ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Զատուլինի սենսացիոն խոստովանությունը. Ով է հրահրել Հայաստանի դեմ արշավը
08.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: ««Հասունացել է Հայոց ցեղասպանության համար հատուցման ժամանակը»»
ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկովսկի Կոմսոմոլեց պարբերականում հրապարակված հոդվածով անդրադարձել է Գարեգին Նժդեհի թեմային, դատապարտելով թե ռուսական Արմավիրում քաղաքային դումայի պատգամավոր Վինոգրադովի քայլը՝ Նժդեհի հուշատախտակի պղծումը, թե Երեւանում Գրիբոյեդովի արձանի ներկման փաստը:
Զատուլինը հոդվածում հայտարարում է, որ Նժդեհը հերոս է Առաջին աշխարհամարտի տարիներին ծավալած գործունեության ու Թուրքիայի դեմ պայքարի համար, եւ արդարացիորեն չի վստահել նաեւ բոլշեւիկներին, քանի որ նրանք պայմանավորվել էին Աթաթյուրքի հետ, եւ դրա հետեւանքով Թուրքիային է բաժին հասել Կարսը, Արդահանը եւ այլ տարածքներ:
Զատուլինը Նժդեհի դեմ արշավը համարում է Ադրբեջանի հրահրածը: Դա սենսացիոն հայտարարություն կարող է դիտվել, հաշվի առնելով այն, որ 2016 թվականին Նժդեհի դեմ արշավը սկսել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Նա է, որ կոշտ գնահատականի է արժանացրել Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի բացումը, գնահատելով դա իբրեւ տուրք ֆաշիստական խորհրդանիշին: Հետո, ի պատասխան Երեւանից ՀՀԿ հնչեցրած արդարացում-պարզաբանումների, հայտարարել է, թե չի փոխել իր կարծիքը:
Մարիա Զախարովան Ադրբեջանի՞ պատվերով է բացել Նժդեհի թեման ու սկսել արշավը, թեման այդպես էլ թողնելով բաց: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կառավարվում կամ պատվիրվում է Բաքվի՞ց:
Այն, որ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահը փորձեց օգտագործել Զախարովայից բաց մնացած թեման, ակնառու է: Ակնառու է նաեւ Բաքվի շարժառիթը: Դիվանագիտական-քաղաքական փակուղում խրված Ադրբեջանը նաեւ լավ պատկերացնում է, որ Հայաստանում փոփոխությունը նոր իրողությունների եւ պատասխանատվության առաջ է դրել Մոսկվային: Միաժամանակ, Բաքվում հիանալի են պատկերացնում, որ Մոսկվան մի կողմից հայտնվել է այդ փոփոխությամբ խորթ իրավիճակում, մյուս կողմից ունի այդ նոր իրավիճակի կենսական կարիքը՝ ադրբեջանա-թուրքական եղբայրական «գրկում» չճզմվելու համար:
Այդ պարագայում Բաքուն իհարկե փնտրում է հնարավորություն՝ Հայաստանի հանդեպ Ռուսաստանին «դիտողությունների» առիթ տալու համար, ինչը ռուսական քաղաքականության անխուսափելի տրանսֆորմացիան արգելակելու համար փաստարկ է լինելու այն ռուսական շրջանակների ձեռքին, որոնք այդ տրանսֆորմացիայի հետեւանքով կորցնելու են դիրք եւ փող, քաղաքականություն թելադրելու հնարավորություն:
Եվ այստեղ հույժ կարեւոր է դառնում Զատուլինի անդրադարձը Աթաթյուրքի հետ բոլշեւիկների պայմանավորվածությանը, որն այլ բան չէ, քան 1921 թվականի մոսկովյան ռուս-թուրքական պայմանագրի հիշատակում, որը կնքվել է հայկական արյան ու տարածքների հաշվին: Ընդ որում, խորքային հարցն այն է նաեւ, որ այդ պայմանագրով Ռուսաստանը ծառայության է անցել Թուրքիայի մոտ՝ հայկական սուբյեկտությունը չեզոքացնելու հարցում:
Իսկ շատ մոտ ապագայում Ռուսաստանն ու Թուրքիան առերեսվելու են պայմանագրի 100-ամյակին եւ դրա հետագա ճակատագրի հանդեպ որոշումների կայացմանը:
Ռուսաստանը դո՞ւրս է գալու Թուրքիայի մոտ ծառայությունից, թե՞ մնալու է եւս մի քանի տասնամյակ: Ամբողջ հարցը սակայն այն է, որ Ռուսաստանի պետական քաղաքականության տարբեր դիրքերում փաստորեն գործում են Թուրքիային ու Ադրբեջանին ծառայության պատրաստ ֆունկցիոներներ:
Ինչի է պատրաստ Զատուլինը, որը Մոսկովսկի Կոմսոմոլեցում հրապարակված հոդվածում փորձում է մի կողմից մաքրել Ռուսաստանին, մյուս կողմից հաճոյանալ Հայաստանին: Նա պատրա՞ստ է շատ ուղիղ խոսել ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի մասին եւ Ռուսաստանին կոչ անել հրաժարվել դրանից:
lragir.am/2019/12/08/500522/