
Ադալեթ Յըլդըրըմ – Միհրի տաճարը և այլն․․․ եկեղեցի… Բերդեր-ամրոցներ, Զերզևան ամրոցը
Զերզևան ամրոցը
2019/11/15 – Բերդեր-ամրոցներ, Նորութիւններ:
Ադալեթ Յըլդըրըմ
Նախորդ շաբաթ գրել էի զբոսաշրջության տեսակների մասին, ինչպես նաև ձեզ տեղեկացրել էի, որ հետագա հոդվածներումս աշխատելու եմ ներկայացնել մեր երկրում գտնվող պատմական վայրերը, հատկապես նրանք, որոնցում եղել եմ։
Հոդվածների այս շարքը սկսում եմ Դիարբեքիրի Չընար գավառից մոտ 13 կմ հեռավորության վրա՝ Դեմիրօլչեք թաղամասի շրջակայքում, գտնվող Զերզևան ամրոցից։
Շրջանում ընթացող պեղումները ղեկավարում է Դիջլեի համալսարանի հնագիտության բաժնի դասախոս` դոկ․ Այթաշ Ջոշքունը։ Ասվում է, որ պեղումները դեռևս երկար տարիներ շարունակվելու են, սակայն Զերզևան ամրոցում արդեն իսկ հայտնաբերվել են շրջանի և աշխարհի պատմության համար կարևոր պատմական գտածոներ։
Զերզևան ամրոցը կառուցվել է Դիարբեքիրից Մարդին տանող ճանապարհի վրա ընկած բարձր և ժայռոտ մի տարածքում։
Ամրոցի շրջակայքը հիասքանչ է։ Արևելյան Հռոմեական կայսրության ամրությունը և շատ կարևոր հնադարյան առևտրական ճանապարհի վրա ընկած լինելու հանգամանքը ամրոցին առանձնահատուկ նշանակություն են հաղորդում։
Չնայած բազմաթիվ շրջանակներում տարածված է այն կարծիքը, թե Զերզևան ամրոցի պատմությունը սկսվում է Արևելյան Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից, պեղումները ցույց են տալիս, որ դա այդպես չէ։ Ամրոցի պատմությունը սկսվում է Ասորեստանի ժամանակներից։ Սա էլ, հակառակ նրան, ինչը հայտնի է, նշանակում է, որ շրջանի պատմությունը հետ է գնում 2500-3000 տարի։
Զերզևան ամրոցում կատարվող պեղումների արդյունքում արդեն իսկ երևան են հանվել բազմաթիվ կառույցներ՝ ջրանցքներ, քաղաքացիական բնակարաններ, պողոտաներ, փողոցներ, հանրությանը պատկանած շինություններ, եկեղեցի, ամենաշատը ուշադրություն գրաված Միհրի տաճարը և այլն․․․
Փորձագետներն ասում են, որ Միհրի տաճարը, հռոմեացիների խորհրդավոր կրոնը, տաճարների ստորգետնյա լինելու փաստը, ծեսերի գաղտնիությունը ամրոցն ավելի ուշագրավ են դարձնում։
Դա էլ իր հերթին աշխարհի հետաքրքրասիրությունն ուղղում է Զերզևան ամրոցի վրա, որը նպատում է զբոսաշրջիկների թվի աճին, ինչպես նաև՝ գրավում ռեժիսորների ուշադրությունը։ Առաջիկա օրերին նկարահանվելու է Զերզևան ամրոցի մասին վավերագրական ֆիլմ։
Վստահ եմ, որ երկար տարիներ տևելիք պեղումների արդյունքում Զերզևան ամրոցը մեզ շատ է զարմացնելու։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր երևան բերեցին Զերզևան ամրոցը և ներկայացրեցին մեզ։ Մեր պատմությանը տեր կանգնել, նշանակում է տեր կանգնել մեր ապագային։
http://www.guneydoguekspres.com/zerzevan-kalesi-makale,5796.html?fbclid=IwAR07yZWm3YFb3qauu0CEvdgbk08hTE6mBJ4n7qVhoEnPuWGX8cU62sOgUVo
Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net





