Հայոց ցեղասպանության բանաձեւը քվեարկվելու է Թուրքիայի Հանրապետության ստեղծման օրը
29.10.2019 | Քաղաքականություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան: «Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ»
Զգուշավորությունը եւ անվստահությունը, որով Հայաստանում վերաբերվում են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քվեարկությանը, հասկանալի է: Արդեն երկար տարիներ ցեղասպանության ճանաչման հարցը մանրադրամ է քաղաքական գործիչների ձեռքերում: Ամեն անգամ, երբ բանաձեւի նախագիծը քննակման էր դրվում, հայ ժողովուրդը հրաշքի էր սպասում: Ամեն անգամ հիասթափվում էր՝ իր հայացքն այլ կողմ ուղղելով:
Հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը քվեարկության է դրվելու Կոնգրեսում: Կոնգրեսը մեկ անգամ՝ 1975 թվականին, կողմ էր քվեարկել նախագծին, իսկ 1984 թվականին մերժել էր: Դրանից հետո բանը քվեարկությանը չէր հասել՝ չնայած Կոնգրեսի հանձնաժողովները երեք անգամ, որից վերջինը 2010 թվականին, հաստատել են նախագիծը:
Հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության օրն է: Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկության օրը պատահական չի ընտրվել: ԹՀ-ն ստեղծվել է 1923 թվականին Քեմալ Աթաթյուրքի կողմից այն հողերի վրա, որտեղ հազարամյակներ ապրել են հայերը, հույները, այլ ժողովուրդներ: Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունը հենց այդ օրը խորհրդանշական է՝ Թուրքիայի Հանրապետությունը կառուցվել է ցեղասպանության ու հայրենազրկման ենթակված մարդկանց սեփականության վրա: Լոզանի պայմանագիրը դրա հաստատումն է: Ըստ այդ պայմանագրի՝ թուրքական պետությունը մինչ օրս իրավունք չունի տնօրինել Թուրքիան լքած հայերի ազգայնացված սեփականությունը:
Բանաձեւի նախագծին աջակցել է Հակադեֆամացիոն լիգան՝ ԱՄՆ ազդեցիկ հրեական կազմակերպություններից մեկը: Բանաձեւի քվեարկությունը հերթական անգամ կարող է տապալվել, բայց հերթական անգամ ցույց կտա Թուրքիայի Հանրապետության հիմքերի խոցելիությունը, որը կարելի է ցնցել մեկ բանաձեւով:
lragir.am/2019/10/29/488886/