ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 20) Եւ վէրջ

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 20) Եւ վէրջ

ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)

Խորհրդակցություն է: Հավաքված են թուրք իշխանավորներն ու մի քանի քուրդ բեյեր:

Վալի. “Ինչ ուզում եք արեք, ինչ պատճառ կարող եք` գտեք: Պետք է` մի քանի քուրդ սպաննեցեք, մեղքը դրա վրա բարդեցեք: Կրպեն նստեցնել, վերացնել է պետք, քանի Կրպեն կա, քաֆրերն անհնազանդ կմնան:

Տամատյանի ձերբակալման ժամանակ են մի քանի հոգու սպանությունը վերագրեք իրեն: Իսկույնեևեթ պահանջեք ներկայանալ: Մեղքը վրան կառնի` հեշտ կմեռնի, չի առնի` տանջամահ կանենք: Չհանձնվեց` Սասուն զորք կլցնենք, հայերին իրենց իսկ արյան մեջ կխեղդենք: Սուլթանի հրամանն է:

Սասունն անպատրաստ էր դիմադրության…

Սասնա ավագների ժողով:
Կրպե. “Ես կերթամ, ցույց կտամ օսմանլուին, որ մենք չենք սպանած այդ քուրդերը…
Զաֆթիաներուն հետ տի երթաս:
Ոչ, դա իմ զենքին ամոթ է, ես ինքս` մենակ կերթամ ի Մուշ:
Քեզ կձեռբակալեն` գիտես:
Գիտեմ:
Տամատյանի ընկերակցության հարց մեջ կբերեն:
Գիտեմ:
Քեզ կսպանեն:
Գիտեմ:
Նախապես դառը կտանջեն, կչարչարեն:
Գիտեմ:

Ուրեմն, ի զուր տեղն ես անձդ մահու տալու…

Զուր չէ իմ կորուստը: Կառավարություն պիտի պաշարե զՍասուն. եթե ես անձնատուր լինիմ, նա ինձնով զբաղված` ձեզ պատրաստվելու ժամանակ պիտի տա: Սասուն չպիտի խոնարհի յուր բարձր հպարտությունը, մեր դարևոր անկախության փառքը: Ես կերթամ, կզոհվիմ հայրենյաց համար, դուք ապրեցեք, պատրաստվեցեք ահավոր, մի անօրինակ արյան դաշտ իջնելու: Լավ է, որ ես մեռնեմ, ազատ, անկախ ապրի զիմ սիրելի Սասուն:

Կրպեն վեհ կերպով մտավ Մուշ:

Ընտիր ոսկեծոպ, գեսավոր զեղեքին հագին, թարապուլուզ գոտին զենքերով ուռած, թուրն ազդրի վրա տարուբերելով, երկայնափող հրացանն ուսին, որի վրա տարածված են քաջի բաց, հոլանի, մկանուտ թևերը: Գլխի սև ապարոշի ոսկեթել ծոպերը ծածանվում են շեկ մազերի փնջի հետ, որ անփութորեն թափված են երկար, սիրուն վզովը: Նրա հայացքը լցված է ազդու ոգևորությամբ:

Կին ու մանուկ, երիտասարդ ու ծեր հետևում են հայացքով քաջին, հառաչելով նայում հետևից: Շատախու զորավարը, որի անունով երդվում էր Մուշը, որ օրինակ էր Սասնո մանուկներին, գնում է հարձնվելու բորենու բերան:
Կրպե, ետ դարձիր, – շշնջում են պատահող հայեր:

Մի երկնչիք, – շպրտում է նա, – թողեք մի քիչ զբաղեցնեմ շներին:

Մութասերիֆ փաշայի սենյակ: Արդեն լուր է ստացել, որ Կրպեն իր ոտով է գալիս մոտը, անսահման ուրախացած է:

Ներս է հրավիրում Կրպեին, նստեցնում կողքին, սուրճ ու սիկար հյուրասիրում:

Կրպե, քաջ ես, որ ինքնդ եկար մեղքդ վրադ առնելու:
Ես մեղք չունիմ:
Հապա սպանված քուրդերը:

Դրանք ավազակներ էին, անպատիվ ապրեցին, անպատիվ էլ` շան պես սատկեցին, ես դրանց սպանության հետ գործ չունիմ:
Ինչպե~ս թե: Իսկ Տամատյանի խումբը, հեղափոխականները, որ մեծն սուլթանի իշխանության դեմ են գնում: Դու հետները չես:

Օձի լեզու է թափում մութասերիֆը, խոստանում մինչև փաշայության պատիվ, խնդրում է, սպառնում, պահանջում հանցանքը վրան առնել, հայտնել գիտցածները: Այսպես երեք օր: Պատվով, ոսկով, սուլթանի շքանշաններով չի խաբվում Սասնո ապառաժ որդին:

Չորրորդ օրը Ալի-փաշան հրամայում է ձեռբակալել, զեն ու զարդերն առնել.

Քաֆր օղլի, բավական է, որքան ազատ մնացիր…

Այո, բեյ, եթե ես ազատ մնամ, դուն պիտի բանտարկվիս, որովհետև ազգիս ազատությունը կխլեմ քո ու քեզ նմանների ձեռից:

Արևը բևեռված է երկնքի բարձունքին, Նեմրութի գլխին, կիզիչ ճառագայթներն այրում են Մուշը: Տապն ու փոշին խեղդում են մարդուս: Մի թեթև հովիկ անգամ չկա:

Մեղտի գետի հոսանքն ի վեր է գնում երկու կալանավորի շրջապատած սպառազեն վաշտը, պլլված փոշու ամպիկներով:

Կալանավորները շղթայված են իրար, գնում են ծանրաքայլ: Մեկը Սասնո զորավար Կրպեն է, մյուսը` պատկառելի դեմքով մի հոգևորական` Մշու, Սասնո հոգևոր առաջնորդ, ս. Կարապետի վանահայր Ներսես Ղարախանյանցը: Նրան թուրք կառավարությունը կոմիթեթի ղեկավարություն է վերագրում:

Երկուսն էլ զվարթ են, թուրքը չի լսելու նրանց տրտունջը, հառաչանքը: Դեմքերին հուսահատության նշույլ իսկ չկա. խաղաղ են, անվրդով:

Կրպե, հոգնեցանք, – դիմում է բախտակցին ս. հայրը, – խնդրենք սրանց մի քիչ դադար առնել… ոտներս ձեռաց ելան… լեզու ունենային` աղաղակը երկինք կհասներ…

Լուռ կաց, վարդապետ, այս բորենիները չպիտի տեսնեն մեր թուլությունը, չպիտի ծիծաղեն հայի տառապանքի վրա: Խլիր թշնամուց ուրախության շարժառիթը` բարոյապես կհաղթես նրան:

Բաղեշի հայ բնակչությունը փողոց է լցվել: Մարդկային հեղեղը լցված է Թաղի-Գլուխ, Կարմիր-Ակն, լուռ տարուբերվում է լայնածավալ լճի պես: Սնապարծ գոռոզությամբ անցնում է ասկյարների վաշտը, շրջապատած “հանցավորներին”, որոնք հաստատ, անվրդով, քաջի վայել են քայլում:

Մայրդ մեռներ, Կրպե, քեզ էսպես չտեսներ, – լուսամուտից նրան նայելով շշնջում է մի հայ պառավ, – էդ սոսի հասակդ պիտի իջեցնես ի հող…:

Կրպեն լսում է, վեր է նայում, տեսնում արտասվող պառավին, ժպտալով պատասխանում է.

Իմ հասակ կթաղվի, նանե, քու թոռներ կազատագրվին…

1894-96 թթ. նորից ապստամբեց Սասունը, կռվեց արիաբար, մեծաքանակ զոհ տվեց, բայց ռայա չդարձավ…
1915 թ. հերթական անգամ կռվեց` մինչև ռուսի սալդատի Մուշ մտնելը և նահանջեց ռուսի հետ Արևելահայաստան` այնտեղ Կրպեի գործը շարունակելու, իր անունը որպես հերոսական դրոշ պահելու…
Ով կռվեց` փրկվեց… Կռվեցին ու փրկվեցին մուսալեռցիք, վանեցիք…
Կռվածներից շատերի մասին մենք այսօր ոչինչ չգիտենք…. պատվով զոհվածները ննջել են առհավետ, չեն պատմի, իսկ “հաղթած” թուրքը չի պատմել ամոթից…

Թուրքը կոտորեց անզեն կանանց, ծերերին ու երեխաներին… և նահանջեց, փախավ զինված տղամարդկանցից կամ կանանցից…

Հազար փառք կռվածներին…
Հազար ողորմի անմեղ զոհվածներին…

Արցախյան պատերազմի դրվագներ Թաթուլ Կրպեյանի մասնակցությամբ, Գետաշենի տեսարաններ, պաշարման դրվագներ…

Թաթուլ Կրպեյանի դիմանկարն ամբողջ հասակով` համազգեստով, զինավառ:

Թաթուլ Կրպեյան, Սասնա Հոլոյանց փառավոր տոհմից, Կրպեի ցեղից, Արցախի Հայրենական պատերազմի մասնակից, Հայաստանի ազգային հերոս, Արցախի Գետաշեն գյուղի պատմության ուսուցիչ, ընկավ քաջի մահով Գետաշենը թուրք ելուզակներից պաշտպանելիս:
Մեռավ, որ ապրի ազգն Հայոց..

Փառք հերոսներին:

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 20) Եւ վէրջ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail