Արցախի համար պայքարն ավարտված է. պայքար Նախիջեւանի համար
05.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Թուրքիան ընդունել է Մերձբալթյան երկրները եւ Լեհաստանը Ռուսաստանի հնարավոր հարձակումից պաշտպանելու ՆԱՏՕ-ի պլանը: Ըստ տեղեկության, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հանդիպել է Լիտվայի նախագահին:
Մինչ այդ Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Թուրքիան այդ պլանին հավանություն կտա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն էլ հավանություն կտա Սիրիայի հարցում թուրքական պլանին:
Տեղեկություն, որ ՆԱՏՕ-ն Սիրիայում միացել է Թուրքիային, չկա: Ըստ այդմ, ի՞նչ կարող էր տեղի ունենալ Լիտվայի նախագահի հետ Էրդողանի հանդիպմանը:
Այդօրինակ դեպքերում հանգամանքներն իհարկե լինում են բազմաշերտ, հաճախ արդյունքի բերելով փոխազդեցության որեւէ հանրագումարով: Անկարան անշուշտ փորձում է հնարավորինս թանկ խաղալ Արեւմուտքի եւ ՌԴ միջեւ, սակայն վերջին շրջանում Էրդողանի տեսապատկերում սկսում է նշմարվել, որ խաղը ավելի ու ավելի շատ թանկ կարող է նստել իր վրա:
Այդ համայնապատկերում կարո՞ղ է տեղավորվել օրինակ Լոնդոնում ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում Թուրքիա-ՆԱՏՕ հավանությանը զուգահեռ Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հանգամանքը, արցախյան ուղղությամբ զարգացման տրամաբանության համատեքստում:
Ադրբեջանում խորհրդարանի լուծարումը եւ իշխանության փոխանցման գործընթացը չեն կարող ազդեցություն չթողնել Էրդողանի տրամադրության վրա: Մեհրիբան Ալիեւան առաջիկայում կարող է այցելել նաեւ Անկարա, սակայն նա առաջինը Մոսկվա է այցելում եւ այնտեղ Պուտինի հետ հանդիպմանն է առաջինը հայտարարում, որ Մոսկվան իր համար տուն է:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հանգամանքը Մոսկվային օգնեց առավելության զգացում ունենալ Անկարայի նկատմամբ: Էրդողանը Վաշինգտոնում փորձեց կանխել հայկական հարցի նոր աստիճանը՝ ճանաչումը Սենատում, սակայն հարցի շարունակության էական մասը ԱՄՆ այլեւս փոխանցել էր Մոսկվա: Կրեմլը չհապաղեց օգտվել Վաշինգտոնի ընձեռած հերթական հնարավորությունից, Անկարայի հանդեպ առավելությունը կապիտալիզացնելու համար:
Դրա աներկբա հնարավորությունը հայկական հարցի արցախյան առանցքն է: Ադրբեջանին ռազմատենչ հավակնություն սնուցելուց Մոսկվան անհրաժեշտաբար անցնում է մուղամի մասին երազանքի ռեժիմի բերելուն: Դրան էլ զուգահեռ Հայաստանի վարչապետի տիկինը գրառում է անում եւ Մեհրիբան Ալիեւային որպես հյուր հրավիրելով Արցախ՝ հուշում է, որ քչի մասին երազանքով չբավարարվելու դեպքում Ադրբեջանը ոչ թե իրապես կհավակնի շատի, այլ ստիպված կլինի պարզապես երազել ու կարոտել ավելի շատը:
Արցախի համար պայքարը գործնականում ավարտված է, Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի այսպես ասած հակառուսական պլանին տված հավանությունը դրա գիտակցման վկայություններից մեկն է: Անկարան ու Բաքուն այլեւս պայքարում են Նախիջեւանը պահելու համար, ինչի մասին խոսուն վկայություն էր Իլհամ Աիեւի հանդիպումը Նախիջեւանի ԳԽ նախագահի հետ եւ հայտարարությունները տեղի վիճակի մասին:
Ընդ որում, դրանք վկայում են նաեւ, որ Բաքուն ու Անկարան Նախիջեւանի համար պայքարում են նաեւ միմյանց հետ: Հայերի կյանքի, արյան, տարածքների եւ սուբյեկտության հաշվին կնքված ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրը ավարտվում է: Ռուսաստանն ու Թուրքիան կանգնած են շարունակությունը որոշելու 100-ամյա սահմանի շեմին: Պետք է որոշեն, թե ու՞մ հաշվին են շարունակելու հարաբերությունը՝ միմյա՞նց, թե՞ Ադրբեջանի: Նրանք հասկանում են, որ հայերի հաշվին այս անգամ չի ստացվի:
lragir.am/2019/12/05/499717/?