ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Թուրքիան խոսեց 1921 թ. պայմանագրի մասին. Մի օր դա տեղի է ունենալու

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ - Թուրքիան խոսեց 1921 թ. պայմանագրի մասին

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Թուրքիան խոսեց 1921 թ. պայմանագրի մասին. Մի օր դա տեղի է ունենալու

06.12.2019 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Հուսեյն Ալթընալանը Բաքվի լրատվամիջոցներին ասել է, որ Թուրքիան չի կարող հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որը չի ճանաչում իր պետական սահմանները: «Ինչպես հայտնի է, Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները հաստատվել են 1921 թվականին Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի շրջանակում, եւ Թուրքիայի հանդեպ Հայաստանի բոլոր տարածքային հավակնություններն անհիմն են ու աբսուրդ», – ասել է Ալթընալանը:

Նա նաեւ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես հայերի ցեղասպանություն, տեղահանված հայերի սերունդներին փոխհատուցման վճարումը, ինչպես նաեւ նրանց ժառանգների սեփականության վերականգնումը, ինչպես պնդում է հայկական կողմը, օրինական ուժ չունեցող պահանջներ են:

Անկարան արդեն չի թաքցնում իր վախերը, եւ չնայած Հայաստանը պաշտոնապես տարածքային պահանջներ չի ներկայացնում Թուրքիային եւ չի պահանջում վերականգնում, Թուրքիայում գիտեն, որ մի օր դա տեղի է ունենալու: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Սենատում գործընթացը խոսում են այն մասին, որ հատուցման պահը մոտենում է:

Հայաստանը չի միջամտում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: ԱՄՆ Կոնգրեսում ընթացակարգն Անկարային ավելին է ասում, քան ճանաչումը: Էրդողանը հասկանում է, որ ԱՄՆ-ն (կամ Հայաստանը) ցանկացած պահի կարող են կասկածի տակ դնել Թուրքիայի սահմանների լեգիտիմությունը:

Ահա թե ինչու է Անկարան հղում անում ռուս-թուրքական պայմանագրերին: Մոսկվան առայժմ խուսափում է 1921 թվականի պայմանագրերի մասին խոսակցություններից, բայց հարցերը կարող են ծագել ցանկացած պահի:

Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրումից անցել է մոտ 100 տարի, եւ այս 100 տարիներին Ռուսաստանն անշեղորեն կատարել է իր պարտավորություններն այդ պայմանագրով, որոնք հանգում են Հայաստանի պահանջների չեզոքացմանը: Անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը պահպանել է ռազմաբազան Հայաստանում՝ կարծես նրանից պաշտպանելով իր պայմանագրերը Թուրքիայի հետ:

1918 թվականից սկսած Արարատի պատկերն առկա է Հայաստանի զինանշանին: Երեւանը հրաժարվում է ճանաչել Թուրքիայի սահմանները՝ հայտարարելով, որ այս հարցը պետք է լուծվի միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:

Միայն մեկ անգամ՝ 1945 թվականի հունիսին, Խորհրդային կառավարությունը Թուրքիային Հայաստանի ու Վրաստանի անունից տարածքային պահանջներ է ներկայացրել՝ նշելով, որ 1921 թվականին Թուրքիան, օգտվելով խորհրդային հանրապետությունների թուլությունից, գրավել է նրանց տարածքների մի մասը: Ընդ որում, ԽՍՀՄ-ը փորձ է արել ստանալ դաշնակիցների աջակցությունը եւ հասել է նրան, որ հարցը ներառվի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրների ղեկավարների Պոտսդամի վեհաժողովի օրակարգ:

Բայց ԱՄՆ նախագահ Հարի Տրումենն ասել էր, որ տարածքային հարցը վերաբերում է միայն Խորհրդային Միությանն ու Թուրքիային եւ պետք է լուծվի նրանց միջեւ:

Այլ խոսքով, Արեւմուտքում այն կարծիքին են, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանը կարող է փոխել Մոսկվան՝ չեղարկելով Թուրքիայի հետ պայմանագրերը կամ էլ հրաժարվելով երկարաձգել դրանք:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/06/500344/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail