Փանթուրանական Գրութիւններ Ախալքալաքի Բերդի Աւերակներուն Վրայ — Պանթուրքիստական գրություններ Ախալքալաքի բերդի ավերակներում

19 նոյեմբեր 2015
javakhk-panturkism
Քանի մը օր առաջ անսովոր գրութիւն մը յայտնուած էր Ախալքալաքի նախկին բերդի աւերակներուն վրայ: Բերդին մէկ անկիւնը կը գտուի կիսաւէր նախկին մզկիթը: Անոր մէկ պատին Նոյեմբերի սկիզբը յայտնուած էին թրքական կարմիր կիսալուսիններ եւ«Bir gün döneceğiz elbet» գրութիւնը, որ թուրքերէն կը նշանակէ «Օր մը մենք անշուշտ պիտի վերադառնանք», կը հաղորդէ Javakhkmedia.com-ը:

Ախալքալաքի բերդը Ջաւախքի մէջ թրքական տիրապետութեան տարիներուն տեղական թրքական վարչական կոդրոնի նստավայրն էր: Բերդը գրաւուած է 1828-ի Յուլիս 23-ին, զօրավար Պասկեւիչի կողմէ, եւ անցած է Ռուսական կայսրութեան կողմը: Անկէ ետք անիկա որեւէ ռազմական, ընկերային կամ պատմական դեր չէ խաղցած, եւ անցեալ համարեա 200 տարուան ընթացքին հիմնականօրէն քայքայուած է:

Վերջին տասնամեակի ընթացքին Ջաւախքի եւ Պորչալուի վրայով կ՛իրականացուին բազմաթիւ հաղորդակցութեան նախագիծեր, որոնք կը կապեն Ատրպէյճանն ու Թուրքիան` Պաքու-Թիֆլիս-Ճէյհան քարիւղատարը, Պաքու-Թիֆլիս-Էրզրում կազատարը, Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու երկաթուղին, Կարս-Ախալքալաք-Ծալկա-Թիֆլիս մայրուղին եւ այլն: Մասնաւորապէս, վերջերս այդ մայրուղիին համար բացուեցաւ դէպի Թուրքիա նոր անցակէտ, որ կը գտնուի Ջիւանիի հայրենի Կարծախ գիւղին մօտ:

Որպէս արդիւնք այս ամէնուն` Աճարիոյ, Պորչալուի, Ջաւախքի մէջ (եւ ընդհանրապէս Վրաստանի Հանրապետութեան հարաւը) օրէօր աւելի զգալի կը դառնայ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի ներկայութիւնը: Ուստի յատկանշական է, որ Ջաւախք այցելող թուրք «հիւրերը», փաստօրէն, չեն մոռցած Ախալքալաքի բերդին տեղը, եւ անոր աւերակներ այցելելով` «յուզական» մակագրութիւններ ձգած են:

Իսկ ալ աւելի յատկանշական է այն, որ երբ Ախալքալաքի մէջ լուր տարածուեցաւ այս գրութիւններուն մասին, քանի մը օր ետք անոնք մէկ գիշերուան մէջ անհետացան: Եթէ առաջին ձեռքը, որ ձգած էր այդ գրութիւնները, կրնար պատմութեամբ հետաքրքրուող պատահական անցորդ թուրքի ձեռք ըլլալ, ապա այդ գրութիւնները ծածկող-ջնջող ձեռքը աւելի զգոյշ ու համակարգուած կազմակերպիչի մասին կը վկայէ:

ԵՌԱԳՈՅՆ

http://www.yerakouyn.com/

Պանթուրքիստական գրություններ Ախալքալաքի բերդի ավերակներում
18 նոյեմբեր 2015
javakhk-panturkism
Մի քանի օր առաջ անսովոր գրություն էր հայտնվել Ախալքալաքի նախկին բերդի ավերակներում: Բերդի մի անկյունում է գտվում կիսավեր նախկին մզկիթը: Դրա մի պատին նոյեմբերի սկզբներին հայտնվել էին թուրքական կարմիր կիսալուսիններ եւ «Bir gün dönecegiz elbet» գրությունը, որը թուրքերեն նշանակում է «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»:

Ախալքալաքի բերդը Ջավախքում թուրքական օկուպացիայի տարիներին տեղական թուրքական ադմինիստրացիայի նստավայրն էր: Բերդը գրավվել է 1828 թ. հուլիսի 23-ին, գեներալ Պասկեվիչի կողմից, եւ անցել Ռուսական կայսրությանը: Դրանից հետո այն որեւէ ռազմական, սոցիալական կամ պատմական դեր չի խաղացել, եւ անցած համարյա 200 տարվա ընթացքում հիմնականում քայքայվել է:

Վերջին տասնամյակի ընթացքում Ջավախքի եւ Բորչալուի վրայով բազմաթիվ կոմունիկացիոն նախագծեր են իրականացվում, որոնք կապում են Ադրբեջանն ու Թուրքիան. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, Ղարս-Ախալքալաք-Ծալկա-Թբիլիսի ավտոմայրուղին եւ այլն: Մասնավորապես, վերջերս այդ մայրուղու համար բացվեց դեպի Թուրքիա նոր անցակետ, որը գտնվում է Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի մոտ:

Ի արդյունք այս ամենի Աջարիայում, Բորչալվում, Ջավախքում (եւ Վրաստանի Հանրապետության հարավում, ընդհանրապես) օրեցօր ավելի զգալի է դառնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայությունը: Ուստի հատկանշական է, որ Ջավախք այցելող թուրք «հյուրերը», փաստորեն, չեն մոռացել Ախալքալաքի բերդի տեղը, եւ դրա ավերակներ այցելելով «հուզական» մակագրություններ են թողել:

Իսկ էլ ավելի հատկանշական է այն, որ երբ Ախալքալաքում լուր տարածվեց այս գրությունների մասին, մի քանի օրից դրանք մի գիշերում անհետացան: Եթե առաջին ձեռքը, որ թողել էր այդ գրությունները, կարող էր պատմությամբ հետաքրքրվող պատահական անցորդ թուրքի ձեռք լինել, ապա այդ գրությունները ծածկող-ջնջող ձեռքը ավելի զգույշ ու համակարգված կազմակերպչի մասին է վկայում:

Մնացած լուսանկարները կարելի է տեսնել այստեղ:

Արմեն Գրիգորյան, Ախալքալաք,
Ջավախք Հատուկ Ջավախք Մեդիայի համար

http://javakhkmedia.com/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail