Մովսէս Նաճարեան – Անահիտ Մեծ Տիկինը, եւ Կայենի ապաստանած «Նայիտ» երկիրը՝ ըստ Սուրբ Գրքի
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
19 ՓԵՏՐՈՒԱՐ 2017 – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ: Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
15.Անահիտ Մեծ Տիկինը, եւ Կայենի ապաստանած «Նայիտ» երկիրը՝ ըստ Սուրբ Գրքի Հայր Ղեւոնդ Ալիշանը գրում է.
«Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ կամ Նայթ անունը, որ… եւ համարվում էր զգոնության, արիության, բեղմնավորության ու նյութական առատության մի մեծ դիցուհի, նաեւ գիշերային երկինք Ռայի, այսինքն Արեւի՝ դիցահոր մայր:
Հնդիկների հին գրքերում (Վեդաներում) էլ լսվում է Նիյաթե անունը… Նշանաւոր է նաեւ հռովմեացիների Դիանա անունը, որը հակառակ ընթերցմամբ (աջից) կարդացվում է Անաիդ»:…
Եվ հայտնի չէ՝ որտեղից եւ որ ազգից է նրա ծագումը: Հայտնի է միայն, որ բոլոր ազգերից ավելի հայերն էին անահիտապաշտ, եւ ըստ Քրայցեր հմուտ դիցաբանի՝ հայոց Անահիտն է բոլոր անահիտների նախատիպը»230:
Մեկնաբանութիւն.-
Անշուշտ պէտք չկայ Հռովմէացիների «Դիանա»-ն կարդալ հակառակ կողմից՝ քանզի դա հայերէնով «Տի+Աննա»-«Մեծ Մայր»-ն է, ետջրհեղեղեան «Նախամայր»-ը:
Քննարկում.-
1.Ըստ յունական առասպելաբանութեան՝ «Թեմիս»-ը Պրոմեթեւս-Մեծ Մհերի մայրն է, որ նոյնինքն «Ար+թեմիս»-«Արտեմիս»-ն է, Հայոց առասպելաբանութեան «Ծովինար»-ը, հետեւաբար նա Ծուռ Դաւիթ-Նօյի տատն է, որ կոչուել է նաեւ «Դեմետրա» (Տի+մատր»)՝ որպէս հանուր մարդկութեան կամ ամբողջ երկրի «Մեծ Մայր»-ը:
Խորենացին ասում է՝ թէ Տիգրան Մեծը Յունաստանից բերուած «Արտեմիդայ պատկերը կանգնեցրել է Երիզայում», երբ գիտենք թէ վերջինս Անահիտի պաշտամունքային կենտրոնն էր:
Հետեւում է, որ նախամայր Ծովինար-Արտեմիսի պատկերը դրուել է նրան յաջորդող ետջրհեղեղեան նախամայր Անահիտին նուիրուած քաղաքում ու սրբարանում:
2.Ագաթանգեղոսի պատմութեան մէջ Հայոց Տրդատ Մեծ թագաւորն ասում է՝ թէ Մայր Անահիտը «Ծնունդ է մեծին արին Արամազդայ»231, ինչը կարելի է հասկանալ՝ որ.
ա.Մայր Անահիտը Արամազդ-Առիւծ Մհերի սերնդից էր՝ բայց ո՛չ անպայման նրա աղջիկը:
բ.Մայր Անահիտը եղել է Արամազդ-Առիւծ Մհերի աղջիկը՝ ուստի եւ Ծովինար-Արտեմիսի թոռը:
Եթէ հայական դիւցազնավէպով առաջնորդուենք՝ ապա քանի որ Ծուռ Դաւիթը Արամազդ-Առիւծ Մհերի որդին էր, հետեւաբար այս պարագայում Դաւիթն ու Անահիտը կը լինեն եղբայր եւ քոյր:
Կը հետեւի, որ Առիւծ Մհերն ունեցել է մի աղջիկ՝ նախքան ծնունդ է տուել իր ժառանգորդին, Ծուռ Դաւթին:
3.Մինչդեռ Աստուածաշունչում Նօյ-Ծուռ Դաւիթը Մաթուսաղայ-Արամազդի թոռն է՝ եւ Ղամէքի որդին է:
(2.)-ի «բ» տարբերակն այս տեսանկիւնից դիտարկելով՝ Անահիտը կը լինի Ծուռ Դաւիթ-Նօյի հօրաքոյրը:
Հետեւութիւն.-
Ակնյայտ է, որ մեզ հասած տեղեկութիւնները հակասական են ու անհամատեղելի:
Մեր տեսակէտը.-
Եգիպտական «Նիիթ»232 աստուածուհու առաւել հին եւ իրականութեան մօտիկ «Նայթ» ընթերցումը՝ ինքնին մատնում է նրա կապը «Նօյ» հնչող «Նայ»-ի հետ:
«Նայթ»-ի Եգիպտական պատկերագիրը աւելի ճիշդ պիտի լինէր վերընթերցել «Նայիտ»՝ որի «Նօյիտ» հնչիւնից էլ առաջացել են անուան խեղաթիւրուած «Նիւտ, Նիւթ-Նիիթ-Նեթ» ձեւերը:
Նախամաշտոցեան շրջանում հայկական «Անահիտ»-ը աւանդուած պիտի լինէր «Անայիտ» ուղղագրութեամբ («Անայիս»-ի նման)233, որ խտացնում է «Աննա» (մեծ մայր) եւ «Նայիտ» մասերը:
Հետեւաբար զարմանալի չէ, որ եգիպտական արձանագրութիւններում ներկայացուել է «Նայթ» տարբերակով` որպէս «Նօյի կին»234, բայց յետագայում երբ նա արժանացել է «Նախամայր» կոչուելու պատուին՝ «Նայիտ»-ին կցուել է «Աննա»-ն, ու դարձել է Աննա-Նայիտ>Անայիտ:
Ալիշանը աւելացնում է.
