Ի պատասխան Մեթր Գասպար Տէրտէրեանի «Աւանդական Սփիւռքը` Կը Տեղքայլէ – Յառաջապահ Նոր Սփիւռքը` Կը Քայլէ» յօդուածին
29.10.2019 21:51 – ragmamoul.net:
Մենք ողջունում ենք Մեթր Գասպար Տէրտէրեանի «Աւանդական Սփիւռքը` Կը Տեղքայլէ – Յառաջապահ Նոր Սփիւռքը` Կը Քայլէ» յօդուածի հրապարակումը Ձեր մամուլի էջերում, որովհետեւ սա առաջին դէպքն է, կարծես, երբ արտէրկրի հայ մամուլը անդրադառնում է Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների, իրականում` հայերի իրաւունքների, պաշտպանութեան մերօրեայ գործընթացին եւ նրա դերակատարներին:
Ճիշտ է, յօդուածում տեղ են գտել կոպիտ սխալներ ու անճշտութիւններ, սակայն յոյս ունենք, թէ մեր պատասխան յօդուածը նոյնպէս կը հրապարակուի Ձեր մամուլի էջերում: Որովհետեւ պատրաստ ենք կատարելու յօդուածում թոյլ տրուած սխալների շտկումներ եւ էական ճշգրտումներ, որոնց զուգահեռ, իսկ դա ամենակարեւորն է, նաեւ լրացումներ` գործընթացի իրական զարգացումների վերաբերեալ:
Այստեղ յաւելենք միայն, որ 2018 եւ 2019 թթ․ ընթացքում մեր կողմից՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան), ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղարին եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի Մշտական Անդամ Պետութիւններին ուղարկուել են պաշտօնական չորս դիմումներ հայ ժողովրդի իրաւունքները կեանքի կոչելու եւ իրականացնելու հարցերով:
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Վարչապետ
11 սեպտեմբեր 2019 թ․
Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում շրջանառուող
նոր կեղծիքների վերաբերեալ
Մեթր Գասպար Տէրտէրեանի «Աւանդական Սփիւռքը՝ Կը Տեղքայլէ –
Յառաջապահ Նոր Սփիւռքը՝ Կը Քայլէ»
յօդուածում տեղ գտած անճշտութիւնների եւ կոպիտ սխալների կապակցութեամբ
Մենք պատասխանելու ենք հնարաւորինս կարճ ու հակիրճ, որովհետեւ թեմային անդրադարձել ենք աւելի քան 16 անգամ եւ այստեղ նշելու ենք այդ հրապարակումներից մի քանիսի անուանումները, օրինակ` «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգում կատարուած փոփոխութիւնների վերաբերեալ», «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնները դադարեցուած են», «Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահի ուղերձը պատգամաւորներին ու պաշտօնեաներին», «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահի ուղերձը պաշտօնեաներին ու պատգամաւորներին», «Արեւմտեան Հայաստանի, այսպէս կոչուած, կառավարութիւնների մասին», «Շարունակուող կեղծիքներ Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում» եւ այլ, որոնց կարող էք ծանօթանալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) կառավարութեան եւ խորհրդարանի պաշտօնական http://gov-wa.info, http://parliament-wa.info/ կայք էջերում, «Հրապարակումներ» բաժնում։
Յօդուածում գործածելու ենք «անճշտութիւններ եւ կոպիտ սխալներ» բնութագրումները, եւ խուսափելու ենք «կեղծիքներ» բնութագրումից` հաստատ իմանալով, որ Գասպար Տէրտէրեան մտաւորականը երբեք չի դիմել կեղծիքների: Հասկանալի է, որ յօդուածում տեղ գտած կեղծիքների հրահրողները նրան այդ որակի տեղեկութիւններ փոխանցողներն են:
Այնուհանդերձ զարմանում ենք, որ նման հմուտ մտաւորականը իրեն նեղութիւն չի տուել համակողմանի ուսումնասիրելու Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների ոլորտում գոյութիւն ունեցող բոլոր փաստերը եւ բաւարարուել է նրանով, ինչ փոխանցել են նրան, այլապէս նա ծանօթ պէտք է լինէր նաեւ այն բոլոր հրապարակումներին եւ իրադարձութիւններին, որոնք նշեցինք վերեւում: Ցանկութեան դէպքում, երբեք ուշ չէ դրանց ծանօթանալու համար:
1․Օրինական ընտրութիւնների միջոցով ձեւաւորուած միակ իրաւաչափ խորհրդարանի մասին:
Գասպար Տէրտէրեանը գրում է․ «Ուրեմն, մեր բոլոր նախկին աւանդական-դրամատիրականներու ցարդ ցոյց տուած տխուր վախճանին դիմաց, մխիթարական զարթօնք մը կայ այսօր՝ սկսած 2004 թուականէն. Ստեփանակերտի մէջ, հիմնումովը Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդին, որ այսօր կը գործէ որպէս Արեւմտեան Հայաստանի անկախ ճանչցուած պետութեան իրաւական շարունակութիւնը, որ գրանցուած ունի արդէն 28 հազար քաղաքացիներ՝ ոչ միայն Սփիւռքի տարբեր շրջաններէն, այլեւ՝ Արեւմտահայաստանի որոշ շրջաններէն…։ Ունի ընտրեալ խորհրդարան՝ նախ (2014-ին) 64 երեսփոխաններով, եւ երկրորդ ընտրութեան (2018 թ. Դեկտեմբեր) 77 երեսփոխաններով, որ իր նիսՏէրը կը գումարէ համացանցի վրայ։ Կառավարութիւնը՝ 13 նախարարութիւններով, Բ. դահլիճին վարչապետն է Սուրիահպատակ Գառնիկ Սարգիսեան անուն ճարտարագէտը, թոռը Պոլսահայ Շապուհի եւ որդին Ատանացի Վահագնի ու Շապին Գարահիսարցի Սրբուհի Տէրտէրեանի։ Իսկ Հանրապետութեան նախագահ Արմէնակ Աբրահամեանի մնաիւն նստավայրն է Ֆրանսայի Մարսիլիա քաղաքը»։
Յօդուածի մէջ մէկ այլ տեղում Գասպար Տէրտէրեանը շարունակելով զարգացնել թեման գրում է․ «Արեւմտեան Հայաստանի անկախ ճանչցուած պետութեան իրաւական շարունակութիւնը եղող այս պետութիւնը․․․ Տարագիր Արեւմտահայութենէն կը պահանջէ՝ կազմակերպուիլ կեդրոնական, ներկայացուցչական (ընտրովի) եւ միակ լիազօր իրաւական անձնաւորութեան (personne juridique) մը մէջ։ Տարագիր Արեւմտահայութեան միակ ներկայացուցչական ընտրեալ մարմինը՝ Արեւմտեան Հայաստանի խորհրդարանն է եւ անոր կողմէ ընտրուած նախագահն ու անոր վստահութեան քուէն ստացած վարչապետը…»։
Պարբերութեան մէջ նշուած «ընտրեալ խորհրդարանի» «երկրորդ ընտրութիւն, 2018 թ․ դեկտեմբեր» կեղծիք է, եւ երկրորդ պարբերութեան մէջ նշուած․ «միակ լիազօր իրաւական անձնաւորութեան (personne juridique) մը» եւ «միակ ներկայացուցչական ընտրեալ մարմինը՝ Արեւմտեան Հայաստանի խորհրդարանն է եւ անոր կողմէ ընտրուած նախագահն ու անոր վստահութեան քուէն ստացած վարչապետը…» նոյնպէս կեղծիք է, որովհետեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէնակ Աբրահամեանի լիազորութիւնները դադարեցուել են 2017 թ․ հունիսի 11-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում՝ իշխանութիւնը զաւթելու փորձի մեղադրանքով։
Հետեւաբար, նախագահի լիազորութիւններից զրկուած Արմէնակ Աբրահամեանը չէր կարող եւ իրաւունք չուներ կեղծ խորհրդարանական ընտրութիւններ հրահրելու, դրա միջոցով «նախագահ» հռչակուելու, դրա միջոցով «վարչապետի թեկնածու» Գառնիկ Սարգսեանին առաջադրելու, կեղծ կառավարութիւն կազմելու գործընթաց հրահրելու։ Հասկանալի է, որ գործ ունենք ապօրինի ու անօրինական գործողութիւնների՝ ապօրինի ընտրութիւնների եւ ոչ իրաւաչափ խորհրդարանի, ինքնակոչ նախագահի, ապօրինի նշանակուած վարչապետի հարցերին առնչուող անօրինական գործողութիւնների ու փաստերի հետ։
Յօդուածին կից ուղարկում ենք Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի նիստի Արձանագրութիւնը։ Յաւելենք, որ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում, 2017 թ․ հունիսի 11-ին, պատգամաւորները՝ խորհրդարանի նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի գլխաւորութեամբ, ընտրեցին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) նոր նախագահ, նախագահ դարձաւ Ռադիկ Խամոյեանը, վարչապետի պաշտօնում վերահաստատվեց Տիգրան Փաշաբեզեանը։
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) 2014-2018 թթ․ ընթացքում անշեղ եւ իրաւաչափ կերպով շարունակել է աշխատանքները գումարելով 1-ին գումարման 7 նստաշրջան, եւ 2-րդ գումարման մէկ նստաշրջան, վերջինը՝ 2018 թ․ սեպտեմբերի 27-28-ին։
Ըստ այդմ, ընդհանուր պատկերն այսպիսին է։
2013 թ․ նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկութեան միջոցով, անցկացուել են Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի պատգամաւորների ընտրութիւններ: Դրանց մասնակցել են 17 հազար 837 ընտրող՝ Արեւմտեան Հայաստանի քաղաքացի, 41 երկրներից, ընտրել են 64 պատգամաւոր:
2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրութիւններ, որին մասնակցել են 51 հազար 505 ընտրող՝ Արեւմտեան Հայաստանի քաղաքացի, 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամաւոր:
2018 թ. սեպտեմբերի 1-5-ը Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում հաստատուել են Խորհրդարանի մշտական հանձնաժողովները, ընտրուել են նրանց ղեկավարները, ինչպէս նաեւ Խորհրդարանի նախագահ է ընտրուել Արմէն Տէր-Սարգսեանը։
Համաձայն Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի՝ յօդուած 42, Խորհրդարանի պատգամաւորների կազմից նախագահ է ընտրուել Ռադիկ Խամոյեանը։
Եւ համաձայն նոյն օրենքի՝ յօդուած 44, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյեանի առաջարկութեամբ, Խորհրդարանը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնում հաստատել է Տիգրան Փաշաբեզեանին։
Սա է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) օրինական ընտրութիւնների միջոցով ձեւաւորուած միակ իրաւաչափ (legitim) Խորհրդարանը, որ գործում է մինչեւ այսօր։
2․Յուշագրի եւ Դիմումնագրերի հարցերի մասին։
Գասպար ՏէրՏէրեանը գրում է․ «2007 թուին, Արեւմտեան Հայաստանի պետութիւնը անդամագրուած է ՄԱԿ-ի Բնիկ Ժողովուրդներու Իրաւանց Փորձագիտական Յանձնաժողովին, որուն նիստերուն կը մասնակցի իր մնայուն ներկայացուցիչը անկէ ներս։ Վերջերս, նախագահն ու վարչապետը Արեւմտեան Հայաստանի անունով Յուշագիր մը յղեցին Օսաքայի G20-երու գագաթաժողովին առիթով Թրամփ եւ Փութին հանդիպումին, պահանջելով գործադրութիւնը Թուրքահայաստանի Անկախութեան Մասին Դեկրետին եւ նախագահ Ուիլսոնի Իրաւարար Վճիռին, առաւել՝ 12.5 թրիլիոն տոլարի վնասուց նիւթական հատուցում մը։ Թրամփ եւ Փութին չպատասխանեցին․․․»
Այստեղ խոսքը 2019 թվականի հրապարակ նետուած «Յուշագիր մը յղեցին»-ի մասին է, որին «Թրամփ եւ Փութին չպատասխանեցին․․․»։ Իրականում, այդ յուշագիրը կարող ենք կոչել ինքնահռչակների եւ ինքնակոչների կողմից սեփական ձախողումն ու անճարակութիւնը քողարկելու ու թաքցնելու քարոզչական «փիառ» հնարք, ի դէպ, չստացուած հնարք։
Եթե պարոն Տէրտէրեանը համացանցում եւ զանգուածային լրատուամիջոցներում առկա տեղեկատուութիւնն աւելի նախանձախնդիր ու ուշադիր ուսումնասիրեր, ապա կիմանար, որ Սեւրի խաղաղութեան պայմանագրի կնքման 99-րդ տարեդարձի նախօրյակին՝ 2019 թուականի օգոստոսի 7-ին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ Հայաստան պետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերեալ դիմումով։
Այսու, պարոն Տէրտէրեանը կիմանար, որ նշեալ պաշտօնական դիմումը ՄԱԿ ուղարկուած թուով չորրորդ դիմումն է, որ դրանից առաջ՝ 2018 թուականի մայիս եւ նոյեմբեր ամիսներին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝
- անդամակցութեան,
- ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրաւարար վճիռը կեանքի կոչելու, իրականացնելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) հաստատումը Իրաւարար վճռով սահմանազատուած տարածքի վրա,
- Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետութեան բռնազաւթիչ ուժերը դուրս բերելու վերաբերեալ,
Դուք գրում եք «յուշագրի», ըստ էութեան, բաց նամակի մասին, պարոն Տէրտէրեան, որին «Թրամփ եւ Փութին չպատասխանեցին․․․», եւ մյուս կողմից՝ անտեսում եք ՄԱԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդին ուղղված եւ ուղարկված Արեւմտեան Հայաստանի Հանրապետութան (Հայաստան) պաշտօնական չորս դիմումնագրերը։ Սա է իրողութիւնը։
3․Համագործակցութեան հարցերի եւ բանակցութիւնների մասին։
Գասպար Տէրտէրեանը գրում է․ «Յառաջիկայ Հոկտեմբեր 5-ին, Հայ Նախկին Սպայից Միութիւնը, իր բոլոր միջոցներով, պիտի յարի այս շարունակուող պետութեան, որ լաւ յարաբերութիւններ ունի Սուրիոյ պետութեան հետ… եւ այս վերջինը կը քաջալերէ նաեւ՝ այս պետութեան վարչապետին ջանքերով կազմուած Կիլիկիոյ Ազգային Խորհուրդի գծով աշխատանքները, որոնց կը մասնակցին հայ, արաբ եւ ասորի դէմքեր ու կուսակցութիւններ (նաեւ՝ ղովմի-սուրի)։
Ճոխ է ներկայացված։ Բայց դուք՝ պարոն Տէրտէրեան, տեղյակ չեք, մենք ենք փորձառու ու լավատեղյակ, որ բոլոր այդ տեղեկութիւնների մէջ, ցավոք, «բլեֆը» աւելի մեծ տեղ ունի, քան իրականութիւնը։ Աւելին, մենք ենք տեղյակ, թե ինչպէս նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանի եւ նախկին արտգործնախարար Գառնիկ Սարգսեանի մեղքով ու հանցակցութեամբ՝ 2016 թվականի ընթացքում տապալվեցին եւ իրականութիւն չդարձան մի շարք չափազանց կարեւոր ծրագրեր։
Ինչ վերաբերում է Հայ Սպաների Միութեան, եւ ոչ թէ՝ «Հայ Նախկին Սպայից Միութեան», հետ առնչուող հարցերին, ապա պէտք է նշել, որ միութեան ձեւաւորման նախաձեռնութեան եւ ծրագրի հիմքում բոլորովին այլ մարդիկ են եւ այլ գաղափարներ, քան ներկայացուած է այստեղ: Մասնաւորապէս, ծրագրի ակունքներում կանգնած են հասարակական – քաղաքական գործիչ Մացակ Փոլադեանն ու գեներալ Նարեկ Աբրահամեանը, երկուսն էլ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) 2019 թ․ սեպտեմբերի 1-5-ը անցկացուած ընտրությունների արդյունքում ձեւավորուած իրաւաչափ (legitim) Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամաւորներ եւ Միջխորհրդարանական կապերի եւ Պաշտպանութեան հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարներ:
Նախաձեռնող խմբի աշխատանքներին մասնակցել են Խորհրդարանի 2-րդ գումարման այլ պատգամաւորներ նոյնպես, օրինակ՝ Էդուարդ Փոլատովը («Թալիշ. Սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների ՀԿ-ի նախագահ), գեներալ Անդրեաս Հովհաննիսեանը, ՀԱԲ-ի ղեկավար Արամ Թորգոմեանը եւ այլ զինւորականներ ու ազատամարտիկներ։ Այս ծրագրի հիմքում դրուած են՝ հայութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան հարցերն ու խնդիրները, եւ ոչ թէ «յարելը»՝ «այս շարունակուող պետութեան․․․», իրականում ինքնահռչակ կառոյցի: Այսինքն, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցների նպատակն է եղել ձեւաւորել Հայ Սպաների Միութիւնը եւ ոչ թէ այդ ծրագիրը ծառայեցնել սեփական շահերի։
Գալով Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդին, ապա դա մեր կողմից շատ աւելի վաղ էր ստեղծուել, քան դրա ստեղծման մասին հայտարարեցին նրանք։ Այս հարցով՝ Տես, Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի Հռչակագիրը, 21 հունիս 2017 թ․, http://gov-wa.info/?p=823&lang=hy։
4․Սահմանադրութեան ընդունման ընթացակարգի եւ օրինական Սահմանադրութեան, ինչպէս նաեւ նախագահի լիազորութիւների մասին։
Գասպար Տէրտէրեանը գրում է․ «Այս պետութիւնը մշակած է իր Սահմանադրութեան նախագիծը, որդեգրած է օրէնքներ եւ հրամանագրեր, որոնք հրատարակուած են հատորներով»։
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանի լիազորութիւնները դադարեցնելու պատճառներից մէկը հենց այդ, այսպէս կոչված, «մշակած է իր Սահմանադրութեան նախագիծը»-ն էր։ Որովհետեւ «իր մշակած» եւ ինքնաստեղծ «սահմանադրութեան» օրինակի միջոցով ծրագրում էր զաւթել իշխանութիւնը եւ դրա վրա հիմնուելով համակարգից հեռացնել անցանկալի գործընկերներին։
Ցանկանում ենք այս կապակցութեամբ երկու հարց ուղղել պարոն Տէրտէրեանին, իսկ դուք կարդացե՞լ եք, «սահմանադրութեան» այդ օրինակը, եւ երկրորդ, իսկ հարցրե՞լ եք, թե ինչպե՞ս է ընդունուել «սահմանադրութեան» ինքնաստեղծ այդ օրինակը։ Դուք դեռ ժամանակ ունեք հարցնելու, իսկ մենք ներկայացնենք փաստերը։
ա) Նախագահի լիազորութիւնների մասին։
Նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանի ինքնաստեղծ «սահմանադրութեան» 76-րդ յօդուածի 8-րդ կետում գրված է․
«Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին կողմէ վաւերացման ենթակայ են այն միջազգային պայմանագիրները, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ, կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն»:
Նոյն ձեւակերպումը կարդում ենք նաեւ 107-րդ յօդուածում.
«Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:
Կրկնենք. «…բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:
Պարոն Տէրտէրեան, դուք հնարավո՞ր եք համարում, որ ազգային – պետական նշանակութեան այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն», ենթակա լինեն մէկ մարդու կամքին ու քմահաճույքին, նոյնիսկ եթե նա նախագահ է:
Բացառված է: Նման օրինակ չեք գտնի աշխարհի եւ ոչ մի քաղաքակիրթ երկրի Գլխավոր օրենքում՝ ոչ մի երկրի Սահմանադրութեան մէջ:
Ինչ վերաբերում է գործող վարչապետի լիազորութիւնները դադարեցնելու եւ նոր վարչապետ նշանակելու ապօրինի հրամանագրերին, ապա այդ հարցով կարող ենք մէջբերել հետեւեալը։
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընդունած որոշման մէջ մասնաւորապէս նշուած է. «Հաշուի առնելով այն հանգամանքը, որ`
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը Սահմանադրութեան բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունուած Սահմանադրութիւն դեռեւս չունի եւ ան կ՛առաջնորդուի՝ «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրէնքով, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ (արդէն նախկին նախագահ) Արմէնակ Աբրահամեանը խախտել է վերոնշեալ օրէնքի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքը» բաժնի հետեւեալ յօդուածներու դրոյթներն ու պահանջները.
