքն էր, այլ` իրենց պապերի նկատմամբ կիրառուած վայրագութիւնները պատմելը: Հայերին սպաննածների հիմնական խնդիրն էլ հայերի գոյութիւնն էր: նախկինում հայերը ինչ խնդիր որ ունեցել են, այսօր էլ նոյն խնդիրներին են հանդիպում: Երէկ էլ հայը թշնամի էր, այսօր էլ է թշնամի: Երէկ էլ հայի ունեցուածքի վրա բոլորը աչք ունէին, այսօր էլ ունեն… Կարճ ասած, իսլամացումը բռնաձուլման գործընթաց էր, այլ ոչ թէ` զուտ կրօնափոխութիւն…
Թարգմանեց
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ
«Ակունք»
aztagdaily.com/archives/462914