Պաքուն Շարունակում Է Մահմետական Աշխարհին Դաւագրգռել Հայաստանի Դէմ
29 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
«Հայաստանը, որն Ազրպէյճանի բռնազաւթուած տարածքներում աւերում է մզկիթները, չի կարող իսլամական աշխարհի բարեկամը լինել: Հայաստանը բռնազաւթուած տարածքներում ոչնչացնում է Ազրպէյճանի պատմամշակութային ժառանգութիւնը»: Այդ թեմայով Ազրպէյճանի նախագահի հերթական դաւագրգիռ յայտարարութիւնն է դա, որը նա պարբերաբար կատարում է իսլամական երկրներին միաւորող միջազգային կառոյցների տարբեր ձեւաչափի համաժողովներում: Ժամանակագրօրէն վերջին նման յայտարարութիւնը նա կատարել է վերջերս` հոկտեմբերի 15-ին, Թիւրքալեզու ժողովուրդների համագործակցութեան խորհրդի կամ պարզապէս` Թիւրքական խորհրդի Պաքուի 7-րդ գագաթնաժողովում ունեցած ծրագրային ելոյթում:
Իր խօսքում, նա, ի հարկէ, ծպտուն անգամ չի հանել այն մասին, որ նախօրեակին Շուշիում տեղի է ունեցել հանդիսաւոր միջոցառում` նուիրուած իր իսկ յիշատակած իսլամական աշխարհի պատմամշակութային յուշարձաններից մէկի` 19-րդ դարի պարսկական ծագման Վերին մզկիթի վերականգնման աշխատանքների աւարտին: Իր բարձրաստիճան ունկնդիրներին չի տեղեկացրել, աւելի ճիշդ` նրանցից թաքցրել է, որ այդ մահմետական յուշարձանի վերականգնման աշխատանքներն իրականացուել են «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի շրջանակում` «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնութեամբ, Արցախի իշխանութիւնների շահագրգիռ աջակցութեամբ եւ որ առաջիկայում այն ծառայելու է որպէս հայ-իրանական գիտամշակութային կենտրոն:
Ինչ խօսք, նրան ամենեւին ձեռնտու չէ, որ թիւրքական աշխարհի երկրներից ժամանած առաջնորդները թէկուզ դոյզն իսկ պատկերացում կազմեն այն մասին, որ, ի տարբերութիւն Ազրպէյճանի եւ Թուրքիայի, որտեղ հետեւողականօրէն ոչնչացւում են հայոց եւ այլ քրիստոնեայ ժողովուրդների նիւթական մշակոյթի հետքերը, հայկական զոյգ պետութիւններում` Հայաստանում եւ Արցախում, կեանքի կոչելով բազմամշակութայնութեան ապահովման իրական քաղաքականութիւնը, պետական հոգածութեան ներքոյ են պահւում նաեւ մահմետական յուշարձանները: Ինչպէս դա արւում է հարեւան Իրանի Իսլամական Հանրապետութիւնում, որտեղ իշխանութիւնների ջանքերով աւերակների միջից տարէցտարի վեր են յառնում հայկական նորանոր եկեղեցիներ ու վանքեր:

Բայց հակադիր այդ իրողութիւնը թողնենք Ազրպէյճանի ու Թուրքիայի նախագահների խղճին եւ Թիւրքական խորհրդի Պաքուի գագաթնաժողովի միւս մասնակիցների ընկալունակութեան աստիճանին:
Այժմ տեղեկանքի տեսքով նշենք, որ Թիւրքական խորհուրդը, ի տարբերութիւն Իսլամական խորհրդաժողով կազմակերպութեան, որին նոյնպէս անդամակցում է Ազրպէյճանը, համեմատաբար երիտասարդ ու նեղ կազմով միջազգային կառոյց է: Եթէ Իսլամական խորհրդաժողով կազմակերպութիւնը հիմնադրուել է 1969թ. եւ միաւորում է իսլամական աշխարհի 57 երկրի, ապա Թիւրքական խորհուրդը հազիւ 10 տարեկան է: Այն ստեղծուել է` համաձայն այն համաձայնագրի, որ կնքուել է 2009թ. հոկտեմբերին` նորաստեղծ կառոյցի Նախիջեւան քաղաքում կայացած առաջին գագաթնաժողովում եւ ի սկզբանէ իր կազմում ունէր ընդամէնը 4 անդամ-երկիր` Ազրպէյճան, Թուրքիա, Ղազախստան եւ Խըրխըզիստան: Մինչ Պաքուի գագաթնաժողովը` կազմակերպութիւնը նախագահում էր Խըրխըզիստանը, որը նախագահութեան լիազօրութիւններն արդէն պաշտօնապէս յանձնել է Ազրպէյճանին:
Ինչպէս նշւում է կազմակերպութեան հիմնադիր փաստաթղթում, միջազգային այդ կառոյցի գլխաւոր նպատակն է զարգացնել համակողմանի համագործակցութիւնն անդամ-երկրների միջեւ: Առաջին հայեացքից` կարծես թէ միանգամայն բարի ու խաղաղ, այսպէս ասած` անշառ մտադրութիւն է, որն ուղղուած չէ տարածաշրջանի կամ աշխարհի որեւէ, այդ թւում, մանաւանդ, ոչ մահմետական դաւանանքի այլ ժողովրդի ու երկրի դէմ: Բայց, արդեօք, այդպէ՞ս է իրականում: Քիչ անց կը փորձենք տեսնել ու հասկանալ: Իսկ մինչ այդ` շարունակեմ տեղեկանքը:
Պաքուի 7-րդ գագաթնաժողովում որպէս անդամ-երկիր այդ թիւրքական կառոյցի մէջ ընդունուել է նաեւ Ուզպեքստանը, որի նախագահը նոյնպէս ներկայ էր միջոցառմանը: Հնարաւոր է տարօրինակ թուայ, եթէ ասեմ, բայց դա հանրայայտ իրողութիւն է. կազմակերպութիւնն ունի նաեւ դիտորդական կարգավիճակով մէկ երկիր` Հունգարիան, որն ազգային-լեզուական ու դաւանական բնոյթի որեւէ առնչութիւն չունի ոչ իսլամական եւ ոչ էլ, աւելի նեղ շրջանակով, թիւրքական աշխարհի հետ: Ինչպէս յայտնի է, հունգարները, կամ ինչպէս իրենք են իրենց անուանում` մատեարները, ֆինո-ուկորական ծագման եւրոպական ժողովուրդ են, որի կէսից աւելին պատկանում է կաթողիկէ դաւանանքին, իսկ մնացած մասը` լիւթերական եւ քալուինիստական ուղղութիւնների բողոքականներ են: Լեզուն ազգի անունով` մատեարերէնն է:
Հունգարների լեզուաբանական նախնիները ռազմատենչ կիսաքոչուոր խաշնարածներ էին, որոնց նախահայրենիքը համարւում է Ուրալի լեռնաշղթայից (Ռուսաստան) արեւելք գտնուող տափաստանային գօտին: Գոյութիւն ունի վարկած (մարդաբան Տամիր ալ-Քիրամի) Հունգարիայի եւ ժամանակակից Թաթարստանի եւ Պաշքորթոստանի (Պաշքիրիա) ժողովուրդների ազգակցութեան մասին: Այսքանը: Այնուամենայնիւ, Պաքուի գագաթնաժողովին դիտորդական կարգավիճակով մասնակցում էր նաեւ այդ երկրի վարչապետ Վիքթոր Օրպանը: Նման դէպքում ժողովուրդն ասում է` «Կարող է պատահի` աղն է պակաս կամ մաղը»:
Իսկ որ Հունգարիան եւ անձամբ վարչապետ Օրպանը ե՛ւ աղի, ե՛ւ մաղի պակաս ունի, կարծում եմ, դոյզն իսկ կասկածի տեղիք չի տալիս եւ յանուն այդ աղ ու մաղի այդ եւրոպական երկրի ղեկավարը պատրաստ է ցանկացած գործարքի: Թէկուզ սատանայի հետ: Դա դժուար չէ տեսնել թէկուզ եւ մէկ առանձին դրուագում` ՕԹԱՆ-ի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ուսումնական ծրագրի դասընթացներում իր համաքուրսեցի հայ սպայ Գուրգէն Մարգարեանին դաւադրաբար կացնահարած եւ հունգարական դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտուած Ռամիլ Սաֆարովին Ազրպէյճանին արտայանձնելու աղմկայարոյց պարագայում` Պաքուի խոստացած բազմամիլիոն ներդրումների դիմաց: Ինչպէս յիշում էք, այդ իսկ պատճառով է, որ Հայաստանն անմիջապէս խզել է դիւանագիտական կապերը Հունգարիայի հետ:
Թէ ինչ դրդապատճառ ունէր Օրպանի այցը Պաքու` մանաւանդ, սոսկ դիտորդի ստորադրեալ կարգավիճակով, թողնենք հունգարական իշխանութիւնների ու ժողովրդի հայեցողութեանը: Զուտ մարդկայնօրէն այն մտքին ես յանգում, որ երեւի թէ բարոյահոգեբանական էր շարժառիթը: Հնարաւոր է, չէ՞, մարդն անչափ կարօտել եւ ահա եկել է մերձաւորի, հարազատի իրաւունքով ողջագուրուելու իր իսկ կամայական որոշմամբ Ազրպէյճան ուղարկուած, այսինքն` յանիրաւի ազատութեան բաց թողնուած մարդասպան ճիւաղի հետ: Ի հարկէ, այդ «պատմական» հանդիպումը հնարաւոր չէ պատկերացնել առանց Սաֆարովի հոգեւոր հօր` Իլհամ Ալիեւի բարձր ներկայութեան, ով, ինչպէս յիշում էք, նոյն օրն իսկ` Սաֆարովի ոտքը Պաքուի Հայտար Ալիեւի անուան Պինա օդանաւակայանի ասֆալտին դեռեւս հազիւ դիպած, իսկոյն եւեթ հայրաբար ներում է շնորհել նրան, նաեւ` հասարակ հարիւրապետից անմիջապէս աւագ սպայի` հազարապետի զինուորական կոչում, ապա բնակարան պարգեւել, ի լրումն` զգալի վարձատրութեան տեսքով փոխհատուցել հունգարական բանտում նրա անցկացրած «տուայտալի» տարիները:
Հայկական հին իմաստնութեան ասած` «Նմանը զնմանը կը սիրէ»: Արդեօք, Օրպանին Պաքւում յաջողուե՞ց համոզել Իլհամ Ալիեւին վերջապէս կատարել եօթամեայ հնութեան իր խոստումը եւ փոխհատուցել Սաֆարովի փրկագինը, դժուար է ասել: Յայտնի է միայն, որ իբրեւ այդ կեղտոտ գործարքի խորհրդանշական փոխհատուցում` Պաքուի գագաթնաժողովում որոշում ընդունուեց Հունգարիայում եւս Թիւրքական խորհրդի ներկայացուցչութիւն բացելու մասին` վարչապետ Օրպանին երեւի թէ յորդորելով սփոփուել առայժմ այդքանով:

Բայց շարունակենք մեր անդրադարձը: Ինչպէս գագաթնաժողովի նախօրեակին` կազմակերպութեան անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների նիստում յայտարարել էր Թիւրքական խորհրդում առ այդ օրը նախագահող երկրի` Խըրխըզիստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Չինգիզ Այտարպեքովը, Թուրքմենստանը նոյնպէս կարծես թէ պատրաստւում է հետեւել Ուզպեքիստանի օրինակին եւ անդամակցել թիւրքական այդ կառոյցին: Այսպիսով` կազմակերպութեան անդամ երկրների թիւն ամենայն հաւանականութեամբ շուտով կը հասնի վեցի: «Ես երազում եմ, որպէսզի մենք ունենանք 6 երկիր եւ մէկ ազգ», իր հերթին Պաքուի գագաթնաժողովում անդրադառնալով այդ մօտալուտ հեռանկարին, յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեճեփ Էրտողանը:
Կարելի է ենթադրել` թիւրքական օրակարգում մինչ այդ շրջանառուող «Երկու պետութիւն` մէկ ազգ» բանաձեւը, որ վերաբերում է ընդամէնը երկու երկրի` Ազրպէյճանին ու Թուրքիային եւ որը Պաքւում վերագրւում է «Ազրպէյճանի երրորդ Հանրապետութեան հիմնադիր եւ ազրպէյճանական ժողովրդի հայր» Հայտար Ալիեւին, Թուրքիայի առաջնորդ Էրտողանի նախաձեռնութեամբ ներկայումս խմբագրական փոփոխութեան է ենթարկւում` շրջանառութեան մէջ դրուելով «Վեց պետութիւն` մէկ ազգ» բովանդակութեամբ: Թիւրք ժողովուրդների ի՞նչ պակաս աշխարհաքաղաքական վերախմբաւորում է` իսկը գալիք Մեծ Թուրանի նախատիպ ու նախադէպ:
Բայց ինչպէս պարզուեց գագաթնաժողովում, թէ երկուսի եւ թէ վեցի պարագայում էլ թիւրքական աշխարհը, այնուամենայնիւ, շարունակում է մնալ տարածականօրէն տարանջատուած: Թէ ո՞վ է մեղաւոր դրանում` երեւի թէ հարկ չկայ կռահելու: Այդ մասին հաւաքի մասնակիցներին բացայայտ յայտարարել է Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ինչպէս գիտէք,- ընդգծել է նա,- Նախիջեւանը կտրուած է Ազրպէյճանի մայրցամաքային մասից: Նրանց միջեւ է գտնւում Զանգեզուրը` հինաւուրց ազրպէյճանական հողը: Նրա յանձնումը Հայաստանին թիւրքական աշխարհի աշխարհագրական տրոհում է առաջ բերել»: Կարելի է համաձայնել քաղաքագիտական շրջանակներում շրջանառուող այն տեսակէտին, թէ, ըստ երեւոյթին, ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման խնդրում Իլհամ Ալիեւի վերջին յոյսը թուրքական համերաշխութիւնն է, աւելի ստոյգ` Թուրքիայից ակնկալիքները, որովհետեւ թուրքախօս միւս երկրները մեր տարածաշրջանից աշխարհագրօրէն հեռու են, եւ դեռ հարց է` նրանք նոյնպէս շահագրգռուա՞ծ են Թուրքիա-Ազրպէյճան միասնութեամբ:
Սակայն, անկախ այդ տեսակէտից, այնուամենայնիւ, գագաթնաժողովի մասնակից առաջնորդներն այդ պահին գիտակցո՞ւմ էին, արդեօք, որ խօսքը վերաբերում է Ազրպէյճանի հարեւան պետութեան` Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ Հայաստանի Հանրապետութեան տարածքի նկատմամբ Պաքուի նկրտումներին: Երեւի թէ` այո: Բայց ահա Ազրպէյճանի նախագահի, այսպէս ասած, «բոցաշունչ» ելոյթն ընդունուեց համընդհանուր ծափահարութեամբ, իսկ ծափահարողների մէջ էին նաեւ ՀԱՊԿ անդամ երկու պետութիւնների` Խըրխըզիստանի նախագահ Սոորոնպայ Ժէյնպեքովն ու Ղազախստանի նախկին նախագահ, սակայն երկրի Ազգային անվտանգութեան խորհրդի մշտական նախագահ կարգուած եւ, որպէս այդպիսին, կառավարման լծակների առիւծի բաժինն իր ձեռքն առած` Նուրսուլթան Նազարպաեւը, ով, ի դէպ, գագաթնաժողովում ընտրուել է Թիւրքալեզու ժողովուրդների համագործակցութեան խորհրդի ցկեանս պատուաւոր նախագահ: Ահա եւ քեզ ՀԱՊԿ շրջանակներում ռազմավարական դաշնակիցներ:
Նոյնը, Ազրպէյճանի նախագահի հաղորդմամբ, կատարւում է նաեւ Լեռնային Ղարաբաղի պարագայում, որը, ըստ նրա, «Հայաստանը բռնազաւթել է` քամահրելով միջազգային կազմակերպութիւնների որոշումները եւ խուսափելով դրանք կատարելու իր ստանձնած պարտաւորութիւններից»: Բայց քանի որ թէ՛ Անգարայում եւ թէ՛ Պաքւում որոշ տաքգլուխների թւում է, թէ փակուղային իրավիճակներ եւ արգելապատնէշներ գոյութիւն չունեն ու չեն կարող ունենալ գլխաւոր ռազմավարական նպատակի` թիւրքական աշխարհի միաւորման, հետեւապէս` Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին, ուստի Թուրքիայի նախագահը շտապեց հանգստացնել կրտսեր եղբօրը` մեծադղորդ խոստանալով, թէ` «Մենք կ՛անենք հնարաւոր ամէն ինչ, որպէսզի կարճ ժամկէտում, խաղաղ ճանապարհով եւ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում կարգաւորուի ղարաբաղեան հակամարտութիւնը»:
Եւ որպէսզի գագաթնաժողովի մասնակիցների համար պարզ ու յստակ երեւայ այդ «խաղաղ ճանապարհը», Էրտողանը պատմեց Սիրիայի հիւսիս-արեւելքում հոկտեմբերի 9-ին մեկնարկած հակաքրտական ռազմարշաւի մասին, նշելով, որ այն նպատակ ունի ոչ միայն կայուն անվտանգութեան գօտի ստեղծել թուրքական սահմանին յարակից այդ ընդարձակ հատուածում, այլեւ քրտաթափուած այդ տարածքում հետագայում վերաբնակեցնել ներկայումս Թուրքիայում ապաստանած շուրջ երեք միլիոն սիրիացի արաբ ու թուրքման փախստականների` կազմակերպելով նրանց ապահով կենսագործունէութիւնը:
Ակնարկն առաւել քան ազդանշանային ու ոգեւորիչ էր նրա «կրտսեր եղբօր»` Իլհամ Ալիեւի համար: Այլապէս Պաքուի իշխանամէտ մամուլը նոյն այդ օրերին իսկոյն եւեթ ձեռնամուխ չէր լինի հերթական հակահայկական քարոզարշաւին` այս անգամ թուրք-ազրպէյճանական համատեղ ուժերով Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի Սիւնիքի մարզը` Զանգեզուրը, հայաթափելու, կամ այլ կերպ ասած` հայկական լեռնաշխարհի այդ տարածաշրջաններում նոյնպէս հակահայ զտման քաղաքականութիւն իրականացնելու կոչերով:
Մանաւանդ, որ առկայ է Սիրիայի հիւսիս-արեւելեան տարածաշրջանում թուրքական զինուած ուժերի կողմից անպատիժ իրականացուող քրտաթափման գործընթացը` որպէս ընդօրինակելի նախադէպ: Ի հարկէ, քանի օր անց Սոչիում կայացած Փութին-էրտողան հանդիպումը սառը ջուր մաղեցին Անգարայի ու նրա հետ միասին` Պաքուի գլխին, բայց այդ օրերին բաւական լիցքաւորուած էին ազրպէյճանական մամուլի հրապարակումները: Դրանց թէկուզ միայն վերնագրերն այս առումով առաւել քան խօսուն են: Ահա մի քանիսը դրանցից. «Ազրպէյճանը պէտք է Ղարաբաղում օգտագործի Թուրքիայում ստեղծուած «հակաահաբեկչական զտման» նախադէպը», «Արդեօք, Ղարաբաղը կը դառնա՞յ հակաահաբեկչական «զտման» յաջորդ կէտը: Եւ արժէ՞, արդեօք, տարածաշրջանում սպասել յատկապէս ազրպէյճանա-թուրքական գործողութեան», «Եթէ ոչ այլ բանում, ապա կասկած չկայ այն բանում, որ Հայաստանի անպատասխանատու վարքագծի համապատկերում տարածաշրջանին խիստ անհրաժեշտ է սեփական «Խաղաղութեան ակունք», «Ազրպէյճանը Զանգեզուրի հարցը վերադարձնում է օրակարգ»: Երեւի թէ աւելորդ է շարունակել թուարկումները:
Երեւի թէ մէկ ձեռքի մատների վրայ կարելի է հաշուել այն պետութիւններին, որոնք պաշտպանում են թուրքական զօրքերի ներխուժումը Սիրիայի այդ քրդաբնակ տարածքները: Միւս գրեթէ բոլոր երկրները` Եւրոպայում, Ամերիկայում եւ այլուր, խստօրէն դատապարտում են Անգարային: Ու թէկուզ, այսպէս ասած, միջազգային պարսաւանքի ու սպառնալիքների այդ հեղեղն ընդամէնը բարոյական բնոյթ է կրում եւ չի փոխարկւում կոշտ հակազդեցութեան, այնուամենայնիւ, այն նոյնպէս, որոշակի վերապահումներով անգամ, կարեւոր նախադրեալ է տարածաշրջանի քուրդ, հայ, ասորի ժողովուրդների նկատմամբ, մանաւանդ, այլ ինքնիշխան երկրի տարածքում մէկ այլ երկրի կողմից պետականօրէն իրագործուող բռնութիւնները դադարեցնելու համար:
Թուրքական զինուժի սանձազերծած այդ ռազմարշաւը, որ ճակատագրի հեգնանքով Անգարան անուանել է «Խաղաղութեան ակունք» եւ որին, ինչպէս երեւի յիշում էք, դարձեալ անպատիժ նախորդել են «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճիւղ» համարժէք ռազմական գործողութիւնները, պաշտօնապէս հաւանութիւն է տուել նաեւ Ազրպէյճանը, ինչի կապակցութեամբ այդ հանրապետութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնը հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ:
Երեւի թէ դրանում արտասովոր ոչինչ չկայ, քանզի թէ Թուրքիան եւ թէ Ազրպէյճանն իրենց որդեգրած արժէքային համակարգով նոյն ցեղասպան պետութիւններն են: Բացի այդ, որպէս «եղբայրական» եւ ռազմավարական դաշնակիցներ հռչակուած այդ պետութիւնները համահունչ են գործում միջազգային բոլոր մեծ ու փոքր խնդիրներում: Առտառոցն այն է, որ Ազրպէյճանի բնակչութեան մի զգալի հատուածը, իսկ ղեկավարութեան ճնշող մեծամասնութիւնը, որն ընդունուած է կոչել Նախիջեւանի կլան, այդ թւում, առանձնապէս, Ալիեւների նախագահական գերդաստանը, ոչ այլ, քան քրտական ծագում ունեն:
Անկախ այն հանգամանքից, որ նրանց ներկայիս անձնագրերում չի արձանագրւում ազգային պատկանելութիւնը, իսկ իրականացուող մարդահամարներում վաղուց ի վեր վիճակագրական տուեալ չի հանդիսանում քաղաքացիների մի զգալի մասի որպէս ազգութիւն քրտական պատկանելութեան խնդիրը, սակայն նրանք բոլորն էլ անխտիր քաջատեղեակ են իրենց քրտական ծագմանը: Մինչդեռ ահաւասիկ Ազրպէյճանի քրտական ծագման բոլոր մակարդակների ղեկավարներն էլ ողջունում են թուրքական զինուժի ներխուժումը հարեւան Սիրիայի քրտաբնակ տարածքներ եւ տեղի տարազգի բնակչութեան, այդ թւում, յատկապէս, քուրդ բնակիչների նկատմամբ այնտեղ իրականացուող բռնատեղահանման ու ոչնչացման քաղաքականութիւնը:
Աւելին` ինչպէս հաղորդում է ազրպէյճանական մամուլը, հազարաւոր երիտասարդ ազրպէյճանցիներ պատրաստակամութիւն են յայտնել անյապաղ մեկնել Սիրիա եւ միանալ թուրքական բանակին` քրտական թնճուկը համատեղ եղբայրական ուժերով քանդելու համար: Իսկ նրանց մէջ, հնարաւոր չէ կասկածել, քիչ չեն քրտական ծագում ունեցող քաղաքացիները:
Ի՞նչ է կատարւում այդ երկրի` Ազրպէյճանի հանրութեան հետ: Ի՞նչ աստիճան կարող է այն զոմբիացուած լինել, որ այլեւս դադարել է չորն ու թացն իրարից ջոկել եւ պատրաստ է առաջին իսկ պահի յօշոտելու դիմացինին, անկախ այն բանից, թէ ով է նա` արիւնակից ազգակա՞ն է, դրկից հարեւա՞ն կամ ծանօթ ու բարեկա՞մ է: Դարձեալ ազրպէյճանական մամուլն է հաղորդում. մի երիտասարդ ազրպէյճանցի օրերս մորթել է իր կնոջն ու նրա մօրը, որը, պարզւում է, նրա իսկ հարազատ մօրաքոյրն է, ապա, փախչելով սպանութեան վայրից, փողոցում անզգուշաբար ընկել է անցնող աւտոմեքենայի տակ ու փչել հոգին:
Կարծում եմ` չլինէր այդ աւտովթարը, այդ մարդասպան երիտասարդը երեւի թէ նոյնպէս կը միանար իր նման այն հազարաւորներին, ովքեր մոլագար մղումով երազում են կամաւորագրուել քրդերի ջարդն իրականացնող թուրքական բանակին: Նա եւ նրա նմաններն արդէն գիտեն, թէ ինչ բան է ուրիշի արեան հոտը: Նրանց մէջ խօսում ու գործում է արդէն ոչ թէ բանական մարդը, այլ բացառապէս բնազդով կառավարուող գազանը: Իսկ գազանը, ինչքան էլ հետեւողականօրէն վարժեցնես ու ընտելացնես, միեւնոյնն է, ի վերջոյ առաջինն իր իսկ տիրոջն է ժանիքների մէջ առնելու:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
aztagdaily.com/archives/463536