Մովսէս Նաճարեան – Ջրհեղեղի Ժամանակագրութիւնը, պատճառը, ու Նօյ նահապետի ծագումը

Մովսէս Նաճարեան – Ջրհեղեղի Ժամանակագրութիւնը, պատճառը, ու Նօյ նահապետի ծագումը

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

16.Ջրհեղեղի Ժամանակագրութիւնը, պատճառը, ու Նօյ նահապետի ծագումը

Քիչ չեն մարդիկ, որոնց թերահաւատութիւնը այնտեղ է հասել՝ որ ինձանից պահանջում են ասել, թէ ներկայ քաղաքակրթութեան նախահայր «Նօյը վերջապէս ի՞նչ ազգի ծնունդ է եղել»:

Պատմաբան բարեկամներից ոմանք էլ ինձ քննադատեցին, որ չեմ անդրադարձել ժամանակագրութեան հարցին՝ «առանց որի վաւերական պատմութիւն չի կարող լինել»:

Ընդունեցինք մեղադրանքները: Սկսենք երկրորդ խնդրի քննարկումից:

Այդպիսի աշխատանքը պահանջում է մէկից աւելի տուեալներ ունենալ նոյն իրողութեան մասին՝ ու համեմատել հնարաւոր բոլոր աղբիւրները: Սակայն մեր ձեռքի տակ ունենք մարդկութեանն հասած հնագոյն մի՛ «վաւերաթուղթ»՝ «Սումէրական Արքայացանկ»-ը, ինչն էլ կ՛օգտագործենք որպէս հումք:

Այնտեղ յիշատակւում է Սարգոն Աքադացին՝ որն ընդունուած է ասել թէ իշխել է սկսել մ.թ.ա. մօտ 2750 թուականից, մեր օրերից (2010թ.) մօտ 4760 տարիներ առաջ:

Ըստ սոյն արքայացանկի՝ ջրհեղեղից մինչեւ Սարգոն Աքադացի երկրի տիրակալ արքաների գահակալութեան տարիների հանրագումարը կազմում է մօտ 32.618 տարի: Սրան գումարենք Սարգոն Աքադացուց մինչեւ Քրիստոս հասնող 2750 տարին՝ ու կը ստանանք ջրհեղի մօտաւոր թուականը, 35.368 տարի մ.թ.ա., մեր օրերից (2010թ.) մօտ 37.378 տարիներ առաջ:

Դոկտր Էրիխ Էբելինգն իր «Tod und Leden» գրքում յայտնում է թէ Աշուրից յայտնաբերուած մի արձանագրութեան իր վերլուծումը թոյլ է տալիս ասելու՝ որ ջրհեղեղը տեղի է ունեցել «Առիւծ» կենդանակերպի իշխանութեան օրոք240:

Մեզ աղբիւր ծառայած գրքի հեղինակը, Զախարիա Սիտչինը՝ հենուելով Էբելինգի տուեալին, գրում է թէ Նօյի գահակալումը Շուրուպպակում տեղի է ունեցել մ.թ.ա. 49.000 թուականին, երկրի սառցակալման սկիզբը եղել է մ.թ.ա. 38.000 թուականին, իսկ ջրհեղեղը՝ մ.թ.ա. 10.860-ից 8700-ի միջեւ ընկած ”Առիւծ”-ի իշխանութեան տարիներին:

Սումէրական արքայացանկի տուեալների հետ համեմատած՝ Սիտչինի եզրահանգումը շատ հեռու է Նօյեան ջրհեղեղից: Քանզի այդ արքայացանկը հաստատում է՝ որ Նօյեան ջրհեղեղը պատահել է Առիւծ կենդանակերպի իշխանութեան նախորդ շրջանին, այն է՝ մ.թ.ա. 36.780-ից 34.620 տարիների միջեւ: Յատկապէս՝ որ ետջրհեղեղեան առաջին արքան գահակալել է Քրիստոսից մօտ 35.368 տարիներ առաջ, ուստի եւ մեծ ջրհեղեղը տեղի պիտի ունենար դրանից մի քանի տարի շուտ:

Ջրհեղեղից յետոյ Նօյ նահապետը ինքնակոչաբար ինքն իրեն թագաւոր չէր հռչակելու՝ երբ երկրի վրայ մարդկութիւնը ոչնչացել էր:

Ըստ Աստուածաշնչի՝ Նօյը ջրհեղեղից յետոյ ապրել է եւս 350 տարի: Հաւանաբար նրա մահից յետոյ է՝ որ որդիները թագաւորական կարգ են սահմանել: Ուստի ջրհեղեղից յետոյ «առաջին թագաւորը» գահակալած պիտի լինի առնուազն ջրհեղեղից 350 տարի ետք: Հետեւաբար ջրհեղեղը տեղի ունեցած կը լինի մօտ 35.368+350=35.668 թուականին մ.թ.ա., մեր 2010թ.-ից մօտ 37.678 տարի առաջ:

Մի շարք մասնագէտներ ենթադրում են թէ մեծ ջրհեղեղը (ու մայր ցամաքի մասնատումը – Մ.Ն.) կարող էր առաջանալ բեւեռների թեքման դիրքի փոփոխութիւնից (22.10-ից 24.50), ինչը տեղի է ունենում 41.000 տարուայ ընթացքում, երբ իւրաքանչիւր 20.500 տարին մէկ՝ հերթականութեամբ պատահում է ջրհեղեղ ու ապա երկիր մոլորակի սառցապատում:

Մեզանից մօտ 38.000 տարիներ առաջ պատահած մեծ ջրհեղեղը իսկապէս այդպիսի փոփոխութեան հետեւանքը կարող էր լինել:

Նոյն դրդապատճառով էլ ներկայ 2010 թուականից մօտ (37.678-20.500 =) 17.178 տարի առաջ պատահել է երկիր մոլորակի վերջին սառցակալումը (Կարիճ կենդանակերպի իշխանութեան աւարտին), երբ բնակելի են մնացել մասնաւորապէս Հայկական Բարձրավանդակն ու լեռնային մի քանի կղզեակներ այլ վայրերում: Այդ ժամանակամիջոցին էլ զարգացել է քարանձաւային մշակոյթը:
Հայկական առասպելաբանութիւն .-
«Առիւծ կամ Առիւծաձեւ Մհեր»-ը գործ ունի Առիւծ կենդանակերպի ու «մեհ»-ջրի հետ՝ ուստի եւ ջրհեղեղի հետ241:

Նա ոչ պատահականօրէն կոչուել է նաեւ «Մեծ Մհեր»՝ ինչը ակնյայտօրէն բովանդակում է «Մեծ ջրհեղեղ»-ի գաղափարը, որն ինչպէս վերը տեսանք՝ պատահել է մ.թ.ա մօտ 35.668 թ.-ին: Սոյն ժամանակահատուածի «Առիւծ» կենդանաշրջանը տեւել է մ.թ.ա. 36.780-ից մինչեւ 34.620 թուականը, որից յետոյ սկիզբ պիտի առնէր Նօյ-Ծուռ Դաւթի դարաշրջանը:

Կարլեն Աւետիսեանը գրում է.

Դաւթից յետոյ՝ Փոքր Մհերը (Զրուանը – Մ.Ն.) «Աստծուց կռիւ ուզեց, սակայն Աստուած եօթ ձիաւոր հրեշտակներ ուղարկեց եւ կէսօրից մինչեւ իրիկուն կռուան, որոնց վրա Թուր Կեծակին չէր գործում, իսկ ինքն էլ մինչեւ իրան խրւում էր հողի մէջ»242:

Ըստ յօդուածագրի (նաեւ ըստ մեզ)՝ սոյն «եօթ հրեշտակները» ջրհեղեղից յետոյ եօթ կենդանակերպերի իշխանութեան շրջաններն են, որոնց աւարտին Փոքր Մհեր պիտի մտնէր քարանձաւ (երկրի սառցապատումն է): Այդ եօթ շրջանները կազմում են 2160×7=15.120 տարի:

Բայց քանի որ իւրաքանչիւր ջրհեղեղից մինչեւ երկրի սառցապատման ժամանակամիջոցը 20500 տարի է (ըստ գիտնականների)՝ ապա Փոքր Մհեր-Զրուանի «կռիւը» սկսած կը լինի ջրհեղեղից 5380 տարի յետոյ:

Սումէրական արքայացանկում յայտնաբերեցինք՝ որ Զրուանը243 իշխանութեան է եկել ջրհեղեղից 4750 տարի անց, եւ իշխել է 840 տարի (որոնց գումարը լինում է 5590 եւ ո՛չ թէ 5380)՝ ինչը համապատսխանում է մ.թ.ա. 32.030թ.-ից 31.190թ., որի ընթացքում էլ նա սկսել է 15.120 տարուայ իր բուն կռիւը՝ գալիք սառցապատման դէմ, այսինքն նախապատրաստական հսկայական աշխատանքներ է տարել այդ ուղղութեամբ՝ ընդերքային քարանձաւ-կացարաններ կառուցելով ժայռերի եւ լեռների խորքերում:

«Փոքր Մհեր» անունը բովանդակում է «փոքր ջրհեղեղ»-ի եւ «Ջրհոս կենդանակերպ»-ի գաղափարները:

Մեր հաշուարկներով՝ երկիր մոլորակը Ջրհոս կենդանաշրջանի իշխանութեան տակ է մտնելու մեր թուարկութեան 2118 թ.-ին,244 եւ աւարտուելու է 4278 թ.-ին (տես ստորեւ՝ աղիւսակը): Իսկ Փոքր Մհերը քարանձաւից դուրս է գալու մեզանից 3331 տարի յետոյ՝ Այծեղջիւրի իշխանութեան շրջանին:

[240] Տես՝ Զախարիա Սիտչին, նոյն, էջ 418:

[241]Տես՝ Յօդուած «5», «Հայկական Սրբազան Տօմար»՝ «Մեհեկան» ամիսը, էջ 237:

[242] Կարլեն Ավետիսյան, «Թվերի Գաղտնիքը», «”Սասունցի Դավիթ” էպոսի տիեզերակարգը», «Երրորդ Աչք», No. 14:

[243]Սումէրական արքայացանկում Փոքր Մհեր-Զրուանն ի յայտ է գալիս «Բ/Փուանում» անուամբ:

Տես «Pan»-ը՝ ենթայօդուած «17»:

[244]Ըստ Ամերիկայի կարմիր հնդիկների՝ 2012թ.-ին:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/42835

Facebooktwitterredditpinterestlinkedinmail