Յօդուած 44) Արեւմտեան Հայաստանի նախագահը`
-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ կը նշանակէ ու կ՛ազատէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետին,
-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ որոշում կը կայացնէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան հրաժարականի մասին․․․»։
Հետաքրքիր է, որ նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանի ինքնաստեղծ «սահմանադրութեան» օրինակի մէջ՝ 3-րդ յօդուածի 3-րդ կետում, պահպանված ու նշված է նաեւ, որ «Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմէ յանցագործութիւն է»:
Ըստ այդմ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորները, 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում, 2017 թ․ հունիսի 11-ին, քննելով ստեղծված իրաւիճակը՝ որոշեցին «Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէնակ Աբրահամեանի կողմից պետական իշխանութիւնը յուրացնելու փորձը» եւ «զրկել Արմէնակ Աբրահամեանին նախագահի լիազորութիւններից»։
բ) Սահմանադրութեան ընդունման ընթացակարգի եւ օրինական Սահմանադրութեան մասին։
Սահմանադրութեան ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականութիւնից բաղկացած գործընթաց է. Ազգային Ժողովի կողմից կազմւում է Սահմանադրութեան նախագծի մշակման յատուկ յանձնաժողով։ Յատուկ յանձնաժողովը Սահմանադրութեան նախագիծը ներկայացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ ընթերցման, որից հետո այն դրւում է համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքուէի եւ հանրաքուէի արդիւնքների համաձայն ընդունւում: Սահմանադրութեան տակ ոչ ոք ստորագրութիւն չի դնում, այդ թւում՝ հանրապետութեան նախագահը, ստորագրութիւն չի դնում որեւէ խումբ կամ կառոյց:
Պարոն Տէրտէրեան, իսկ դուք հարցրել եք, թե ինչպե՞ս է «ընդունուել» ինքնաստեղծ «սահմանադրութեան» գրպանի այդ օրինակը, դուք գիտե՞ք, որ այդ օրինակը նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանն է՝ «ստորագրել, վավերացրել, ընդունել» (սրանք նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանի բերած հիմնաւորումներն ու փաստարկներն են, որ ներկայացնում ենք) եւ ցանկանում էր պարտադրել մեր պետական համակարգին։
Նախկին նախագահի կողմից Սահմանադրութեան նախագծի ընդունման ընթացակարգի հետ կապված խախտումների վերաբերեալ մէջբերենք եւս մի քանի փաստ։
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը որոշել է «2-րդ ընթերցմամբ հաստատել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը»: Որոշումն ընդունուել է միաձայն, 17.12.2016:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը «3-րդ ընթերցմամբ հաստատել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը, որը դրուելու է համաժողովրդական քննարկման», 11.06.2017:
Այս ամենը նշանակում է, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը՝ Սահմանադրութիւնը, դեռեւս չի անցել անհրաժեշտ բոլոր ընթացակարգերով եւ չի կարող ընդունուած համարուել։
5․Խորհրդարանի «կեդրոնական» եւ «միակ լիազոր» լինելու հանգամանքի մասին։
Գասպար Տէրտէրեանը գրում է․ «Մենք՝ Տարագիր Արեւմտահայութեան Համասփիւռքեան Քոնկրէսի հետեւորդներս, երեսուն տարի կոչ ըրինք Տարագիր Արեւմտահայութեան զանգուածներուն՝ յարելու ՏԱՀՔ-ի ծրագրին, որպէսզի համահայկականօրէն ձեռնարկենք ՏԱՀՔ-ի կազմակերպումին։ Զանգուածները եւ աւանդական կուսակցութիւնները անտարբեր մնացին։ Այս պետութեան նախաձեռնողները (2004-2019) սկսան՝ մասնաւորէն, հասնելու համար հաւաքականին, եւ՝ յաջորդական յաջողութիւններ արձանագրեցին ցարդ։ Այդ յաջողութիւնները տակաւին բաւարար չեն այս ընտրեալ ներկայացուցչական խորհրդարանին տալու «կեդրոնական»ի եւ «միակ լիազօր»ի հանգամանքները։ Տարագիր Արեւմտահայութեան ամէն անկեղծօրէն յանձնառու անդամին առաջնահերթ պարտականութիւնն է զօրացնել այս պետութիւնը, զայն դարձնելով նաեւ՝ ոչ միայն ընտրեալ, այլեւ՝ կեդրոնական եւ միակ լիազօր»։
