
1991 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Տող գյուղը վնասազերծելու և Տողի հայկական մասի պաշարումը վերացնելու գործողությունը
02 ՆՈՅԵՄԲԵՐ 2019 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԷՐ:
ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
1991 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Տող գյուղում տեղակայված ադրբեջանական ՄՀՆՋ-ի գումարտակը վնասազերծելու և Տողի հայկական մասի պաշարումը վերացնելու գործողությունը։
Ադրբեջանի ղեկավարությունը Տողի ադրբեջանական մասում տեղակայել էր ՄՀՆՋ-ականների մի գումարտակ։1991 թվականի հոկտեմբերի 17-ի գիշերը Տողում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո (ադրբեջանական ՄՀՆՋ-ի մարտիկները ներխուժել էին Դանիելյանների բնակարանը և գնդակահարել ընտանիքի բոլոր 5 անդամներին, այդ թվումˋ 4 տարեկան երեխայի)։
Օրախնդիր է դարձել ՄՀՆՋ-ի գումարտակի չեզոքացումը։ Տողի ազատագրմանը (ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը) մասնակցել են գյուղի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատարˋՎ. Գրիգորյան), նաև Ստեփանակերտի (հրամանատարˋ Վ. Բալայան), Հադրութի (հրամանատարˋ Ա. Աղաբեկյան) և ԱՀ մյուս շրջանների կամավորական ջոկատները։
Հետախուզական աշխատանքներից (գլխավորել է Ա. Խաչատրյանը) և հակառակորդի տվյալները ճշտելուց հետո, հոկտեմբերի 30-ի ժամը 17։30-ին, սկսվել է Տողի ազատագրումը։
Հայ ազատամարտիկների կրակոցներից ավերվել է ՄՀՆՋ-ի զորանոցը և պայթել ռազմամթերքի պահեստը։
Անակնկալի եկած հակառակորդի զինվորներն առանց լուրջ դիմադրության լքել են դիրքերը և ադրբեջանցի բնակիչների հետ փախուստի դիմել։
Թվաքանակով և սպառազինությամբ գերազանցող հակառակորդի նկատմամբ առանց զոհերի և վիրավորների տարած հաղթանակը ոգևորել է Հադրութի շրջանի հայ բնակչությանը, իսկ Տողից ոչ հեռու գտնվող ադրբեջանաբնակ Սալաեյաթին գյուղի բնակիչները, իմանալով ՄՀՆՋ-ի փախուստի մասին, ինքնակամ հեռացել են գյուղից։

facebook.com/photo.php?fbid=2535332416547256&set=gm.3147544748595444&type=3&theater





