«Վիճակք ելին ինձ ընդ ընտիրս եւ ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ».Սղմ.ԺԵ
20 նոյեմբերի, 2015թ.
Երջանիկ օր է այսօր. Տիրոջ ողորմությամբ անարժանս ստացա քահանայական պաշտոնի փոքր աստիճանները կամ կարգերը՝ դռնապանի, ընթերցողի, երդմնեցուցչի, ջահընկալի և կիսասարկավագի: Արարողությունը կատարեց Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը՝ առաջնորդական փոխանորդ կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի, օրհնությամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, առընթերակայությամբ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի, Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի, Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում, 2015թ. նոյեմբերի 20-ին:
Արարողությունը տեղի ունեցավ Սբ. Պատարագից հետո: Քահանաների թափորը և Սբ. Խորանի սպասավորներս, շարականների հնչյունների ուղեկցությամբ ուղղվեցինք դեպի եկեղեցու կենտրոնական հատվածը՝ ատյանից դուրս, որտեղ Հայր Մեսրոպն աղոթք բարձրացրեց առ Աստված և ասաց.
«Տեր, նայեա յերկրպագութիւնս մեր և պահպանեա զծառայ(ք)ս քո (կարգերը ստացող(ներ)ի անուն(ներ)ը) եւ զամենեսեան, որք են ի կարգ պաշտաման, և հաստատեա ի նոյն քոյին օգնականութեամբդ: Որպէս զի անարատ սպասավորեսցեն ի քո սուրբ եկեղեցիս եւ հասանիցեն հանդերձեալ բարեացդ…Թոթափեա ի սոցանէ զաղտս մեղաց, եւ հանգո ի վերայ սոցա զշնորհս քո…»:
Ապա նստեց առաջնորդական աթոռին, իսկ ես ծունկի եկա նրա առջև: Սաղմոսից հետո Հայր Մեսրոպը, ըստ կարգի, մազերիցս մի փունջ կտրեց խաչաձև՝ ասելով.
«Զի ի հատանել հերացդ՝ հատցի ի քէն երկրաւոր ցանկութիւն աշխարհի»:
Պարտավորիչ է նաև աղոթքի մյուս խոսքը.
«Ունկն դիր եւ տե՛ս բոլորիւ սրտիւ.զոր եղանակես բերանով՝ հաւատասցես սրտիւ: Եւ որոց հաւատացեր սրտիւ՝ ցո՛յց զնոյնս եւ գործով»՝ ինչ-որ խոսում ես, հավատաս սրտով և ինչին, որ հավատացիր, նույնը և գործով ցույց տաս:
Ապա ընդունեցի ավելը՝ ի նշան իշխանության Տիրոջ տունն ավլելու և մաքրելու, հետո Հայր Սուրբը շապիկ հագցրեց ինձ՝ ի նշան է մաքուր և անարատ կյանքի, որը պարտավոր է ունենալ յուրաքանչյուր սպասավոր:
Դռնապանի կարգը շնորհելիս՝ ստացա եկեղեցու բանալին և Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի առաջնորդությամբ ուղղվեցի դեպի տաճարի դուռը՝ բացելու և փակելու: Այսու ստացողը պարտավորվում է եկեղեցի չթողնել աղանդավորներին, բանադրվածներին և չմկրտվածներին, ըստ կարգի:
Ընթերցողի կարգը շնորհելիս՝ ընդունեցի Սուրբ Գիրքը և լսեցի հետևյալ հրամանը.«Ա՛ռ զգիրս զայս, եւ լե՛ր Աստուծոյ բանին պատմող»: Այսու թույլտվություն ստացա՝ եկեղեցում ընթերցելու սուրբ գրերը՝ առաքելական նամակները, սաղմոսները:
Երդմնեցուցչի կարգը շնորհելիս՝ Հայր Սուրբից ընդունեցի Մաշտոցը, որտեղ, ի շարս այլ արարողությունների կանոնների, կա նաև երդմնեցուցչության կամ դևերին հալածելու աղոթքների կանոնը: «Որպէս զի կարող լինիցի Հոգւովն Սրբով՝ հալածել զդեւս ի մարմնոց եւ ի հոգւոց մարդկան, եւ երդմամբ հրաժարեցուցանել».լսեցի հրամանը: Բայց սա դիվահանության (exorcism) լիակատար իշխանություն չէ այլևս, ինչպես հնում էր, նման իշխանություն այժմ եպիսկոպոսը շնորհում է միայն քահանաներին:
Ջահընկալությունը, որը ստացա՝ ձեռքերումս ընդունելով եկեղեցական ջահը, ջահերը վառելու թույլտվությունն է և հոգևոր հանձնառություն՝ լույս լինելու աշխարհում, ինչպես պատվիրեց Քրիստոս: Ջահընկալը ստանում է նաև Սբ. Պատարագի ժամանակ պատարագչին գինի և ջուր մատուցելու թույլտվություն:
Կիսարկավագի կարգը շնորհելիս՝ Հայր Սուրբն իր ձեռքը դրեց գլխիս՝ ի նշան Սուրբ Հոգու շնորհի տվչության: Կիսասարկավագը, ըստ կանոնների, օգնում է սարկավագին, զգեստավորում է պատարագիչ քահանային, սպասավորում է Սբ. Պատարագի և մյուս խորհրդակատարությունների ժամանակ: Ձեռնադրվելիս ստանում է հոգևորական սքեմ (որն անարժանիս կտրվի առաջիկա օրերին), իսկ ձախ ձեռքի բազկին ընդունում է բազկուրարը, ինչը նշանակում է, որ դեռ կարող չէ տանել Քրիստոսի լուծը, այլ հանձն է առնում մի փոքր մասը միայն: Սարկավագը ստանում է ուսուրարը, իսկ քահանան՝ ամբողջ ուրարը.այսինքն քահանայական կարգեր ստացողի լուծն աստիճանաբար ավելանում է և քահանայական ձեռնադրության ժամանակ ձեռնդարյալը Քրիստոսի լուծը վերցնում է ամբողջությամբ: Այսինքն, քահանայական կարգեր ընդունողն ի սկզբանէ պետք է պատրաստ լինի տանելու Քրիստոսի լուծը, որը քաղցր է, պետք է պատրաստակամ լինի նմանվելու Քրիստոսին և, Նրա գերագույն օրինակով, զոհաբերվելու Տիրոջ Սուրբ Սեղանին՝ Տիրոջ ժողովրդի, այսինքն՝ Եկեղեցու համար:
Քրիստոսի լուծը կիսելը գերագույն երջանկություն է, բայց, միաժամանակ, ծանր պարտականություն, որից հրաժարվելը կամ խույս տալը մեծագույն հանցանք է: Քրիստոս կանչում է Իրեն նմանվելու, Իրեն ծառայելու, կիսելու իր բեռը, Իր Խաչի ծանրությունը՝ Տիրոջ փառքի և մարդկանց փրկության համար: Այս կոչումից հրաժարվելը նշանակում է Քրիստոսից երես թեքել, Հիսուսի անսահման սերն ու մտերմությունը մերժել, նրա առաքելության մեջ մաս և բաժին ունենալուց եսասիրաբար կամ հեշտասիրաբար հրաժարվել:
«Տէրն իմ հովիվն է,
եւ ինձ ոչինչ չի պակասի». Սղմ. ԻԲ
Սրբուհի Աստուածածին, Մայ՛ր Աստուծոյ, բարեխոսեա՛ վասն մեր մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ.Ամէն:
Լևոն Գալստյան