
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Զագրեբում, Իրականությունից կտրվելու նշանները
Նոյեմբեր 22,2019 – Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Զագրեբում, բնականաբար, արժանացավ ներկա իշխանության չափից դուրս մոլեռանդ երկրպագուների հայհոյական արձագանքին, եւ այն վերլուծելու փորձ չարվեց:
Նախ՝ անդրադառնամ ելույթի այն կետերին, որոնց հետ համաձայն եմ: Պարզ է, որ Արցախի խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանը պետք է ասեր այն, ինչ ասել եւ ասում են Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարները՝ այստեղ տարաձայնություններ, կարծես թե, չկան:
Ներքաղաքական թեմային անդրադառնալով, նախկին նախագահը նշեց, որ պաշտոնից հեռացել է՝ մարդկային զոհեր թույլ չտալու եւ պետությունը վտանգավոր ցնցումներից զերծ պահելու նպատակով: Եվ իրոք, իր բնավորությամբ Սերժ Սարգսյանը հակված չէ բռնությունների եւ դաժանության՝ ի տարբերություն Երկրորդ նախագահի:
Այնուամենայնիվ, ես եւ գուցե հասարակության այն մասը, որը ոչ այս, ոչ էլ այն կողմի մոլեռանդությամբ չի տառապում, ուզում ենք իմանալ, թե ինչ են Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն մտածում մեկ այլ հարցի մասին. ոչ թե ինչու են նրանք հեռացել (դա, ի վերջո, տեխնիկական խնդիր է), այլ՝ ինչու էր հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ցանկանում, որ նրանք հեռանան:
Եթե հանրապետականները ասեն, որ դա այդպես չէ, որ նրանց հեռանալու միահամուռ պահանջ չկար, ուրեմն նրանք կտրված են իրականությունից: Բայց ես հույս ունեմ, որ այդ կուսակցության շարքերում կան սթափ մտածող մարդիկ, որոնք իրենց հարց են տալիս՝ ինչու 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ժողովրդական տոնախմբություններ էին, ինչու էին մարդիկ իրար գրկում, համբուրում եւ շնորհավորում:
Այդ հարցին էլ ՀՀԿ-ականներն ունեն «ինքնասփոփիչ» պատասխան՝ քարոզչությունը, ֆեյսբուքը, քաղաքական տեխնոլոգիաները, Սորոսի հիմնադրամը եւ այլն: Դա դարձյալ իրականությունից կտրվելու նշան է: Որովհետեւ այդ ամենը հեղափոխության գործիքներ են, բայց ոչ հեղափոխության պատճառներ: Պատճառներից մեկը մակերեսի վրա է՝ մարդիկ զայրացել էին, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր սահմանադրական փոփոխություններից հետո չառաջադրվել վարչապետի պաշտոնում, իսկ հետո իր խոսքից հետ էր կանգնել եւ առաջադրվել էր: Դա էլ ՀՀԿ-ն ամբողջությամբ չի ընդունում եւ այսօր էլ է փորձում ինչ-որ «արդարացումներ» փնտրել:
Բայց կան, իհարկե, ավելի խորքային պատճառներ: Կառավարման այն ձեւը, որն ընտրել էին նախկին իշխանությունները, սխալ էր, անբնական եւ չէր կարող նրանց համար բարի վախճան ունենալ. այն հիմնված էր կոռուպցիայի, ապօրինությունների եւ ընտրությունների ժամանակ ժողովրդի կամքը նենգափոխելու վրա: Ահա սա՛ է, որ հանրապետականները պետք է ընդունեն: Իսկ եթե չընդունեն, ապա, ինչպես եւ ՀՀՇ-ն, դուրս կգան քաղաքական ասպարեզից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am/2019/11/22/1079156/?





