Ական Ադրբեջանի տակ. Փաշինյանի Արցախի ժողովուրդ եւ Ադրբեջանի ժողովուրդը լավ առաջարկ է թե ընդունման, թե մերժման դեպքում

Ական Ադրբեջանի տակ. Փաշինյանի Արցախի ժողովուրդ եւ Ադրբեջանի ժողովուրդը լավ առաջարկ է թե ընդունման, թե մերժման դեպքում

07.12.2019 | Մեկնաբանություն | Lragir.am:

ARARAD – armenagan-Zvartnots-Cathedral-Ruins-Armavir-Province-Armenia

Նիկոլ Փաշինյանի թեզը՝ որ Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, եւ որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի ժողովրդի հետ, քար լռության է մատնվել Ադրբեջանում:

Մոսկվայում սկզբում եւս դժգոհ էին բանաձեւից, բայց Երեւանում Լավրովը նոյեմբերին հայտարարեց, որ դժվար է չհամաձայնվել Նիկոլ Փաշինյանի թեզին, որ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Ճիշտ է, նա քիչ ինչ փոխեց ձեւակերպումը՝ ժողովրդից հետո ստորակետ դնելով ու կցելով «բնակչությունը», իսկ Բաքվում էլ խոսեց «համայնքների միջեւ երկխոսությունը վերականգնելու» մասին: Զգացվում է, որ խնդիրը Մոսկվայի համար դեռ լիովին չի ամբողջացել:

Հայաստանում, ինչպես գրեթե բոլոր քիչ թե շատ ոչ ստանդարտ իրավիճակներում, մեդիա-փորձագիտական ու քաղաքական շրջանակը սահմանափակվեց հիմնականում մակերեսային քննադատությամբ եւ պարզունակ կասկածներով: Վերլուծության գագաթը՝ իսկ ինչպես եւ որտեղ է Փաշինյանը բանակցելու ադրբեջանցի ժողովրդի հետ հարցադրումն էր: Ավելին, հնչեց անհաղթահարելին ու նվիրականը՝ իսկ ի՞նչ կասի Ալիեւը: Երեւում է, այսքան փոփոխություններից հետո, այդ թվում Կոնգրեսում Հայերի ցեղասպանության ճանաչումից հետո, շատերի համար դեռ շարունակում է ակտուալ մնալ Ալիեւի դիրքորոշումը:

Բայց դառնանք ժողովուրդների թեզին: Այս պարագային անմիջապես հարցեր են առաջանում «Ադրբեջանի ժողովուրդ» կամ համայնք հասկացության կապակցությամբ: Օրինակ, Ադրբեջանում բնակվող ռուսներն ադրբեջանցի՞ են: Իսկ օրթոդոքս հրեաները, թալիշները, լեզգիները, ծակուռիները, թաթերը, ռուսները ադրբեջանցի՞ են: Հայերը խնդիր ունեն հրեաների ու թալիշների հե՞տ: Ենթադրենք ունեն: Իսկ հայերն ադրբեջանցի չե՞ն, եթե «ադրբեջանցի ժողովրդի» տակ Բաքվի պնդումով ենթադրվում են Ադրբեջանի Հանրապետության բոլոր քաղաքացիները առանց էթնիկ խտրության:

Եթե հայերը Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիներ են, ապա դա արդեն բանակցային արդյունքի արձանագրում է, այլ ոչ բանակցություն: Արձանագրում նաեւ ՄԽ եռանախագահության կողմից: Ինչպես ասում են՝ բարի գալուստ հիմարանոց: Վարչապետ Փաշինյանի հարցադրումը ՄԽ-ին, թե ինչ են Մադրիդյան սկզբունքները, հրատապ է նաեւ բանակցային առարկայի գոյության, պարտադիր սկզբունքի առումով:

Իբրեւ ադրբեջանցիներ Բաքվի համար, լավագույն դեպքում, մնում են մահմեդականները: Թյուրքեր, իրանցիներ եւ պարսկախոս հրեաներ, կովկասցիներ: Ա՞յս՝ իսլամ կրոնին դավանելու բացառիկ հայտանիշով ժողովված հանրությանն են պատրաստվում «երկխոսության» կողմ հռչակել Մոսկվան ու Բաքուն: Արդյոք հայերը մահմեդականների հետ ինչ-որ հատուկ եւ լրացուցիչ երկխոսության պետք ունեն: Անշուշտ՝ ոչ:

Մեր երկխոսությունը ծայր է առել դեռ Փեյղամբարի (օ.Ա-ծ.ո) քարոզի օրոք, շարունակվել Խալիֆայության օրոք, պարսկական պետության կազմում եւ նորագույն շրջանին՝ հայերին օսմանյան վայրագությունից պատսպարած Արաբական Արեւելքում: Երկխոսության վերջին արգասիքը Երեւանում եւ Շուշիում կանգուն մզկիթներն են՝ մահմեդական զարդարվեստի ողջ հմայքով:

Միգուցե Մոսկվան ուզում է արդեն նոր, հայ-մահմեդական կարծեցյալ վեճի միջնորդել: Ենթադրում ենք, որ՝ ոչ: Լավրովը ամենեւին վեճի նոր տեսակ չէր առաջարկում: Ուստի խոսքը Կասպից-Արեւելյան շրջանի թյուրքերի մասին է ընդամենը: Հետեւաբար, այդպես էլ պիտի ասվի: Արդյոք պաշտոնական Բաքուն վառվում է Ապշերոնում «Ադրբեջանի» զարմանահրաշ հայտնաբերման, շիաների ու սուննիների, իրանցի ու կովկասցի փոքրամասնությունների խնդիրները արծարծելու ցանկությունից:

Պաշտոնական Բաքվի լռությունը Փաշինյանի բանաձեւի վերաբերյալ մասամբ հասկանալի է, քանի որ թեզը ենթադրում է Արցախի հայության սուբյեկտություն: Սակայն այդ սուբյեկտությունը եւ հայ զինուժի եւ ընտրյալ ադմինիստրացիայի տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքների անջատումը՝ 1994-ին ոչ միայն իրավական նորույթ, այլ փաստ դարձած սեցեսսը Փաշինյանի բանաձեւի մեջ հավասարակշռվում է «ադրբեջանի ժողովուրդ» հանրության ճանաչումով հայկական պետության կողմից:

Ընդ որում, առանց այդ եզրի հստակեցման, մանրամասնման եւ տրոհման: Այսինքն, Հայաստանի կողմից նոր խոչընդոտներ չեն ստեղծվում Կասպից Արեւմուտքի մահմեդական հանրության՝ «ադրբեջանցիների» անվան տակ կոնսոլիդացիայի համար: Մոսկվային նկատել տանք՝ ոչ «թուրքերի»: Փաշինյանի առաջարկը շռայլ առաջարկ է նաեւ Ռուսաստանին՝ ապշերոնյան զարմանահրաշ «Ադրբեջանի» հորն ու մորը միաժամանակ: Արցախը՝ Ադրբեջանի դիմաց: Սա է Երեւանի պայման-առաջարկը:

Մերձկասպյան «հանրապետությունում» ինքնության լուրջ խնդիր ու ավելին՝ վատ քողարկված ճգնաժամ կա, իսկ ինքնության որոնումները չեն դադարում: Որոնողները նախկին հայաստանցիների-նախիջեւանցիների եւ իրենց «շիրվանցի» ներկայացնող էլիտաներն են: Որոնման դիապազոնը «ամենաադրբեջանցի» ներկայացող կիսաքրդերը եւ թյուրքերենին գրեթե չտիրապետող ռուսացած կիսաթուրքերն են, եթե հիմնվենք էթնիկ ծագման վրա: Ազգանուններ չտանք, դրանք առաջին դեմքերն են:

Տակավին անորոշ «ադրբեջանական» ինքնության խնդիրն ական է հայերի հանդեպ լայնածավալ գենոցիդի փորձ ձեռնարկած պետական գոյացության տակ, ինչն անկասկած քաղաքական լուրջ գործընթացների պոտենցիալ է պարունակում: Ավելացնենք իսլամական՝ վերազգային գործոնը:

Թե որքան խոցելի է «ադրբեջանցի» ինքնությունը՝ կարող ենք տեսնել Բաքվում սուրացող մեքենայում հայկական երաժշտություն ունկնդրած եւ դրա համար ձերբակալված կասպիցարեւմտյան թուրքերի այս ժապավենից: Նրանք ստիպված են «ազարբայջանլի կարդաշների» հանդեպ սիրո հրապարակային երդումներ ուտել: Ընդգծենք, խոսքը նույնիսկ անմշակ հայկական մշակութային ազդեցության կողմից խոցելիության մասին է: Իսկ եթե ազդեցությունը մշակվի՞:

Հայտնի է ռազմական արտադրանքի արտադրության խելամիտ ծավալման բարերար ազդեցությունը որեւէ տնտեսության վրա: Նույնը, կարծում ենք, կարելի է ասել նաեւ մշակույթի պարագային: Նույն «ռաբիզը», էթնիկ ընդգծված երանգներով պոպ-երաժշտությունը, որ անմշակության հետեւանքով պատուհաս է դարձել հայ իրողության համար, մշակման դեպքում սուր զենք է դառնում՝ ուղղված դեպի դուրս: Քաղաքական խնդիրը լուծելու ընթացքում շահում է հայ մշակույթը, իր կորիզի հստակեցման շնորհիվ: Լուծվում է կարեւորագույն քաղաքակրթական ներքին խնդիր:

Հայաստանում երբեմն բարձրացվում է մերձկասպյան տարածության ժողովուրդների խնդիրը, սակայն լոկալ եւ ուտիլիտար, առավելապես պատերազմական շրջանի կարիքների մակարդակում: Մինչդեռ, սա լուրջ եւ համակարգված աշխատանքի ուղղություն է, երբ կարելի է հասնել բազմաթիվ խնդիրների լուծման:

Armenia’s Ancient Geographical Names – Babylonian World Map, British Museum, London

lragir.am/2019/12/07/500508/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail