Թումասյան Վահան – ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՎ ՏՎԵՔ, ԿՈՎ
29 Հոկտեմբեր 2019 | Հասարակություն:
Անուշ Դաշտենց
«Ասեմ, որ Ստամբուլյան կոնվենցիային անտարբեր եմ վերաբերվում, անգամ, երբ ԱԺ-ի դիմաց ընդդեմ ստորագրահավաքին միանալու առաջարկ արեցին, մերժեցի։ Դեմ չեմ նաև, որ եթե կա սեռափոխված մարդու ողբերգություն, արտասահմանյան որևէ դրամաշնորհով այդ մասին ֆիլմ նկարահանվի։
Բայց չեմ հասկանում, երբ պետությունը 20 միլիոն դրամ է տրամադրում սեռափոխության ենթարկված Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմին, երբ Հայաստանում կա Գեղարքունիքի գոմում երկու անչափահաս որդիների հետ ապրող կին, կան տնակային ավանների չքավոր բնակիչներ»։
20 տոկոս չքավորության շեմ ունեցող Շիրակի մարզի «Շիրակ» կենտրոնի ու տնակային ավանների ամենաչքավոր բնակիչների հետ ամեն օր շփվող Վահան Թումասյանը սրտի կաթվածի շեմին է հասնում նման ծախսերի մասին լսելիս։ «Դժվար է գնահատելը, ինչի համար, որովհետև եթե գտել են, որ էդ ֆիլմը շատ ավելի կարևոր է, քան ազգային, մշակութային գործիչների մասին ֆիլմը, ուրեմն․․․
իրենք են իշխանություն, իրենք են որոշում, ես չէի անի․․․
առավել ևս՝ դիմացը ձմեռ է, եթե իրենք մի անձի իրավունք են պաշտպանում՝ 20 միլիոն են ծախսում, հազարավոր ընտանիքներ մի ամսից հազար ու մի հիվանդություն են ձեռք բերելու խոնավ տներում, դոմիկներում»։
Ի դեպ, այս հարցազրույցի պահին Վահան Թումասյանը երեք րոպեով ընդհատեց խոսակցությունը, մինչև որ հետադարձի համար 300 դրամ վճարեր շահառու կնոջ համար։
Վահան Թումասյանը մի անգամ Արարատի Ռանչպար գյուղից այնպիսի ճնշող տպավորություններով էր եկել, որ տպավորությունները կիսել էր չափածո։ Այսպես․
Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք՝ որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,
Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,
Տառապանքի մութ հատակից այս անողոք
Բացեք դուռը Հայրենիքի երջանկության։
Իսկ ոչ չափածո` Թումասյանն արձանագրում է, որ տնակային ավաններում բնակիչները բոլորն ունեն քայքայված առողջություն: Պատահական չէ, որ բանակից ազատվող երեխաների մեծ մասը տնակային ավաններից են, բոլորն ունեն խրոնիկ հիվանդություններ` երիկամների, սրտի, անոթների:
Թումասյանն ասում է, որ աղքատությունից խեղված ճակատագրերով այս ընտանիքներում խտացված կան բոլոր արատներն ու դժբախտությունները, քայքայված ընտանիքներ, կրթություն չշարունակել, գողություն, մարմնավաճառություն։
«Շիրակ» ՀԿ ղեկավարն ասում է, որ վերջերս ականատես է եղել, թե ինչպես են 4 հոգանոց ընտանիքում փոքր երեխաները քնում 4 քարով տախտակապատված վերմակի վրա, թերսնված են, հիվանդ։
Թումասյանն ասում է, որ նման ծայրահեղ չքավոր ընտանիքներին օգնելու համար բավականացնում է 2-3 հազար դոլարը․ մեկ կով, մի քիչ խոտ, որ ընտանիքը սովամահ չլինի, մի քիչ էլ տաք հագուստ այս կամ այն բարերարից։
«Հազար դոլարը միլիոն ու չգիտեմ ինչքան է անում, այսինքն` այդ 20 միլիոնով հնարավոր կլիներ գոնե 20 ընտանիքի հանել էդ ահավոր վիճակից»,-ասում է Թումասյանը։ Բայց նա սովորել է նման հաշվարկներ չանել, առավել ևս՝ ակնկալել, որ պետական օգնություն պետք է լինի։
raparak.am/post/09047613411acb3952de61b68322e8ba