Թուրքիան սպառնացել է փակել ՆԱՏՕ-ի ռազմաբազան
11 Դեկտեմբեր 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ սենատորների կողմից պատրաստված նախագիծը, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։
Ի պատասխան ամերիկյան այդ քայլին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ դեպքում Անկարան էլ կարող է փակել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազան։
Նշենք, որ «Ինջիրլիք» ռազմաբազան գործում է 1955 թվականի փետրվարի 15-ից։ Ռազմաբազայի օգտագործման իրավական խնդիրները կարգավորվում են 1980 թվականի մարտի 29-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները պայմանավորված են S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կայացած գործարքով։
Աղբյուր` Haberler
ermenihaber.am/am/news/2019/12/11/Թուրքիա-Ինջիրլիք-Չավուշօղլու/171605