«Բայց եթե մեկը ցանկանա Անահիտին համանուն մի հին երկիր գտնել, պետք է ընդունի երկրի բոլոր գավառներից հնագույնը եւ նախաջրհեղեղյանը, ուր առաջնածին մարդը՝ (թշվառ) Կայենը, “բնակեցաւ յերկրին Նայիդ, յանդիման Եդեմայ”»:
Աստուածաշնչով մեզ աւանդուած «Նայիդ» ձեւը հաւաստում է «Անահիտ»-ի «Նայիտ»-«Անայիտ» տարբերակի հաւանականութիւնը:
Տողատակում Ալիշանն ասում է.
«Հռոմեացիների թարգմանությունը (նկատի ունի Սուրբ Գրքի – Մ.Ն.) տեղանքի հատուկ անունը չի դնում, այլ ասում է, որ Կայենը փախավ Եդեմի արեւելյան կողմը»:
Ըստ սուրբ Գրքի հայկական թարգմանութեան՝ Կայենի ապաստանած տեղը, «երկիրն Նայիդ»-ը Եդեմի «յանդիման» է եղել, եւ ո՛չ թէ «Եդեմի արեւելյան կողմը»՝ ինչպէս հռովմէացիների մօտ:
Ըստ մեզ, «Երկիրն Նայիդ»-ը համապատասխանում է Մայր Անահիտի «երկրին»՝ որ աշխարհագրականօրէն «Անահտական Աթոռ» կոչուած լեռնային տարածքն է, եւ գտնւում է Եդեմի արեւմտեա՛ն կողմը՝ Բարձր Հայքում, այժմեան Մնձուրեան լեռներից հիւսիս235:
Թէեւ Կայեն-Գաբեղն իր գործած ոճրից յետոյ ապաստանել է Դրախտի այգու (Բասէնի) արեւմուտքում՝ Մայր Անահիտի մօտ, սակայն նրա որդիներն ու սերունդները մնացել են իրենց բնօրրանում՝ Դրախտի այգուց արեւելք գտնուող Գաբեղեանք գաւառում: Դրանից էլ առաջացել է շփոթմունքը:
Համեմատութիւն.-
Զենոն Կոսիդովսկին յիշատակում է Քանանացիների (եւ Փիւնիկեցիների) պտղաբերութեան աստուածուհի «Անատ»-ին՝ որին ի պատիւ հողագործները բերքի յարութեան օրը տօնական շքերթներ են կատարել, օրհներգեր են երգել ու պարել են236:
Քանանացի-Փիւնիկեցինների «Անատ»-ը մի տարբերակն է Հայոց «Անայիտ»-ի՝ որին ընծայուած օրերը Հայոց մօտ կոչուել են Անահտական տօներ237:
Համեմատէ՛ք խնդրեմ «Անահտական»-ի «Անահտ»-ն ու Փիւնիկեան-Քանանեան «Անատ»-ը:
Յաւելուած.-
1.Երկրային մարդկանց բարեկեցութիւն պարգեւող «Երկնքի տիկնոջ» մասին առասպել ունեն «Օնեյդա» կոչուող ամերիկեան հնդիկացիները238:
Նրանց «Օնեյդա» ինքնանուան ծագումն իսկ «Անայիտ»-ից է՝ եւ ցոյց է տալիս որ նրանք եղել են Անայիտապաշտ:
2.Բուլղարների մօտ «Անայիտ»-ը պահպանուել է «Անատիցա» եւ «Անատա» ձեւերով239:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
[230] Ղեւոնդ Ալիշան, նոյն, էջ 136:
[231]Տես՝ «Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց», Ղուկասեան Մատենադարան, Թիֆլիս 1914, էջ 36:
[232]Կարդացուած նաեւ «Նիւտ»-«Նիւթ»-«Նեթ»:
[233]«Անայիս»-ը «Աննայի եւ Նօյի սերմ» է նշանակում, եւ հաւանաբար նա Նօյի ու Անահիտի աղջկայ անունը լինի:
[234]«Նայթ»-ը բաղադրուել է Նօյ հնչող «Նայ»-ից եւ այն ամբողջացնող «թ»-«թիւ»-ից: Տղամարդուն ամբողջացնող «թիւ»-ը՝ նրա «կինն» է: Ուստի Անայիտը Նօյի ո՛չ քոյրն է, ո՛չ էլ հօրաքոյրը՝ այլ կինը:
[235]Տե՛ս՝ Ատլաս, էջ 6, Գ -3 քառակուսու մէջ, «Անահտական լեռներ»-ը:
[236]Զենոն Կոսիդովսկի, «Բիբլիական Ավանդապատումներ», Երեւան,1970, էջ 303:
[237]Տես՝ Յօդուած «5»-ը, էջ 227:
[238]Andrew Collins, նոյն, էջ 87:
[239]Տես՝ Անտ Ադաեւ, «Քաղաքակրթութեան խորանները», ռուս. լեզուով, Մոսկուա, «Վեչէ» հրատ., 2004 թ.: (ԸվՑ ԸՊՈպՉ, «ԸսՑՈՐՌ ՃՌՉՌսՌջՈՓՌռ»):
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»