ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ – Հայոց Լեզուն Եւ Քաղաքական Աղմուկը

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ – Հայոց Լեզուն Եւ Քաղաքական Աղմուկը

11 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ԳՐԱԿԱՆ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Կրթութեան եւ գիտութեան մասին օրէնքի նախագիծը առաջացրեց երեւի ամենաաղմկալից քննարկումները: Եթէ չլինէր այդ աղմուկը, ապա քննարկումներն անհրաժեշտ էին: Մանաւանդ հայոց լեզուի բուհական դասաւանդման խնդիրը: Արդէն երեսուն տարի է՝ մենք խնդիրներ ունենք հայոց լեզուի եւ գրականութեան դասաւանդման հարցում: Ովքեր առիթ են ունենում շփուելու մեր դպրոցների շրջանաւարտների հետ, չեն կարող չտեսնել, թէ ինչքան վատ են սովորեցնում հայոց լեզուն դպրոցում, եւ ինչքան վատ գիտեն հայ գրականութիւնը դպրոցների եւ տարբեր քոլեջների շրջանաւարտները: Կան, կան լաւ ուսուցիչներ, որոնք կարողանում են սէր առաջացնել հայոց լեզուի եւ գրականութեան նկատմամբ: Բայց ընդհանուր պատկերը տխուր է:

Անկախութեան վերականգնումից յետոյ շատ խիստ օրէնք ընդունուեց, որը հայոց լեզուի ուսուցումը բուհերում պարտադիր էր դարձնում: Դա, անշուշտ, քաղաքական որոշում էր՝ պայմանաւորուած ժամանակի թելադրանքով: Հիմա մտածում եմ, որ օրէնքն ընդունելիս ոչ ոք հայոց լեզուի դասաւանդման բարելաւման մասին չէր մտածում: Պարզապէս պէտք էր ամէն կերպ ցուցադրել, որ մենք անկախ ենք: Բայց հէնց 1990ականներից սկսած՝ հայոց լեզուի ուսուցման մակարդակն սկսեց ընկնել: Ես տասը տարի ղեկավարել եմ Երեւանի լաւագոյն բուհերից մէկի հայոց լեզուի եւ հայ գրականութեան ամբիոնը: Դասերի ժամանակ ամբիոնի դասախօսները ուղղագրութեան կանոններ էին սովորեցնում, շարահիւսութիւն եւ այլն, այսինքն՝ բաներ, որոնք դպրոցում արդէն պէտք է սովորած լինէին: Իմ դիտողութիւնները բախւում էին իրականութեանը՝ տասներկու տարի դպրոցում սովորած ուսանողները ամենապարզ տեքստերը գրում էին մեծաթիւ սխալներով: Գոնէ հիմա պէտք էր ինչ-որ բաներ ուղղել: Իհարկէ, դասախօսները ընդլայնում էին ուսուցման շրջանակները, ներառում կեանքին ու մշակոյթին վերաբերող ամենատարբեր թեմաներ: Բայց մէկ, նոյնիսկ երկու տարում հնարաւոր չէ սովորեցնել այն, ինչի համար դպրոցներին տրւում է տասներկու տարի: Օրէնքի նախագծի հեղինակները տեսականօրէն ճիշտ գաղափար են դրել նախագծի մէջ՝ դպրոցական ծրագրի համառօտուած կրկնութիւնը հայ ուսանողների համար հայկական բուհում անիմաստ է: Նրանք դպրոցում արդէն տասներկու տարի սովորել են հայերէն: Բայց նախ եւ առաջ պէտք էր ուսումնասիրել եւ հասկանալ, թէ ի՛նչ վիճակ է դպրոցներում հայոց լեզուի ուսումնասիրութեան բնագաւառում, ուղիներ մտածել դրա մակարդակը բարձրացնելու համար: Ի վերջոյ, ցանկացած դպրոցի հիմքը մայրենի լեզուի (եւ գրականութեան) ուսուցումն է, որովհետեւ առանց դրա կրթել երեխաներին հնարաւոր չէ: Երկրորդ՝ բուհում հայոց լեզուի ուսուցումը չպէտք է լինի դպրոցական դասընթացի համառօտ կրկնութիւնը: Դա իսկապէս անիմաստ է: Բայց եթէ բուհին առաջարկւում է հայոց լեզուի մի նոր մակարդակ, որն իսկապէս խորացնի մայրենի լեզուի իմացութիւնը, սովորեցնի գրաւոր եւ բանաւոր արտայայտուել հասարակական կեանքի, սոցիալական խնդիրների, մասնագիտութեան, մշակութային եւ այլ բազմազան հարցերի շուրջ, ապա այդպիսի առարկան երեւի տեղին կը լինի Հայաստանի բուհերի ծրագրում, իհարկէ, չմոռանալով, որը բուհը մասնագիտութիւն սովորեցնելու եւ ոչ թէ մարդու կուլտուրան բարձրացնելու համար է: Այս վերջինը պէտք է ուղեկցի մարդուն ամբողջ կեանքում, բոլոր պարագաներում: Բայց այդ բեռը չպէտք է դրուի բարձրագոյն կրթութեան վրայ:

Քննարկման (աւելի շուտ՝ աղմուկի) բովանդակութիւնը տհաճօրէն զարմացրեց հէնց սկզբից: Գիտենք, չէ՞, որ չկայ չարիք առանց բարիքի: Ինչքան էլ նախագիծը վատն էր (իսկ այն իսկապէս անյաջող է, ես դեռ այդ մասին կ՛ասեմ), լաւ առիթ էր խօսելու, քննարկելու կրթութեան, մասնաւորապէս՝ հումանիտար կրթութեան խնդիրները: Բայց բովանդակային քննարկման փոխարէն սկսուեց այս տհաճ աղմուկը: Ակնյայտ էր, որ աղմուկն սկսողները աւելի շատ մտածում էին քաղաքական հակառակորդներին մի հարուած եւս հասցնելու մասին: Ամէն ինչ խառնուեց իրար, եւ, իհարկէ, առաջին հերթին ասպարէզ բերուեց ազգային աւանդներին դաւաճանելու մեղադրանքը, որը մեզանում գործում է անվրէպ: Եւ, պէտք է ասեմ, նախարարութիւնը կրակի վրայ հսկայական քանակութամբ բենզին լցրեց՝ ինչ-որ անհասկանալի բացատրութիւններ տալով մարզիկ Դալուզեանի մասին ֆիլմը եւ ֆուտուրիզմին նուիրուած հրապարակային ներկայացումը ֆինանսաւորելուն, դրան միացաւ եւ ստամբուլեան կոնվենցիայի խնդիրը, եւ հայոց լեզուի ուսուցումը, ըստ էութեան, դարձաւ երկրորդական հարց:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Մինչեւ առաջ անցնելը կ՛ուզենայի հարց տալ նախարարութեան աշխատողներին՝ իսկապէս, ինչո՞ւ պետութիւնը պէտք է ֆինանսաւորեր Դալուզեանի մասին ֆիլմը կամ ֆուտուրիստական պերֆորմանսը (ապագայապաշտ հանդէսը-Խմբ.): Դրանք պէտք չէր արգելել, նոյնիսկ ֆուտուրիստական ներկայացումը կարելի էր խրախուսել (մէկ անգամ եւս յիշէինք մոռացուած ֆուտուրիստական տողերը): Բայց միթէ՞ մեր մշակոյթի օրակարգում չկան աւելի հրատապ առաջարկութիւններ, որոնք պետական հովանաւորութեան կարիք են զգում: Նախարարութեան աշխատողները միթէ՞ չեն տեսնում, որ ոչ ֆուտուրիզմը, ո՛չ տրանսգենդերի (սեռափոխուածի-Խմբ.) ճակատագիրը մեր այսօրուայ իրականութեան մէջ չեն կարող առաջնակարգ թեմաներ լինել: Դրանք, ինչպէս հիմա ընդունուած է ասել, արհեստական օրակարգ են մեր երկրի համար: Եւրոպացիները գուցէ արդէն լուծել են մնացած բոլոր խնդիրները եւ առաջնահերթ են դարձրել ազատութեան, երբեմն տարօրինակ ըմբռնումները, բայց մենք շատ աւելի ծանր խնդիրներ ունենք լուծելու, եւ նոր ուժերը, որոնք օրինաչափօրէն եկան իշխանութեան, առաջին հերթին ա՛յդ խնդիրները պէտք է լուծեն: Բայց, ինչպէս տեսնում ենք, նոր ուժերն էլ են վրիպումներ թոյլ տալիս:

Հիմա վերադառնանք լեզուի խնդրին: Ես չեմ յիշում, ԿԳՄՍ նախարարութիւնը խորհրդակցե՞լ է ուսուցիչների, դասախօսների, լեզուաբանների, գրողների հետ, քննարկուե՞լ են լեզուի դասաւանդման եւ ընդհանրապէս հայոց լեզուի զարգացման խնդիրները: Լաւ է, դեռ հանրային քննարկումներ նախատեսւում են: Բայց դրանից առաջ պէտք էր լսել մասնագէտների կարծիքները, յետոյ միայն նախագիծ մշակել եւ ներկայացնել հանրային քննարկման: Չէ՞ որ այսօր մեր լեզուի հետ կապուած բազմաթիւ խնդիրներ կան, եւ վատ է, որ մենք կենտրոնանում ենք միայն բուհերում լեզուի ուսուցման վրայ: Դուք առիթ չէ՞ք ունեցել մտածելու, թէ այս ինչ համաճարակ է տարածուել քաղաքական գործիչների եւ բարձրաստիճան պաշտօնեաների խօսքում՝ է՛լ «ֆիքսել ու ֆիքսուել» (հաստատագրել-Խմբ.), է՛լ «մանիպուլացնել ու մանիպուլացուել» (շահագործում-Խմբ.) եւ այլն, եւ այլն: Էլ չեմ խօսում օժանդակ բայի տարօրինակ օգտագործման մասին՝ էի փոխարէն՝ ա (գրում ա), դարձեալ պաշտօնեաների եւ պատգամաւորների կողմից, եւ այլն: Ես լեզուական մաքրամոլ չեմ, եւ ամէն ինչ թարգմանելու ձգտումը նոյնքան վնասակար է լեզուի համար, ինչքան օտար բառերի, ժարգոնային ձեւերի անհարկի օգտագործումը: Ես խօսում եմ ընդամէնը սեփական լեզուի հանդէպ տարրական յարգանքի բացակայութեան մասին: Այո՛, լեզուն ինքը գտնում է իր զարգացման ուղիները, դրա համար պէտք չէ բռնանալ նրա վրայ զանազան «մերսի» շատ եւ այլ անիմաստ փոխառութիւններով: Մենք ընդամէնը պէտք է փորձենք յարգանք դաստիարակել մեր լեզուի հանդէպ: Այստեղ շատ բան կախուած է հեռուստատեսութիւնից: Բոլորը կարծես հասկանում են, որ մեր ժամանակներում լեզուի զարգացման վրայ այն մեծ ազդեցութիւն է գործում: Բայց առայժմ այդ ազդեցութիւնը աւելի շատ բացասական է:

Այս թռուցիկ դիտողութիւնները, անշուշտ, չեն ընդգրկում այն մեծ խնդիրները, որ կապուած են հայոց լեզուի զարգացման հետ: ԿԳՄՍ նախարարութիւնը եւ համապատասխան գիտական կառոյցները պէտք մտահոգուեն սրանով եւ ոչ թէ ձգտեն յեղափոխական փառք վաստակել մինչեւ վերջ չմտածուած փոփոխութիւններով: Ընդդիմութիւնը միայն վատ դեր է կատարում՝ մակերեսային հայրենասիութեան քարոզով, սորոսներով, սատանիզմով եւ այլեւայլ պիտակներով ուշադրութիւնը շեղելով իրական խնդիրներից: Փոխանակ լրջօրէն քննարկելու լեզուի ուսուցման, ընդհանրապէս հումանիտար եւ հայագիտական կրթութեան հարցերը, նրանք հերթական մահակն են փնտռում՝ հարուածելու իշխանութիւններին, եւ հնարաւորինս ուժեղ ու ցաւագին հարուածելու: Նրանք գրեթէ երեք տասնամեակ իշխանութիւն են եղել եւ երբեք չեն մտահոգուել հայոց լեզուով ու հայկական դպրոցով: Սահմանադրութեան մէջ հայոց լեզուի ուսուցումը յայտարարելով պարտադիր՝ ոչ մի իրական քայլ չարեցին գոնէ մինչ այդ նուաճուած մակարդակը պահելու: Քանի՞ ժամ կրճատուեց այդ տարիներին հայոց լեզուին եւ հայ գրականութեանը յատկացուած ժամերից: Իսկ հիմա երկինք-գետին խառնել են իրար, թէ հայ-հարայ, հայոց լեզուն հանում են բուհերից: Իշխանութիւններն էլ, առանց մինչեւ վերջ հասկանալու իրողութիւնները, հասկանալու այն ժողովրդի հոգեբանութիւնը, որի անունից իրենք խօսում են, պատրաստակամօրէն իրենց թիկունքը դէմ են անում ընդդիմութեան հարուածներին:

Իբրեւ աւարտ՝ ասենք, որ օրէնքի՝ այսօր մատչելի նախագիծը մինչեւ վերջ մտածուած ու մասնագէտների հետ քննարկուած չէ:

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ՝ Գրականագէտ, թարգմանիչ, բանասիրական գիտութիւնների դոկտոր

«Գրական Թերթ»

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

asbarez.com/arm/359325/Հայոց-Լեզուն-Եւ-Քաղաքական-Աղմուկը/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail