
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – Ուրֆայ – Գերմուշի հայկական եկեղեցին մատնված է անտերության
2019/11/25 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության առաջարկով և Նախարարների խորհրդի որոշմամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 23-ին «զբոսաշրջության զարգացման կենտրոն» հայտարարված Ուրֆայի հայկական երեքդարյա եկեղեցին թողնվել է բախտի քմաճույքին:
Ուրֆայից 10 կմ հեռու գտնվող՝ 19-րդ դարի հայկական Գերմուշի եկեղեցին անուշադրության և խնամք չտեսնելու հետևանքով վերածվել է ավերակների: Ներկայում Թուրքիայի Հալիլիյե գավառի Դաղյանը (Գերմուշ) թաղամասում գտնվող եկեղեցու կողքին կա մեկ այլ հայկական եկեղեցական շինություն, որի փլուզումից հետո այս եկեղեցին հազիվ է կանգուն մնում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը:
Որոշակի փորձեր էին արվել վերականգնելու եկեղեցին, և դրա շրջակայքում դրվել էին լուսավորման սյուներ: Սակայն գանձագողերի կողմից եկեղեցու հիմքերում և պատերում փոսեր են փորվել, և այն արդեն հիշեցնում է ավերակներ:
Եկեղեցու մոտակայքում բնակվող Ջասըմ Աջարը նշում է, որ անցյալում այստեղ բնակվում էր 900 տուն, սակայն անուշադրության հետևանքով դրանց թիվը հասել է 3-5-ի: «Եկեղեցին պահպանելու համար մեկ պահակ կա, որն ընդամենը մի քանի ժամ է այստեղ շրջում: Ես անձամբ մի անգամ գանձագողի էի բռնել: Այս տարի եթե չմիջամտենք, հաջորդ տարի կփլուզվի: Հիմք չի մնացել: Եթե եկեղեցին վերանորոգվի, տարածքը կկենդանանա: Եթե այսօր 10 մարդ է գալիս, վերանորոգվելուց հետո հազարավորները կգան»,- նշել է Աջարը:
Ուրֆայի շրջանի զբոսաշրջության պալատի նախագահ Մյուսլյում Չոբանը մեծ տխրությամբ է նշում, որ եկեղեցին փլուզվում է: «Գերմուշ գյուղն իրոք Ուրֆայի, հայերի և քրիստոնյաների համար կարևոր վայր էր: Այստեղ երկու եկեղեցի կար. մեկը, ցավոք, անուշադրության հետևանքով փլուզվեց: Պետք է վերանորոգել այն և ծառայեցնել զբոսաշրջությանը»,- ասել է նա:
www.yerkir.am/news/view/187087.html?fbclid=IwAR0PxXLoWtmq-fpsFCyDGUOiklntxaTxzc7QJOTHidUfZ6bqI6c6Pec85OE
akunq.net/am/?p=69529