Պարոն Տէրտէրեան, հնարաւոր չէ այդ, այսպէս կոչուած, «ընտրեալ ներկայացուցչական խորհրդարանին» տալ «կեդրոնական»ի եւ «միակ լիազօր»ի հանգամանքները» եւ այդ պետութիւնը դարձնել «ոչ միայն ընտրեալ, այլեւ՝ կեդրոնական եւ միակ լիազօր»։ Դուք գիտեք, թե ինչ նշանակութիւն ունի «փաստերի համառ բնույթը» արտահայտութիւնը։ Ժամանակին մենք Գառնիկ Սարգսեանին հրաւիրեցինք մասնակցելու մեր աշխատանքներին, օգնելու մեզ։ Նրա «առաքելութիւնն» ու «աջակցութիւնը» եղավ այն, որ անմիջապէս եւ անմիջականօրէն սրեց համակարգում առկա տարակարծութիւնը տարբեր հարցերի վերաբերեալ, տալով դրանց անյաղթահարելի դիմակայութեան բնոյթ եւ ուժականութիւն։ Օրինակ, երբ մեր կողմից տարւող մի անկեղծ զրոյցի ժամանակ քննարկում ու քննադատում էինք նախագահ (այժմ արդեն նախկին) Արմէնակ Աբրահամեանի բռնած վարքագիծը ընթացիկ աշխատանքների ու գործընկերների նկատմամբ՝ Գառնիկ Սարգսեանն ասաց․ «Դժգոհ եք, ժողով գումարեք ու հանեք նրան նախագահի պաշտօնից»։ Ճիշտն ասած, մենք այդպիսի մտադրութիւն կամ ծրագիր չունեինք եւ չենք ունեցել մինչեւ 2017 թ․ մայիս, մինչեւ այն պահը, երբ նախկին նախագահը հիմնուելով «սահմանադրութեան» ինքնաստեղծ օրինակի վրա՝ ստորագրեց ապօրինի հրամանագրեր։ Բայց զարմանալիօրէն այդ խօսքերը իրականութիւն դարձան նախկին նախագահի համար, որովհետեւ յանգեցին նրա լիազօրութիւնների դադարեցմանը եւ, ըստ էութեան, նրա եւ նրան յարող խմբի հետագայ ապօրինի ու անօրինական գործունեութեանը։
Սա է ճշմարտութիւնը, ինչ այստեղ ներկայացվեց։ Կարելի է եւ աւելին գրել ու շատ աւելի մանրամասներ ներկայացնել, սակայն կարծում ենք այս պահին այսքանն էլ բաւարար է։
6․Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորոտում իրականացուած աշխատանքների, իրաւական – քաղաքական հիմքերի մասին։
Ամբողջական պատկերացում կազմելու համար նշեած հարցերի վերաբերեալ առաջարկում ենք մուտք գործել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) կառավարութեան ու խորհրդարանի պաշտօնական կայք էջեր՝ www.gov-wa.info, www.parliament-wa.info եւ ծանոթանալ «Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթ»-ին, «Իրաւական փաթեթ» բաժնում։
Ժողովածուն ամփոփում է Հայկական Հարցի կարգավորման, Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան, ինչպէս նաեւ Հայաստանի նկատմամբ հայութեան իրաւունքների պաշտպանութեան իրաւական – քաղաքական հիմքերը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու յայտարարութիւնները:
Ժողովածուն հրապարակւում է հայերեն (արեւելահայերեն, արեւմտահայերեն), ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով։ Բնագիր է համարւում հայերենը:
Ժողովածուն վերամշակելու անհրաժեշտութիւնն առաջացել է 2019 թ․ օգոստոսի 7-ից հետո, ըստ այդմ, ժողովածուի բոլոր նոր օրինակներում նշուած են վերամշակման ճշգրիտ թուականները։
Նշենք նաեւ, որ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան աշխատանքներին մասնակցել եւ մասնակցում են արտերկրի եւ ՀՀ-ի ճանաչուած ու հարգուած հասարակական – քաղաքական գործիչներ, մտաւորականներ, զինւորականներ, իրաւաբաններ, պատմաբաններ, տնտեսագետներ, մշակոյթի գործիչներ․ լրագրողներ, ում անուններին եւ կենսագրութեանը կարող եք ծանոթանալ խորհրդարանի ընտրութիւնների պաշտօնական հետեւեալ http://elections-western-armenia.info/ կայք էջում։
Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ոլորտում աշխատանքները շարունակւում են եւ ոչինչ չի կարող խանգարել կամ խաթարել դրանք։ Համոզուած ենք մեր գործի արդարացիութեան, իրաւաչափութեան եւ ակընկալուող յաջողութեանց վերաբերեալ։
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Վարչապետ
11 սեպտեմբեր 2019 թ․
ragmamoul.net/hy/letters-to-the-editor/2019/10/29/ի-պատասխան-մեթր-գասպար-տէրտէրեանի-աւ/