
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Պեկինը շեշտեց հայկական հարցը. Երեւանը պատրա՞ստ է
14.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ստորագրել Չինաստանից 500 միլիոն դոլարի վարկ ստանալու համաձայնագիրը: Այդ վարկը Մինսկին անհրաժեշտ է Մոսկվայից վերցրած փողը վերադարձնելու համար: Ներկայիս քաղաքական ժամանակահատվածում Լուկաշենկոյի քայլն ունի առանձնահատուկ համատեքստ, հաշվի առնելով, որ քննարկվում է Բելառուս-Ռուսաստան ինտեգրացիայի տարբերակը Պուտինի Պուտինի 2024 թվականի խնդրի համատեքստում :
Չինաստանի կես միլիարդը կարող է լինել գոնե այս փուլում Բելառուսի ինքնիշխանության գինը, թեեւ որոշակիորեն պայմանական, որովհետեւ կարող է ստացվել, որ Բելառուսի «ինքնիշխանությունը» Ռուսաստանից գնում է Չինաստանը:
Սա իհարկե պայմանական: Այդուհանդերձ երեւույթը հատկանշական է, առավել եւս, եթե 500 միլիոն վարկի դիմաց Պեկինը նաեւ ստանա Բելառուսում ավելի աշխույժ գործունեության հնարավորություն, ինչպես կանխատեսում են փորձագետները:
Կստացվի, որ Չինաստանը գործնականում կարող է հաստատվել Ռուսաստանի ու Եվրոպայի միջեւ, Ուկրաինայի հարեւանությամբ, ուկրաինական խնդրի առկայությամբ հանդերձ, որն ըստ երեւույթին դեռ երկար ժամանակ կշարունակի լինել առանցքային աշխարհքաղաքական կետերից մեկը:
Այդ, ինչպես նաեւ համաշխարհային քաղաքականության շրջապտույտում հայկական հարցի էապես նոր մակարդակում հայտնվելու պայմաններում, ինչը դրսեւորվեց թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ Կոնգրեսում, հարկ է նկատել, որ Պեկինը Հայաստանն էլ անկասկած դիտարկում է կարեւոր աշխարհքաղաքական հենակետ: Դրա վկայությունն է օրինակ Երեւանում կառուցվող դեսպանատան մասշտաբը՝ Չինաստանը կառուցում է Եվրասիայի տարածաշրջանում մեծությամբ երկրորդը, որը զիջում է միայն Մոսկվայում չինական դեսպանատանը:
Մեկ այլ ակնառու օրինակ էր նաեւ տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի Պեկին այցը, որի ընթացքում այդ երկրի նախագահ Ծինպինը հայտարարեց հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի կրկնություն թույլ չտալու հարցում աջակցության պատրաստակամությունը:
Այլ կերպ ասած, Չինաստանը գործնականում առաջին անգամ նկատելի հնչեղությամբ անդրադարձ էր կատարում հայկական հարցին: Դատելով Միացյալ Նահանգներում այդ գործոնի դերի էական բարձրացման հանգամանքը, պետք է ենթադրել, որ Չինաստանը պատրաստ կլինի Հայաստանի ուղղությամբ քաղաքականության էական աշխուժացման եւ առարկայացման: Պատրա՞ստ է դրան Երեւանը:

lragir.am/2019/12/14/502345/





