Հակոբ Փանոսյան – Հայկական հրթիռաշինությունը` իրատեսական

Հակոբ Փանոսյան – Հայկական հրթիռաշինությունը` իրատեսական

Նոյեմբերի 23, 2019, Ալիսա Գևորգյան:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԶԴ – ԲՆԱԿԱՆ ՄՂՈՒՄ՝ :

Ամերիկյան հրթիռաշինության մեջ հետք ու ձեռագիր թողած Հակոբ Փանոսյանը սեփական փորձն ու տարիների ընթացքում կուտակած գիտելիքները պատրաստ է հայրենիք բերել ու նպաստել հայկական հրթիռաշինության պատմության ստեղծմանը։

Նրա կողմից առաջարկը կա, բայց հայրենիքում արձագանքը փոքր-ինչ ուշանում է։ Մեր հայրենակիցը, սակայն, չի հուսահատվում, վստահ է՝ հրթիռաշինության ոլորտում Հայաստանը դեռ ասելիք ունի։

Եթե Թուրքիայում միակ հայկական գյուղը Վաքըֆլին է, ապա Լիբանանում Այնճարն է: Զուգահեռներն այսքանով չեն ավարտվում․ Այնճարը Վաքըֆլիի շարունակությունն է․ երկու գյուղում էլ մուսալեռցիներ են, որոնց մասին Ֆրանց Վերֆելը գրել է իր հայտնի «Մուսա լեռան 40 օրը» վեպում։

Արմատներով մուսալեռցի, Այնճարում ծնված Հակոբ Փանոսյանը Բեյրութի համալսարանն ավարտելուց հետո 1973-ից բնակվում է Միացյալ Նահանգներում։ Մասնագիտությամբ ճարտարագետ մեր հայրենակցի հետ այսօր զրուցում ենք որպես ամերիկյան հրթիռաշինության ոլորտում ծանրակշիռ հետք թողած մի մարդու։

«Ավարտել եմ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը, հետո սկսել եմ աշխատել հրթիռային համակարգերի վրա մինչև 2009 թվականը։ Ստեղծել ենք առաջին ամենաարագ հրթիռային համակարգը, որը ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա կարող էր թռչել երկու ժամում։ Դա մեծ հաջողություն էր։ Ստեղծել եմ մի շարք նախագծեր, որոնք առնչվում են հրթիռների կառավարման, տատանումների մարման համակարգերին»,- ասում է Փանոսյանը։

Ռուսական ավիացիայի ու հրթիռաշինության պատմության մեջ հայկական ազգանունները քաջ հայտնի են բոլորին։ Ինչպիսին է այս ոլորտներում իրավիճակը ամերիկյան պատմության էջերում։ Հակոբ Փանոսյանի խոսքով՝ հայերը բավականին մեծ ներդրում ունեն նաև ամերիկյան ավիացիայի ու հրթիռաշինության ոլորտներում, բայց նրանց ազգանունները այնքան էլ հայտնի չեն օբյեկտիվ պատճառներով․

«Խնդիրն այն է, որ այս ոլորտն ԱՄՆ-ում հիմնականում պատկանում է սեփական ընկերություններին, իսկ նրանք չեն հրապարակում այդ անունները։ Բայց ես ինքս ճանաչում եմ շատերին, որոնք հայկական ազգանուններ ունեն, օրինակ՝ Թովմասյան, Մաթևոսյան․․․ շատ են»։

Հակոբ Փանոսյանն առաջին անգամ հայրենիք եկավ 1987 թվականին։ 1992 թվականին նրա նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվեց էներգետիկ խոշոր գիտաժողով, որի ժամանակ քննարկվում էր Մեծամորի ատոմակայանի վերագործարկման հարցը։ «Ակնհայտ էր, որ Հայաստանն այլևս չի կարող գոյատևել առանց ատոմակայանի։ 27 գիտնական էինք հրավիրել դրսից, որոշվեց, որ Մեծամորի հսկան պիտի աշխատի», -ասում է Փանոսյանը՝ միաժամանակ շեշտելով՝ իհարկե հեշտ չէր․

«Վերագործարկելը գրեթե նույնն էր, ինչ զրոյից սկսելը, բայց գնացին այդ քայլին և էներգետիկ ճգնաժամը աստիճանաբար հաղթահարվեց»։

Ամերիկահայ զրուցակիցս ասում է, որ 87-ից հետո գրեթե ամեն տարի Հայաստան է գալիս, անգամ դասավանդում է մի քանի բուհերում։ Մի միտք ունի կամ, ինչու չէ, երազանք, որը նրան վաղուց հանգիստ չի տալիս՝ հայկական հրթիռաշինության ապագան։ Ծրագիր ունի, պատրաստ է ամերիկյան իր փորձն ու գիտելիքները ներդնել, որպեսզի տիեզերքի անեզրության մեջ հայտնված հրթիռների վրա մի օր էլ հայտնվի հայկական տարբերանշանը, բայց Փանոսյանի առաջարկին Հայաստանի ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունները արձագանքել, կարծեք, չեն շտապում։

«Այս տարի էլ կփորձենք համոզել, ինչու չեն ուզում, կամ գուցե չեն կարող, չգիտեմ, ոչինչ չեն ասում։ Համենայն դեպքս` քայլ չի արվում»։

Հրթիռաշինությունը թանկ հաճույք է, Փանոսյանը հասկանում է, բայց վստահ է, որ սկզբի համար միջոցները կբավարարեն։ Նրա կարծիքով՝ կարելի է սկսել սիրողական հրթիռներից ու աստիճանաբար հասնել պրոֆեսիոնալ մակարդակի, ինչպես արվում է մի շարք ոլորտներում։

«Տնտեսության զարգացման տեսանկյունից միայն ՏՏ ոլորտի զարգացումը քիչ է։ Հայաստանի համար չափազանց կարևոր է տեխնոլոգիական ոլորտների բազմակողմանի զարգացումը»,- ասում է Փանոսյանը։ Հայաստանում նանոտեխնոլոգիայի գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոն հիմնելու առաջարկ է ներկայացնելու կառավարությանը։

Ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում հայությունը կուտակած մեծ ներուժ ունի, որը դեռ օգտագործված չէ։ Հակոբ Փանոսյանն իր մասով պատրաստ է ծառայելու հայրենիքին։ «Միայն թե հայրենիքի արձագանքն էլ կարևոր է»,- ասում է։

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

hy.armradio.am/2019/11/23/հայկական-հրթիռաշինությունը-իրատեսա/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail