Թուրքիան կպահի՞ միջուկային զենքը. Հայաստանի նոր հարեւանը

Թուրքիան կպահի՞ միջուկային զենքը. Հայաստանի նոր հարեւանը

13.12.2019 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ԱՄՆ Սենատի արտաքին հարցրով հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառում Սիրիա ռազմական ներխուժման եւ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար:

Թուրքիան, ի պատասխան Վաշինգտոնի պատժամիջոցների, կարող է բարձրացնել Ինջիրլիքի ավիաբազայի փակման հարցը, որը շահագործում է ԱՄՆ ռազմաօդային ուժերը: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Նրա խոսքով, Ինջիրլիքից բացի Թուրքիան ցանկանում է բարձրացնել նաեւ Քյուրեջիքի բազայի հարցը, որն օգտագործվում է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգում:

Ինջիրլիք ավիաբազան կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Սառը պատերազմի տարիներին այն օգտագործվել է Խորհրդային Միության տարածքում հետախուզական թռիչքների համար: Այնտեղ նաեւ միջուկային զենք է տեղակայվել: Վաշինգտոնը պատրաստվում է արագացնել նաեւ միջուկային զենքի դուրսբերումը, հայտնում են Նյու Յորք Թայմսի աղբյուրները: Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, դա շատ բարդ գործընթաց է, եւ Անկարան ամեն կերպ խոչընդոտում է դրան:

Էրդողանը կտրուկ կոշտացնում է տարածաշրջանային քաղաքականությունը: Մասնավորապես, նա ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում Կիպրոսի ափերին եւ հարաբերություններ է հաստատում Լիբիայի կասկածելի իշխանությունների հետ՝ փորձելով Միջերկրական ծովում նոր սահման գծել: Այս ամենը վրդովեցնում է ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը:

Թուրքիան պատրաստվում է կայսրության փլուզման հերթական փուլի՞ն: Էրդողանը սպասու՞մ է, որ ԱՄՆ-ն կվերադառնա Մերձավոր Արեւելքի բաժանման 100 տարի առաջվա պլաններին, որը Վաշինգտոնն այն ժամանակ չկարողացավ իրագործել: Թե՞ Էրդողանը լրիվ այլ մտահոգություններ ունի եւ ցանկանում է միջուկային տերությունների «ակումբի» անդամ դառնալ:

Եթե Անկարան իսկապես արգելի ԱՄՆ-ին օգտագործել Ինջիրլիքը, ծագում է միջուկային զենքի հարցը, որն այնտեղ է գտնվում: ԱՄՆ-ն կարո՞ղ է այդ զենքը դուրս բերել Թուրքիայից: Թե՞ Էրդողանն այդ զենքը «պատանդ» կվերցնի՝ սպառնալով հարեւան երկրներին:

Վերջերս Էրդողանը բողոքում էր, որ Թուրքիային թույլ չեն տվել միջուկային զենք ունենալ, եւ դա անարդար է: Հնարավոր է, նա հատուկ է կոնֆլիկտ սադրում ԱՄՆ հետ, որ ձեռք գցի Ինջիրլիքի բազայում գտնվող միջուկային զենքը:

Թուրքիան միշտ լավ է կողմնորոշվել կրիտիկական իրավիճակներում, իսկ Էրդողանը ճգնաժամային լուծումների վարպետ է: Չի բացառվում, որ այս բոլոր գործընթացների արդյունքներով Հայաստանի սահմանին հայտնվի միջուկային զենք ունեցող ագրեսիվ պետություն:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/13/502004/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail