ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայ-ամերիկյան ճեղքման վերջին ակորդը. նոր իրավիճակ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայ-ամերիկյան ճեղքման վերջին ակորդը. նոր իրավիճակ

15.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունն ամենից շատ պետք է կառավարող ուժին՝ արցախյան հարցում բարդ բանակցային մարտահրավերին դիմակայելու համար: Արցախի խնդրի ներքաղաքական խաղարկումը ոչ միայն նախկին իշխանության հետհեղափոխական վարքին, այլ ընդհանրապես Հայաստանում թե այսպես ասած ընդդիմությունների, թե իշխանությունների վարքագծին բնորոշ երեւույթ է:

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը Վերածննդի հրապարակի իր ելույթում առաջարկեց դադարեցնել այդ երեւույթը եւ վերջ տալ «հող հանձնելու» փոխադարձ մեղադրանքներին: Առաջարկը կարծես թե չի ընդունվել, դատելով դրանից հետո շարունակվող մեղադրանքներից ու ընդդիմախոսությունից, որ նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր ուղղում են Փաշինյանին, հիմնականում նենգափոխված «փաստարկների» հիման վրա:

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր իշխանությունը լուծել է անցումային փուլի բարդ մարտահրավերները, այդ թվում առանցքայինը՝ Արցախի հարցում հայկական շահին ու անվտանգությանը համարժեք դիրքավորում ապահովելը: Դրա մասին են վկայում նաեւ արտաքին քաղաքական զարգացումներն ու ներքին զարգացումերն Ադրբեջանում:

Միաժամանակ կասկածից վեր է, որ Հայաստանում ներքին իրավիճակի կայունությունն ու կառավարման արդյունավետությունն էական նշանակություն են ունենալու Փաշինյանի համար՝ հեղափոխությունից հետո առավելապես հանրային մեծ լեգիտիմության շնորհիվ ապահոված կարեւոր դիրքերն ու նշաձողերը պահելու համար, թույլ չտալու, որ անիվն այդ հարցում գլորվի հետ:

Եթե խոսք կա արտահերթ ընտրության մասին, ապա այդ հարցը պետք է դիտարկել թերեւս գերազանցապես այդ համատեքստում՝ պե՞տք է ներքին կառավարման արդյունավետության համար այդ մարտավարական քայլը Փաշինյանին, թե պետք չէ, եւ հնարավո՞ր է արդյունավետությունն ապահովել առանց դրա:

Փաշինյանը բարդ խնդիրներ ունի լուծելու, ինչպես օրինակ Ամուլսարի հարցը, որը ոչ միայն բնապահպանական եւ տնտեսական, այլ նաեւ ԱՄՆ հետ հարաբերության խորքային եւ բազմաշերտ քաղաքական հարց է: Իսկ Արցախի հարցում հայկական շահեկան դիրքերի եւ նշաձողերի արձանագրումը հաջողվել է առավելապես Վաշինգտոնի աջակցությունն ունենալու պայմաններում:

Օրեր առաջ Փարիզում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ հետ հարաբերությունում մոտ են կարեւոր ճեղքման: Չի մանրամասնվել, թե ինչ է նկատի առնվում այդ հայտարարության բովանդակության ներքո, սակայն հատկանշական է, որ դրան հաջորդեց Սենատում երկու անգամ արգելափակված հայկական բանաձեւի ընդունումը: Խոսել այն մասին, թե դա ընդամենը Վաշինգտոնի գործիքն է Թուրքիայի դեմ, եւ Անկարան պատժվում է ինչ որ բանի համար, նշանակում է էապես նեղացնել հայկական հարցի աշխարհքաղաքական եւ քաղաքակրթական նշանակությունը միջազգային քաղաքականության եւ հարաբերությունների համատեքստում:

ԱՄՆ-ն հայկական հարցում ձեւավորել է նոր ստատուս-քվո, որը գործնականում արցախյան հայկական ստատուս-քվոյի հենակետ է: Վաշինգտոնյան այդ հենակետի ձեւավորումը հնարավոր է դարձել Հայաստանում հենման բազայի հարցում վստահության պայմաններում:

Արտաքին այդ նոր իրողությունները, որոնք ձեւավորել են ռազմավարական հեռանկարների վրա աշխատելու լավ նախադրյալ ու բազա, ինչի մասին օրեր առաջ հայտարարում էր վարչապետը ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի քննարկմանը, նրան թու՞յլ են տալիս ներքին քաղաքական իրավիճակի բազային բալանսավորման կարեւոր խնդիրը լուծելու ուղղությամբ կատարել քայլ դեպի արտահերթ ընտրություն, թե՞ հակառակը՝ ազատում են նրան որեւէ կերպ այդպիսի ընտրության անխուսափելիության ռիսկից:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/15/502409/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail