Լիբիացի գեներալ. «Կոչնչացնենք թուրքական նավերը, եթե մոտենան մեր ափերին»
11 Դեկտեմբեր 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ:
Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը հայտնել է, որ ունի հրաման ոչնչացնելու այն թուրքական նավերը, որոնք կմոտենան Լիբիայի ափերին։
«Կոչնչացնենք թուրքական նավերը, եթե մոտենան մեր ափերին»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։
Ավելի վաղ Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի մասը, նոյեմբերի վերջին ստորագրել էին ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր:
Հունաստանը, Եգիպտոսը և Լիբիայի արևելքում նախագահող Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) թուրք-լիբիական հուշագրերն անվանել են անօրինական և անվավեր: Աթենքում Լիբիայի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ, նրան տրվել է 3 օր Հունաստանը լքելու համար:
Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնման և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։
Փաստացի Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների կողքով:
Հիշեցնենք, որ Լիբիայում 2011թ. երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո հաստատվել է երկիշխանություն: Երկրի մի մասը վերահսկում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը, մյուսը՝ Հաֆթարի բանակը։
Աղբյուր` Salamnews
ermenihaber.am/am/news/2019/12/11/Թուրքիա-Լիբիա/171579