Արմեն Սարգսյանի անակնկալը. ինչ սպասել Սաուդյան Արաբիայից

Արմեն Սարգսյանի անակնկալը. ինչ սպասել Սաուդյան Արաբիայից

Արմեն Սարգսյանի անակնկալը. ինչ սպասել Սաուդյան Արաբիայից

03.12.2019 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Նախագահ Արմեն Սարգսյանը, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ. «Անակնկալ» գործնական հանդիպում Նորին արքայական մեծություն շեյխ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար», լուսանկարը մակագրել է Արմեն Սարգսյանը:

Այն, որ նախագահ Սարգսյանը հրապարակել է լուսանկարն իր Ինսթագրամի էջում, հուշում է թերեւս այն մասին, որ հանդիպման գործնականությունն առնչվում է Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե անձնապես նախագահ Սարգսյանին:

Իհարկե, գործնականության առնչությամբ մանրամասներ նախագահ Սարգսյանը չի հրապարակել, բայց դրանից հանդիպման անակնկալությունը եւ փաստն ինքնին դառնում է ավելի հետաքրքիր: Առավել եւս, որ Սաուդյան Արաբիան մեկն է այն երկրներից, որը արցախյան հարցի պատճառով հրաժարվել է դիվանագիտական հարաբերություն հաստատել Հայաստանի հետ: Այդ երկրները շատ չեն՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան եւ Սաուդյան Արաբիա:

Չնայած դրան, Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները տարբեր առիթներով փոխանակվել են ուղերձներով: Հետաքրքիր է, որ դա կարծես թե մեկնարկել է 2008 թվականի ընտրությունից հետո: Համենայն դեպս, Սաուդյան Արաբիայի թագավորը 2008 թվականի մարտին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հետագայում Սերժ Սարգսյանն ու Սաուդյան Արաբիայի թագավորը, նաեւ գահաժառանգը միմյանց ուղերձներ են հղել նաեւ Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի ազգային տոների առնչությամբ: Ի դեպ, երկուսն էլ սեպտեմբերին է:

Այդուհանդերձ, չնայած այդ հաղորդակցությանը, Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առ այսօր չեն հաստատել դիվանագիտական հարաբերություն: Հայաստանի նախկին արտգործնախարար Նալբանդյանը իր պաշտոնավարման ընթացքում՝ 2017 թվականին, անդրադարձել է թեմային, նշելով, որ Երեւանը պատրաստ է, եթե քայլ անի Սաուդյան Արաբիան:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո «ուղերձային հաղորդակցությունը» շարունակվել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ Սաուդյան Արաբիայի թագավորի, նաեւ գահաժառանգի միջեւ:

Ի դեպ, հետաքրքիր հանգամանք է նաեւ այն, որ 2018 թվականի հունիսին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը մարզադաշտի կուլիսներում հրավիրյալ երկրների ղեկավարների շփումների շրջանակում միեւնույն սեղանի շուրջ էին նստած եւ զրուցում էին ՌԴ նախագահ Պուտինը, Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանքը: Բացման խաղում մրցում էին Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները:

Սաուդյան Արաբիան մերձավորարեւելյան ռեգիոնի առանցքային դերակատարներից է, նավթով հարուստ պետություն, որը նաեւ Միացյալ Նահանգների դաշնակիցն է ռեգիոնում: Դրա հետ մեկտեղ, Սաուդյան Աաբիան խնդիրներ ունի Իրանի հետ, միեւնույն ժամանակ առաջնորդեց արաբական ընդվզումը Կատարի պետության դեմ՝ Իրանի հետ Կատարի լավ հարաբերության համար:

Այդ ամենն իհարկե մեձավորարեւելյան բարդ ռեգիոնի խճապատկերն է: Տեղ կգտնի՞ դրանում Հայաստան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերության հաստատումը: Մեկ այլ հետաքիքիր հանգամանք է ի դեպ այն, որ այդ իմաստով համանման վիճակ էր Հայաստան-Իսրայել տիրույթում: Թեեւ կար դիվանագիտական փոխադարձ ճանաչում, սակայն երկրները չունեին միմյանց տարածքում դեսպանատներ: Երեւանը մինչ թավշյա հեղափոխությունը հայտարարում էր, որ պատրաստ է՝ եթե պատրաստ է նաեւ Իսրայելը: Հեղափոխությունից հետո սակայն Երեւանը կայացրեց Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում:

Արմեն Սարգսյանի անակնկալը. ինչ սպասել Սաուդյան Արաբիայից

lragir.am/2019/12/03/498997/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail