
Հայաստանն ու Իրանը ակտիվացնում են զբոսաշրջային կապերը. առաջին քայլերն արված են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03-12-2019 | Հայաստան | Հասարակություն:
Հայաստանն ու Իրանը զարգացման մեծ ներուժ ունեն ինչպես առրևտրատնտեսական հարաբերությունների, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում:
Առկա ներուժն իրացնելու, Իրանի զբոսաշրջային գրավչություններին ծանոթանալու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել էին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և անդամ 4 զբոսաշրջային ընկերությունների ու տեղական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Իրանի հյուսիսում գտնվող «Արաս» ազատ տնտեսաարդյունաբերական գոտի:
4 օր Ջուլֆայում անցկացրած հայկական պատվիրակության անդամները հասցրեցին շրջել
տեղի պատմամշակութային և զբոսաշրջային վայրերում, ծանոթացալ «Արաս»-ի տարածքում գործող հյուրանոցներին, նաև ունեցան պաշտոնական հանդիպումներ պետական և մասնավոր հատվածը ներկայացնող իրանցի գործընկերների հետ:
6000 բնակչություն ունեցող իրանական Ջուլֆայում զբոսաշրջային գլխավոր գրավչությունը 9-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Ստեփանոս վանական համալիրն է:
Արաքսի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին ոչ միայն պահպանվել է, այլև պետության միջոցներով մի քանի անգամ վերանորոգվել. ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար:
2008-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս դարձած Սուրբ Ստեփանոս տարեկան այցելում է 3 մլն զբոսաշրջիկ:
Ջուլֆայում կանգուն մնացած մյուս հայկական եկեղեցին Հովվի եկեղեցին է, որն ըստ ավանդության կառուցվել է Սուրբ Ստեփանոսից շատ ավելի ուշ` հայ հովիվների կողմից, ովքեր օրվա աշխատանքից հետո չէին կարողանում հասնել Սուրբ Ստեփանոս և որոշում են ճանապարհին հիմնել փոքրիկ աղոթատեղի:
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան – Հասարակություն
nt.am/am/news/276581/





