ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Վարչապետի հայտարարությունը. բանակը պետք է անցնի գործի

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Վարչապետի հայտարարությունը. բանակը պետք է անցնի գործի

21.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Մովսէս Նաճարեան Մեծ Մասիս

Մասնակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ստեղծման 25-ամյակի միջոցառմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարել է, որ հայկական բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը:

Հայկական բանակը չունի այդպիսին լինելու այլընտրանք, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, տեխնոլոգիական հեղափոխության անընդհատ ու հարաճուն ժամանակաշրջան ապրող աշխարհում որեւէ միավոր, այդ թվում բանակը, չունի մրցունակության ու կենսունակության հեռանկար, եթե չունի անընդհատ կատարելագործվող ինտելեկտ:

Միաժամանակ, հայկական բանակի ինտելեկտուալության հարցը ոչ միայն մրցունակության էքզիստենցիալ խնդրի, այլ նաեւ անմիջական ռազմա-քաղաքական սպառնալիքների հակազդման անհրաժեշտություն է: Բանն այն է, որ Հայաստանի անվտանգային մարտահրավերները՝ թե մարտավարական, թե ռազմավարական, իրենց ծավալներով, մասշտաբով գերազանցում են հայկական ռեսուրսային պաշարները: Որքան էլ Հայաստանը հաջողությամբ լուծի օրինակ դեմորգաֆիական, նյութա-տեխնիկական քանակային այլ խնդիրներ, միեւնույն է, մարտահրավերները այդ տեսանկյունից օբյեկտիվորեն գերազանցելու են մեր կարողությունները: Այդ խնդիրը հնարավոր է լուծել առաջին հերթին ինտելեկտուալ առավելության շնորհիվ:

Դրան զուգահեռ, հայկական բանակի ինտելեկտը իհարկե պետք է ունենա նաեւ այսպես ասած պետական, անգամ քաղաքացիական կյանքում «լիկվիդայնության» հատկանիշներ կամ բաղադրիչներ: Խոսքն այն մասին է, որ հայկական հանրությունն ինքն ընդհանուր առմամբ ունի ինտելեկտուալացման անհրաժեշտություն: Բանակն այստեղ կարող է լինել առաջնորդող, ուղենշային գործոններից մեկը, ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Հայաստանը պատերազմող պետություն է, որտեղ բանակն ունի առանձնաատուկ դեր ոչ միայն զուտ ռազմական ոլորտային տեսանկյունից:

Որովհետեւ, նաեւ, ի վերջո, բանակը չի կարող լինել Հայաստանում ինտելեկտուալ «կղզյակ», եւ ընդհանրապես՝ Հայաստանի ինտելեկտուալ առավելության կապիտալիզացիան չի կարող ենթադրել «ինտելեկտուալ կղզյակների» մոդել, այլ պետք է հենվի հենց հանրային կյանքի ինտելեկտուալացման լայն սխեմայի վրա: Այստեղ առաջնային շահառուներից մեկն է բանակը, քանի որ այն պետք է իր ռազմակավարական խնդիրները սպասարկելու առումով հենվի այդ լայն ինտելեկտուալ պլատֆորմի վրա: Ըստ այդմ, բանակը կարող է պատասխանատվություն ստանձնել ոչ միայն իր ինտելեկտի, այլ նաեւ հանրային ինտելեկտի ձեւավորման առումով:

Դա նաեւ նշանակում է Հայաստանում արժեհամակարգային հեղափոխության խնդրի սպասարկում, որտեղ բանակը նաեւ իր ոլորտային որոշակի առանձնահատկությունների բերումով կարող է դառնալ վարքագծային կոդեքսի մոդելավորման հենակետ:

Դա չափազանց բարդ խնդիր է, որովհետեւ հանրությունից ստանալով, «ներբեռնելով» խնդիրները, բանակը պետք է լուծի ոչ միայն դրանց այսպես ասած խտացված գեներացիայի օբյեկտ չդառնալու, այլեւ այդ խնդիրները մաղելու եւ հանրությանը արդեն գործնականում արժեհամակարգային հեղափոխության ենթարկած վերադարձնելու հարց:

Իսկ այստեղ արդեն վարչապետի բարձրացրած կարեւորագույն խնդիրը պահանջում է ընդհանրապես ինտելեկտուալ պետական կառավարման, ինտելեկտուալ քաղաքականության «զորակցություն»: Ի վերջո, բանակն ամենաինտելեկտուալներից մեկը լինելու համար պետությունն էլ, քաղաքականությունն ու քաղաքական իշխանությունն էլ պետք է դառնա ամենաինտելեկտուալներից մեկը աշխարհում:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «LOUSAVOR AVEDIS»

lragir.am/2019/12/21/504135/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail