«ՍԻՎԻԼՆԵԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱԳՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԵՏ ԱՐՄԷՆ ԵԴԻԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

«Օտարերկրեայ Մասնագէտների Ներկայութիւնը Լաբորատորիաների Տարածքում Բացառուած Է»

«ՍԻՎԻԼՆԵԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱԳՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԵՏ ԱՐՄԷՆ ԵԴԻԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

07 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:

«Օտարերկրեայ Մասնագէտների Ներկայութիւնը Լաբորատորիաների Տարածքում Բացառուած Է»

«Օտարերկրեայ Մասնագէտների Ներկայութիւնը Լաբորատորիաների Տարածքում Բացառուած Է»

Վարեց՝ ԱՐՇԱԼՈՅՍ ՄՂԴԵՍԵԱՆ

Հայաստանում ԱՄՆի աջակցութեամբ վերազինուած կենսաբանական լաբորատորիաների վերաբերեալ Արշալոյս Մղդեսեանի («Սիվիլնեթ») գրաւոր հարցերին պատասխանել է ԱԳՆ Միջազգային անվտանգութեան վարչութեան պետ Արմէն Եդիգարեանը:

Ըստ շրջանառուող տեղեկատուութեան, ռուս փորձագէտների մուտքը Հայաստանում ԱՄՆի աջակցութեամբ վերազինուած կենսաբանական լաբորատորիաներ թոյլատրելու համար Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ պէտք է ստորագրուէր յուշագիր՝ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի Նոյեմբերի 10-11 Երեւան կատարած այցի ժամանակ: Յուշագրի ստորագրման յետաձգման հետ կապուած տարաբնոյթ մեկնաբանութիւններ եղան մամուլում: Օրեր առաջ ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինեանը պարզաբանեց խնդիրը. «Մենք Ռուսաստանի հետ ունէինք պայմանագրի նախագիծ, պատրաստ էինք այն ստորագրել, բայց ռուս գործընկերները որոշեցին դրա վրայ էլի աշխատել: Կ՛աշխատենք դրա շուրջ, ու երբ երկու կողմերն էլ համաձայն կը լինեն՝ կը ստորագրենք»: «Սիվիլնեթ»ի հետ հարցազրոյցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրէյսին իր հերթին յայտարարել է, թէ ԱՄՆը խնդիր չի տեսնում, որ ռուս մասնագէտները մուտք ունենան այդ լաբորատորիաներ:

ԱՐՇԱԼՈՅՍ ՄՂԴԵՍԵԱՆ.- Պարոն Եդիգարեան, Սերգէյ Լաւրովի այցից յետոյ ռուսական կայքը, յղում անելով իր աղբիւրներին, յայտնեց, որ Երեւանի ու Մոսկուայի միջեւ կենսաբանական լաբորատորիաների մասին յուշագրի ստորագրումը յետաձգուել է: Արդեօք ճի՞շդ է այս լուրը, եթէ այո, ապա ինչո՞վ է պայմանաւորուած ստորագրման յետաձգումը:

ԱՐՄԷՆ ԵԴԻԳԱՐԵԱՆ.- Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «Կենսաբանական անվտանգութեան ապահովման հարցերով» փոխըմբռնման յուշագիրը ոչ թէ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի մասին է, այլ անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգութեան ապահովման հետ կապուած խնդիրների լայն շրջանակի: Նախատեսւում են գործակցութեան մեխանիզմներ, տեղեկատուութեան փոխանակում, մասնագէտների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

Յուշագրի նախագիծը ներկայում գտնւում է երկու պետութիւններում ներպետական համաձայնեցման փուլում:

ԱՐՇԱԼՈՅՍ ՄՂԴԵՍԵԱՆ.- Ո՞ր փուլում է կենսաբանական լաբորատորիաների մասին յուշագրի պատրաստման գործընթացը: Պատրա՞ստ է արդեօք տեքստը, այն համաձայնեցուա՞ծ է կողմերի միջեւ ամբողջութեամբ: Կա՞ն արդեօք Հայաստանի համար վիճահարոյց կէտեր:

ԱՐՄԷՆ ԵԴԻԳԱՐԵԱՆ.- Յուշագրի նախագծի տեքստի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2017ից: Այդ ընթացքում կողմերը միմեանց էին ներկայացնում նախագծի դրոյթների վերաբերեալ իրենց առաջարկութիւններն ու դիտողութիւնները: Յուշագրի նախագիծն ամբողջութեամբ համաձայնեցուեց Հոկտեմբերին կայացած հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցութիւնների ընթացքում, որին ՀՀ միջգերատեսչական թիմը ղեկավարում էի ես: Եւ, ինչպէս նշեցի, ներկայում նախագիծը երկու պետութիւններում ներպետական համաձայնեցման փուլում է:

ԱՐՇԱԼՈՅՍ ՄՂԴԵՍԵԱՆ.- ԱՄՆի ֆինանսական միջոցներով վերազինուած կենսաբանական լաբորատորիաները արդէն մի քանի տարի է՝ գործում են Հայաստանում, եւ ոչ միայն: Ինչո՞ւ միայն վերջին շրջանում այն դարձաւ բուռն քննարկումների առարկայ, եւ արդեօք Երեւանի համար ընդունելի՞ են Մոսկուայի՝ կենսաբանական լաբորատորիաների վերաբերեալ մտահոգութիւնները:

ԱՐՄԷՆ ԵԴԻԳԱՐԵԱՆ.- Հայկական կողմը բազմիցս յայտնել է, որ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին եւ ամբողջովին վերահսկւում են ՀՀ պետական մարմինների կողմից: Լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրեայ մասնագէտների ներկայութիւնը լաբորատորիաների տարածքում բացառուած է:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջգերատեսչական խորհրդակցութիւնների շրջանակներում մենք քննարկել ենք կենսաբանական լաբորատորիաների խնդիրը եւ հաւաստիացրել ռուսական կողմին, որ իրականացուող հետազօտութիւնները զուտ գիտական բնոյթի են եւ հետապնդում են առողջապահական եւ անասնաբուժական ոլորտներում ՀՀ բնակչութեան պաշտպանուածութիւնը բարձրացնելու նպատակներ:

ՀՀ վարչապետի յանձնարարութեամբ իրականացուեց ՌԴ պատուիրակութեան ճանաչողական այց Երեւանում եւ Գիւմրիում տեղակայուած լաբորատորիաներ՝ ռուսական կողմի մտահոգութիւնները փարատելու նպատակով:

1126ayeghigyan1

ԱՐՇԱԼՈՅՍ ՄՂԴԵՍԵԱՆ.- Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցի կապակցութեամբ բազմիցս յայտարարուել էր, որ Երեւանի ու Մոսկուայի միջեւ ստորագրուելիք յուշագրով երաշխաւորուելու է ռուս փորձագէտների մուտքը Հայաստանում գործող լաբորատորիաներ: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս լուրերը:

ԱՐՄԷՆ ԵԴԻԳԱՐԵԱՆ.- Յուշագիրը կարգաւորում է կենսաբանական անվտանգութեան ապահովման ասպարէզում Հայաստանի եւ ՌԴի՝ երկու ինքնիշխան պետութեան  համագործակցութիւնը: Յուշագրով չի նախատեսւում որեւէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որեւէ այլ միակողմ վերահսկողութիւն իրականացնելու իրաւունքի երաշխաւորումը:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ ՀՀ վարչապետի 2018թ. Հոկտեմբերի 8ի N 1320 որոշմամբ ստեղծուել է ՀՀ կենսաանվտանգութեան եւ կենսաապահովման հարցերով աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱԽ ղեկավարութեամբ: Նշուած խմբի անդամ հանդիսացող գերատեսչութիւնները ներկայում մշակում են Կենսաանվտանգութեան եւ կենսաապահովման մասին ՀՀ օրէնքի նախագիծ, որի միջոցով կարգաւորուելու է նշուած ոլորտում գործող կազմակերպութիւնների, այդ թւում լաբորատորիաների գործունէութիւնը: Կը սահմանափակուի նաեւ նշուած հաստատութիւններ մուտքի իրաւունքը:

ԱՐՇԱԼՈՅՍ ՄՂԴԵՍԵԱՆ.- Քանի որ կողմերը հասել են համաձայնութեան կենսաբանական լաբորատորիաների շուրջ, նախատեսւում է յուշագրի ստորագրում: Կարելի՞ է հարցը փակուած համարել, իսկ մտահոգութիւնները՝ փարատուած:

ԱՐՄԷՆ ԵԴԻԳԱՐԵԱՆ.- Մենք լիայոյս ենք, որ մեր ռազմավարական գործընկերների մտահոգութիւնները կը փարատուեն: Մեր կողմից մենք իրականացրինք բոլոր անհրաժեշտ քայլերը այն ապահովելու ուղղութեամբ: Յաւելեմ, որ ինչպէս Ռուսաստանը կարող է հետաքրքրուել Հայաստանում իրականացուող միջազգային ծրագրերով, այնպէս էլ Հայաստանը՝ Ռուսաստանի եւ երրորդ երկրների միջեւ իրականացուող եւ մեզ համար հետաքրքրութիւն ներկայացնող համագործակցութեան հարցերով։

ԱԳՆ Միջազգային անվտանգութեան վարչութեան պետ Արմէն Եդիգարեանը

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «LOUSAVOR AVEDIS»

asbarez.com/arm/359074/ՍԻՎԻԼՆԵԹԻ-ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ-ԱԳՆ-ՄԻՋԱԶԳԱ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail