ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 19)
ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)
Շարականի փոխարեն եկեղեցուց դագաղը դուրս հանելուն պես լսվում է սրինգի մելամաղձիկ խմբանվագը, կանայք սկսում են ողբը, որ երգում են Սրգեի մոր անունից, Ամբողջ բազմությունը կրկնում է .“վայ, լո~, վայ լո~”:
Թափորը շատ դանդաղ է ընթանում, մի քանի անգամ կանգնում, վերջին անգամ ` գերեզմանոցի հանգչեքարի մոտ:
Սրգեի մայրը երգում է.
Գիննամ, Սասուն, կարմիր ներկար
Քաջեր գացին չուր էրկինք
Հաուն անուն, հաուն հավատ
Տան ճոպոնուն մըր հարկինք:
Ձորու շուշան, լեռնիրու վարդ,
Սմբուլ, կապուտ մանուշակ,
Հարսն ու աղջիկ փնջիկ կապին,
Բերին զգլխուն քու պսակ:
Դալալ, խորոտ հայ աղջկունք
Ուրանց ձեռքով լվացին,
Ըզքո պըրին, քաջիկ Սրգե,
Ուրանց ծամով կապեցին…
Կընցնին օրիր, կընցնին տարիք
Մըր աշխարհու սարերեն,
Ծաղկիկ պատի զհուղաշին տուն,
Դու տի չէրթիս մըր սրտեն:
Հանգչեքարից մինչև գերեզմանը դագաղը տանում են Կրպեն, Աստուրը, Հեփոն ու մի քանի ընկերներ: Գերեզմանի մոտ նախ մոտենում են կանայք, վերջին հրաժեշտը տալիս, ապա տղամարդիկ:
Հրաժեշտ է տալիս նաև այրին, իր տխուր երգով.
Լացի~ք ընծի, Սասնա սարիր,
Ըզձըր ծաղկունք թորմըշին,
Լացի~ք ընծի, ձուրիր, քարիր,
Ըզձըր զարդիր խավարին:
Փախի~ք, հավքիր, մըր սարերեն,
Ըլ մի էնիք ճետ ու ձագ,
Դուն մի իշկի մութ ամպիրեն,
Սիվ էղիս դու, արեգակ:
Յարսի ընկիր խոց վըր սրտին,
Խընձ բեդ ասլան բողու տակ,
Սրգեն ընկի~ր… Սասուն գիլա,
Վայ լո… ընցավ իմ ճրագ:
Ելե գիլամ զիմ յար, զիմ ջան
Դուք ժե լացի~ք, սիվ ամպեր,
Մըր սարիրու ալ, անթառան,
Ամռան թեթվիկ, խոշ հովիր…
Վայ լո~, վայ լո~, լո~ , լո~, լո~:
Դիակը հանում են դագաղից, իջեցնում են գերեզման: Կրպեն բարձրանում է մի տապանաքարի վրա, տեսնում է, որ բանակն արտասվում է լուռ:
Ի զե~ն, – հրամայում է փղձկտալով:
Բանակը զենքն ուղիղ է բռնում…
-Դեպ վե~ր… նշա~ն…
Հրամանը կատարվում է իսկույնևեթ:
Կրա~կ… – միանվագ որոտում են հայոց հրացանները: Նույնը կատարում են բագրանցոց զինվորները: Ապա բոլորը հրացանների փողերը դեպի գետին բռնած անշարժ կանգնում են մինչև արարողության վերջը:
Հանդեսին բագրանցիներից բացի մասնակցում են Մուսան, Մամոն, հայախոս Բալաքցի Ամրո բեյը և ուրիշներ, որ քրդացած, իսլամացած, բայց հիշում են իրենց հայ լինելը:
Կրպեի հայրը ճոխ հոգեհանգստի սեղան տվեց բոլոր ներկաներին` հայ թե քուրդ, իր մեռած եղբոր միակ որդի Սրգեի պատվին:
Հաջորդ օրը Լորեն ժողովին պատմեց իր գլխին եկածը, շեյխի սրիկայությունները, մորը սպանվելը, ասաց, որ ինքը երբեք իսլամ չի ընդունել, դավանափոխ չի եղել և շեյխի կանանցից մեկը չի դարձել: Խայտառակված շեյխը` ցասումն իր սրտում հեռացավ Սասնա սարերից:
Սրգեի քառասունքը լրանալուց հետո Սեմալում հարսանիք արեցին. Կրպեն պսակվեց Լորեի հետ: Եվ նորից հնչեց յարխուշտայի պարեղանակը, և անբողջ Սասունը պարեց իր ըմբոստ պարը…
Կրպեն իրավամբ դարձավ Սասնո առաջնորդ …և տաճկաց կառավարության ու սուլթանի աչքի գրողը… 1879 թվ. նա եվրոպական հյուպատոսներին պատմեց Սասունում կատարվող ոճրագործությունների մասին, մերկացրեց սուլթանի կառավարության հայաջինջ քաղաքականությունը, զարմացրեց իր գիտակությամբ, խելքով ու տղամարդկությամբ….
Այդ դեպքերից հետո օսման կառավարությունը տարիներով հետամուտ եղավ Կրպեին` սեմալցի Կրպե Մ. Կրպեյան Հոլոյանցին,
1893 թիվ: Մշո վալիի սենյակը:
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 19)