
Ալիեւի ճակատագիրը կախված է հայկական կողմի մի շարժումից
02.12.2019 | Մեկնաբանություն | Lragir.am:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայողը: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել է, որ միջադեպին չի նախորդել որեւէ լարում, եւ «անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով», ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի ԱԳՆ-ն ակնարկում է Վիեննայի օրակարգը, որը ոչ այլ ինչ է, քան ստատուս-քվոյի միջազգային ճանաչում: Վիեննայի օրակարգը Բաքվում ու Մոսկվայում հենց այդպես էլ հասկացել են, եւ ամեն ինչ անում են այն չեղարկելու համար: Հայաստանը խուսափում է նման ուղիղ ձեւակերպումներից, նմանապես՝ համանախագահներն իրենց հայտարարություններում այլեւս չեն հիշատակում Վիեննայի օրակարգի մասին: Նախորդ վարչակարգի օրոք ակնհայտորեն նման պայմանավորվածություն է եղել Բաքվի ու Մոսկվայի հետ, թե ինչի դիմաց՝ դժվար է ասել:
Ներկայում Հայաստանի ԱԳՆ-ն երբեմն հիշեցնում ու ակնարկում է այդ մասին, Բաքվին զսպելու տրամաբանությամբ:
Սակայն ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ առավել հետաքրքիր է «անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին» ձեւակերպումը: Ադրբեջանում ներկայում բարդ իրավիճակ է՝ պայմանավորված իշխանության տրանզիտով, ավելի ճիշտ՝ միջկլանային վերադասավորումներով: Խորհրդարանը ցրվելու է, վարչակազմում տեղի է ունենում առանցքային կադրերի փոփոխություն: Նման իրավիճակներում առաջանում է որոշակի անկայունություն, որը կարող է փորձ արվել «պարպել» շփման գծում:
Միեւնույն ժամանակ, նման իրավիճակում կարող է տեղի ունենալ նաեւ հակառակը, եթե հայկական կողմը չցուցաբերի զսպվածություն: Այս մասին այնքան էլ ընդունված չէ խոսել, բայց հայկական կողմի՝ հատկապես ճակատի հյուսիսային ուղղությամբ զսպվածության շնորհիվ Հեյդար Ալիեւը վերադարձավ իշխանության: Նրա որդին լավ գիտե այդ պատմությունը եւ թերեւս հասկանում է, որ իր իշխանությամբ ինչ որ առումով պարտական է հայերին: Ընդ որում, այդ հանգամանքը դրսեւորվեց նաեւ նրա իշխանության օրոք, մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո, երբ կանգնեցվեց հայկական բանակի հակահարձակումը: Իսկ ընդհանրապես, նախորդ վարչակարգերի օրոք այսպես կոչված բանակցային գործընթացի միակ բովանդակությունը եղել է Ալիեւի «դեմքի պահպանությունը»:
Միեւնույն ժամանակ, Ալիեւը ներկայում աստիճանաբար հանձնում է իշխանությունը, քանի որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները եւ հայկական կողմի առաջ քաշած նոր տրամաբանությունը նրան վերջնականապես դրել են փակուղում: Բաքվում իշխանության տրանզիտի խաղաղ ընթացքը կախված է հայկական կողմի մի շարժումից, եւ այդ մասին Բաքվում չպետք է մոռանան: Ատելության քաղաքականությունը Բաքվին հոգեբանական ու քաղաքական կախման մեջ է գցել Հայաստանից:

lragir.am/2019/12/02/498534/





